Mail.ru Group-ը զգուշանում է, որ նշանավոր «Վկոնտակտե» եւ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցաները կարող են փակվել: Ալիշեր Ուսմանովի կազմակերպությունը զգուշացրել է իր ներդրողներին, որ սոցիալական կայքերը փակման վտանգի առաջ են հայտնվել` սեւ ցուցակների մասին իշխանության կողմից ընդունած օրենքի պատճառով:
«Սեւ ցուցակների մասին օրենքի սխալ կիրառությունը կարող է հանգեցնել Mail.ru Group-ի մեկ կամ մի քանի ռեսուրսների արգելափակմանը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ընկերության եկամուտների եւ շահութաբերության վրա»,- Mail.ru Group-ի հայտարարությունը մեջբերում է «Իզվեստիան»:
Սեպտեմբերի սկզբին Mail.ru Group-ը հրապարակել է կես տարվա հաշվետվությունը: Բոլոր ցուցանիշներով ընկերությունը լավ աճ է գրանցել: 2012 թ.-ի հունվարից մինչեւ հունիս խմբի միասնական եկամուտը ավելացել է 9,7 մլն. ռուբլով, ինչը 49 տոկոսով ավել է 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Ինչպես գրում է Top News-ը, «Սեւ ցուցակների» մասին ռուսական նոր օրինագիծը հանրային մեծ արձագանք է առաջացրել: Նրա կիրառության դեմ հանդես են եկել մի շարք ինտերնետ ընկերություններ, քանի որ, նրանց կարծիքով, տվյալ օրենքը իշխանություններին թույլ է տալիս փակել ցանկացած ցանցային ռեսուրս` մանկապղծության դեմ պայքարի պատճառաբանությամբ:
Փաստաթուղթը նախատեսում է ստեղծել այն կայքերի, էջերի եւ տեղեկտավությամբ ցանցային հասցեների «սեւ ցուցակը», որոնք վտանգ են ներկայացնում երեխաների համար: Առաջին հերթին խոսքը վերաբերում է մանկական պոռնոգրաֆիային, ինքնասպանություն եւ թմրանյութ պատրաստելու հրահանգներին: Այս դեպքում հնարավոր է կայքերի մինչդատական արգելափակումը: