Դպրոցական կյանքն անգնահատելի հարստություն է, որը տարիների հետ ավելի թանկ ու քաղցր է դառնում: Դպրոցական տասներկու տարիներն ամփոփվում են վերջին զանգի արարողությամբ: Այդ օրը յուրատեսակ, աննկարագրելի զգացողություններ են խառնվում դպրոցականի հոգում ու ժպիտը թախիծի հետ` շնորհակալության, հրաժեշտի խոսքեր է ձոնում ուսուցիչներին: Հենց այդ օրն են պատանիները հասկանում, որ իրենց առջև նոր, ավելի պատասխանատու շրջան է բացվում, որից մեծապես կախված է նրանց ապագան: Դպրոցին ու դասընկերներին հրաժեշտ տալը հեշտ չէ: Ինչպես համակերպվել, ինչ անել, որ բաժանումը ծանր չլինի:Ամեն սկիզբ իր ավարտն ունի, բայց ամեն ավարտ մի նոր սկիզբ է, ուստի դպրոցական կյանքն այնպես ավարտեք, որ այն մատնանշի ձեր նոր, լավ ապագայի ու կյանքի ճանապարհի սկիզբը: Պետք է հարմարվել դպրոցից հեռանալուն, դժվար է իհարկե, քանի որ երկրորդ տուն է, որտեղ 12 տարի սովորում ես, ապրում: Գալիս է ժամանակն ու պետք է հեռանաս…Իմ և դասընկերներիս փորձից ասում եմ, որ պետք չէ դպրոցն ավարտելը ողբերգություն սարքել, հուզվել, լաց լինել և նման բաներ: Ավելի լավ է ավարտական քննությունների համար լացել չնայած դա էլ հարկավոր չէ: Մի քանի ամիս հետո միևնույնն է, ծիծաղելու եք լաց լինելու համար: Ինչպես էլ անցնի այդ օրը, միևնույնն է` այն միշտ հիշվելու է: Պետք է համակերպվել բաժանումներին, չէ որ պատահաբար ենք պատահում կյանքում, անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս… Իրական դժվարությունները դպրոցից դուրս են սկսվում, դասընկերներին հանդիպելն էլ դառնում է ավելի հազվադեպ ու անցնում երկրորդ պլան: Ձգտեք կայացման ու փառքի: Շա~տ ժպտացեք: Դուք օրվա հերոսներն եք, վայելեք ձեր տոնն ու հավատով լցվեք գալիքի հանդեպ: Ամուր պահեք դպրոցական հիշողություններն ու կապն ընկերների հետ: Ի դեպ չմոռանաք նաև լավ պատրաստվել ավարտական քննություններին, դրանք այն փոքրիկ դժվարություններն են, որոնք կյանքի մյուս փուլերում ժպիտով եք հիշելու: