Վարդան Բադալյանն աշնանը պատրաստվում է ներկայացնել ժողովրդական ու գուսանական երգերով նոր ձայնասկավառակ: Երգիչը դեռ նախորդ տարվանից Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի հետ աշխատում է նոր CD-ի ստեղծման վրա:"Բացի ժողովրդական գործերից, ալբոմում ընդգրկվելու են գուսան Շահենի, Շերամի երգերից, նաեւ Խաչատուր Ավետիսյանի, Սասուն Պասկեւիչյանի հեղինակային ստեղծագործություններից: Դրանցից մեկի հիման վրա տեսահոլովակ կնկարահանենք, բայց դեռ չեմ կողմնորոշվում` որ երգն ընտրել”,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Վարդան Բադալյանը:Երգիչն ամռան ընթացքում հաճախ է լինում իր հայրենի Արցախում, բայց ինչպես նշել է` ոչ թե հանգստանալու, այլ մասնակցելու համերգների ու միջոցառումների: Բացի տեղական համերգներից, հրավերների դեպքում նա մասնակցում է արտերկրում Սփյուռքի հայերի համար կազմակերպվող միջոցառումներին:
"
Գարնանը Ռուսաստանի տասից ավելի քաղաքում երգիչներով շրջագայել ենք, պատրաստվում ենք հոկտեմբերի վերջին նորից համերգներով մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Այնտեղ մեծ պահանջարկ կա, չնայած այստեղ էլ կա, բայց լավ համերգներ կազմակերպող չկա: Պրոդյուսերների խնդիրն է, որ ուզում են քիչ ծախսելով շատ փող աշխատել, բայց պետք է ներդնես, ծախսես, որ հետո աշխատես”,-նշել է Վարդան Բադալյանը:Երգիչն իր ազատ, ոչ աշխատանքային ժամերը տրամադրում է 4 ամսական որդուն` Առնոյին. "Երեխային մեկ ամսով տարել էինք Արցախ: Այդքան գործի հետ երեխային ենք պահում, դա էլ կարեւոր աշխատանք է: Եթե անկեղծ ասեմ, հաճախ չեմ կարողանում տանել զբոսնելու, քանի որ երեկոյան աշխատում եմ Երեւանի ակումբ-ռեստորաններից մեկում: Մեծ մասամբ կինս է զբաղվում երեխայով, ես ավելի շատ տղայիս հետ տանն եմ անցկացնում”: