Ջրանցքներ և տաճարներ, պալատներ և այգիներ, մշակույթ և պատմություն ու իհարկե` անմոռանալի սպիտակ գիշերներ... Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի ամենաշքեղ և ամենայուրահատուկ քաղաքն է:

Երբ գնալ և որտեղ մնալ

Հնարավորության դեպքում գնա հուլիս ամսին, երբ սպիտակ գիշերների տևողությունն ամենաերկարն է: Բացի այն, որ կարող ես ամբողջ գիշեր թափառել լուսավոր փողոցներում, տեսնել կամուրջների բացվելն ու Նևա գետի նավարկելի դառնալը, նաև քաղաքի «Սպիտակ գիշերներ» փառատոնի շրջանակներում հնարավորություն կունենաս մասնակցելու գիշերային ժամերին տեղի ունեցող բազմաթիվ թատերական-երաժշտական-ժամանցային միջոցառումներին: Խորհուրդ ենք տալիս ընտրել Մոյկա գետի ափին գտնվող Մոյկա 22 (Мойка 22) հյուրանոցը, որը պատկանում է հանրահայտ Կեմպինսկի խմբին։ Այն կահավորված է շքեղ դասական ոճով, ունի հատուկ ծառայություններ երեխաների հետ ճամփորդողների համար, ինչպես նաև հնարավորություն է տալիս այցելուներին անհատականացնել իրենց սենյակները՝ հոտավետ մոմերի, օծանելիքի և լոգարանային պարագաների միջոցով:

Ուր գնալ

Ընտրությունն անսահմանափակ է՝ համաշխարհային նշանակության մշակութային կենտրոններից, հոյակերտ պալատներից, դասական ռուսական բալետից մինչև ամենանորաոճ ակումբներ... և այս ամենը` արևածագից մինչև հաջորդ արևածագ: Անպայման պետք է այցելել Էրմիտաժ, ռուսական թանգարան (ռուսական արվեստի առաջին պետական թանգարանը), Սուրբ Իսահակի տաճար (աշխարհի ամենամեծ ուղղափառ եկեղեցին՝ 100-կիլոգրամանոց ոսկեձույլ գմբեթներով), Սուրբ Պետրոսի և Պողոսի ամրոց (հայտնի բանկով և ռուսական ցարերի դամբարանով. այստեղ են հանգչում նաև Ռուսաստանի վերջին ցար Նիկոլայ 2-րդը և նրա ընտանիքի անդամները:

Որտեղ և ինչ ուտել

Ռուսական խոհանոցի սիրահարներին առաջարկում ենք այցելել Русская Рюмочка #1 ռեստորանը: Այն կահավորված է դասական պետերբուրգյան ոճով։ Ռեստորանում մատուցվում են բազմատեսակ ուտեստներ և 213 տեսակի օղի: Անպայման համտեսեք կարկանդակներ, սոլյանկա, ինչպես նաև՝ կարտոֆիլ խավիարով: Ռեստորանին կից գործում է ռուսական օղու թանգարան, որն այցելելով կտեղափոխվես 15-րդ դարի ռուսական մենաստան, որտեղ մենաստանի բնակիչները պատրաստում էին առաջին ոգելից խմիչքները:

Բացի ռուսական ռեստորաններից, Սանկտ Պետերբուրգում կան այլ երկրների խոհանոցներ ներկայացնող բազմաթիվ ռեստորաններ. խորհուրդ ենք տալիս այցելել հանրահայտ Ginza Project խմբին պատկանող Мансарда ռեստորան։ Այն կառուցված է բիզնես կենտրոնի վերածված պատմական շենքի վերջին հարկում, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի քաղաք: Այստեղ կարող եք ճաշակել համաշխարհային խոհանոցի գլուխգործոցներ:

Պետերգոֆ և Եկատերինայի պալատ

Սանկտ Պետերբուրգի մերձակայքում են գտնվում ռուսական ցարերի ամենաշքեղ պալատներից երկուսը՝ Պետերգոֆը և Եկատերինա թագուհու պալատը, որն ավելի հայտնի է որպես Царское село: Պետերգոֆը Պետրոս Մեծի նստավայրն էր. այն ունի հրաշալի այգի և շատրվաններ և հաճախ անվանվում է ռուսական Վերսալ: Եկատերինայի պալատում է գտնվում հանրահայտ Սաթե սենյակը (Янтарная комната), որն ամբողջությամբ պատված է սաթով: Սենյակն անհետ կորել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն 2003 թվականին ամբողջությամբ վերականգնվել է և ներկայացվել հանրությանը:

Մարիինյան թատրոն

Սանկտ Պետերբուրգում է գտնվում աշխարհի թերևս ամենահայտնի բեմերից մեկը՝ Մարիինյան թատրոնը: Այն մեծ շուքով բացվել է 1783 թվականի հուլիսի 12-ին Կարուսելի հրապարակում, որը հետագայում վերանվանվեց Թատերական հրապարակ՝ ի պատիվ թատրոնի: Թատրոնի բեմում ելույթ են ունեցել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ֆեոդոր Շալյապինը, Աննա Պավլովան, Ռուդոլֆ Նուրիևը: Թատրոնն ունի նաև բեմական դեկորացիաների և հագուստների հսկայական արտադրամաս: Տոմսերի արժեքն այստեղ սկսվում է 60 դոլարից, բայց հավատա, ստացած հաճույքն արժե այդ գումարը:

10 պատճառ Սանկտ Պետերբուրգ այցելելու համար

1. Հետևել կամուրջների բացմանը սպիտակ գիշերներին։
2. Այցելել Էրմիտաժ։
3. Տեսնել Քրիստոսի հարության հրաշալի տաճարը։
4. Զբոսնել Նևսկի պողոտայում, որն ամենագեղեցիկներից մեկն է աշխարհում։
5. Համտեսել ռուսական խոհանոցի ուտեստներ։
6. Նավով զբոսանք կատարել Նևա գետով։
7. Շփվել բարեհամբույր, բարեկիրթ և արվեստասեր մարդկանց հետ։
8. Դիտել բալետ կամ համերգ Մարիինյան թատրոնում։
9. Ընկղմվել ռուսական պալատական կյանքի ճոխության մեջ Պետերգոֆում և Եկատերինայի ամառային պալատում։
10. Մասնակցել «Սպիտակ գիշերներ» փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումներին։

Լուսանկարները ըստ Shutterstock-ի