«Քսմրտվող», ոտքերն ընկող մարդկանցից չեմ. ո՞ւր է կորել Ջամշոյանը - 6 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 28.04.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 6 » «Քսմրտվող», ոտքերն ընկող մարդկանցից չեմ. ո՞ւր է կորել Ջամշոյանը
11:32
«Քսմրտվող», ոտքերն ընկող մարդկանցից չեմ. ո՞ւր է կորել Ջամշոյանը

 Յուրաքանչյուր մասնագիտություն իր դժվարություններն ունի, հաղթահարել դրանք՝ կարող են ոչ բոլորը: Դերասան-երգիչ Գոռ Մարտիրոսյանը երբեք չի ընկճվում ու միշտ փորձում է դիմակայել դժվարություններին, կառչել ձեռքբերումներից ու հասնել ավելիին: Թեև դեռևս թատերարվեստում հաստատվել չի հաջողվել, բայց այ «թամադայության» առումով Գոռը խնդիր չունի: Շանթ հեռուստաընկերության «Բանակում» և «Քաղաքում» սերիալի երբեմնի Ջամշոյան դերակատարն անկեղծացավ Life.panorama.am-ի հետ զրույցում:

-Վաղուց եթերում չեք երևում, հիմա ինչո՞վ եք զբաղված:

-Երգում եմ հարսանիքներին, նաև հանդիսավարությամբ եմ զբաղվում: Հրավիրում են, ես էլ գնում եմ…

-Երաժշտական մասնագիտություն ունե՞ք:

-Այո, ավարտել եմ Նադեժդա Սարգսյանի ղեկավարած մշակույթի պետական քոլեջը: Նաև 2007 թվականին ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը:

-Իսկ ինչո՞ւ որևէ թատրոնում չեք հաստատվել:

-Մի ժամանակ ուզում է Պարոնյան թատրոն ընդունվել… Դիմեցի Երվանդ Ղազանչյանին, չընդունեց… Շատ եմ սիրում թատրոնը, այն ինձ համար մնում է ամենադասականն ու բարձրագույնը… Ինձ գումարը չէր հետաքրքրում, թատրոնով ոչ-ոք չի կարող ապրել, դրան զուգահեռ պետք է ուրիշ գործեր էլ անես, որ ապրես…



-Իսկ ի՞նչ պատճառաբանեց պարոն Ղազանչյանը, որ չընդունեց:

-Վերաբերմունքից չեմ բողոքում, միշտ ջերմ, վարպետորեն ու մեծավարի էր ընդունում, զրուցում, բայց ամեն անգամ ասում էր՝ 6 ամսից արի, 8 ամսից արի…Ես ինքնասիրություն ունեմ, մեկ-երկու անգամ գնալուց հետո չէի կարող նորից գնալ… Այն մարդկանցից չեմ, ովքեր «քսմրտվելով», ոտքերն ընկնելով, շողոքորթելով կգնան: Ես նման բնավորություն չունեմ…Այդ թատրոնը երաժշտական ուղղվածություն ունի, ես էլ երաժշտական տվյալներ ունեի, բայց… Ընդունում էր բաղաձայն մարդկանց, ովքեր երգից հազարավոր կիլոմետրերով հեռու էին…

-Սերիալ քասթինգո՞վ գնացիք:

-Այո, իհարկե:

-Ի՞նչն էր պատճառը, որ կերպարը կամաց-կամաց դուրս մղվեց:

-Ես հասկացա, որ իմ դերը քիչ-քիչ թուլանում, փչանում է: Որոշեցի փողի համար չփչացնել այն սերը, ինչը ձեռք եմ բերել:

-Այսինքն, դո՞ւք որոշեցիք, որ պետք է դուրս գալ:

-Միանշանակ, ես դուրս եկա…Մի քանի անգամ որոշեցի չգնալ, բայց գնացի, հետո եկավ մի օր, երբ որոշեցի, որ այլևս չպետք է նկարահանվել…

Չբարկացրեց կամ չնեղացրե՞ց դա անձնակազմին:

-Ոչ,ոչ,  ինչո՞ւ պետք է նեղանան: Ես «Շանթ»-ում բոլորին շատ հարգում ու սիրում եմ, այնտեղ կարծեք իմ տանը լինեի: Շատ մտերիմ ընկերներ ունեմ: Հորեղբորս տղան՝ Վահագն էլ նույն սերիալում Համոյի դերակատարն է… Պարզապես կերպարը սպառվեց… Բայց դրանք ինձ համար հրաշալի երեք տարիներ էին:

Այն ձեզ բավական մեծ ճանաչում բերեց ու շատերը ձեզ սիրեցին: Հետո ուրիշ առաջարկներ ստացա՞ք:

-Սերիալի ընթացքում առաջարկներ ստացա «Արմենիա TV»-ից, բայց նկարահանման մեջ էի… Հետո առաջարկներ չեղան

-Ի դեպ, սերիալում կերտում էիք ազգությամբ եզդի տղայի դեր… Հրաշալի առոգանությամբ էիք խոսում…

-Հա, գիտեմ, շատերը մինչև հիմա գիտեն, թե եզդի եմ… Շատ եմ հարգում ու սիրում իրենց, բայց ասեմ, որ հայ եմ (ծիծաղելով):

-Գոռ, հանդիսավարի աշխատանքը բավարարո՞ւմ է լավ ապրելու համար:

-Լիովին…Ես միայն այստեղ չեմ անում այդ գործը, նաև երկրից դուրս եմ գնում հրավերներով:

-Եթե գաղտնիք չէ, որքա՞ն եք վաստակում:

-Դրա համար սակագին չկա, ինչպես հացի գինը: Միշտ հարմարվում եմ մարդկանց: Թող գումարը երբեմն մի քիչ փոքր լինի, բայց իմ հետևից ուրիշ բաներ չխոսեն… Ինքս էլ ռամիկի ընտանիքից եմ, ժողովրդի ծոցից եմ դուրս եկել, հո «մինիստր» չե՞մ…

-Ի՞նչ երգեր եք երգում:

-Ժողովրդական, գուսանական, քաղաքային ֆոլկլյոր:

-Գիտեմ, որ ծնունդով Վեդիից եք: Երևանում ո՞ւմ հետ եք ապրում:

-Արդեն երկու ամիս է  ծնողներիս ու քույրիկս տեղափոխվել են Երևան՝ ինձ մոտ… Եղբայրս ամուսնացած է, առանձին ընտանիք ունի ու երկու հրաշք տղա:  

-Կարողացե՞լ եք տուն գնել:

-Չէ, տուն չեմ գնել, Վեդի քաղաքի տունը վաճառում եմ, որ Երևանում բնակարան գնեմ… Բայց Աբովյան քաղաքի Կոտայք գյուղում մեծ հողատարածք, այգի ունեմ, որն իմ սեփական ձեռքերով եմ մշակել…

-Փաստորեն հողագործությամբ է՞լ եք զբաղվում:

-Այո, շաբաթ-կիրակի օրերին անպայման գնում, աշխատողներին օգնում եմ, ծառերն եմ ջրում… Պատրաստվում եմ այդ հողի վրա տուն կառուցել…

-Կայացած երիտասարդ եք, արդյոք ձեր կյանքի երկրորդ կեսին գտե՞լ եք:

-Դեռ ոչ… Ոչ միայն ես պետք է գտնեմ, այլ՝ ինձ էլ պետք է գտնեն… Ամուսնությանը շատ լուրջ եմ վերաբերվում: Այսօր ամուսնությունների 60-70 տոկոսը կամ շահադիտական նկատառումներով են լինում, կամ ամուսնանում են ամուսնանալու համար… դա ինձ համար չի…

-Գոռ, ասում են մոռացկոտ ես…

-Շատ-շատ մոռացկոտ եմ, խայտառակության աստիճանի: Օրինակ, երբ քույրիկիս ու մայրիկիս հետ գնում ենք խանութ, ես առևտուրն անում եմ, դուրս գալիս, նստում մեքենան և գնում…Ու հանկարծ հիշում եմ, որ մենակ չէի (ծիծաղելով)… Հումոր եմ անում, բայց գուցե լուրջ խնդի՞ր է, չգիտեմ… Բայց նորմալ է մտազբաղ մարդու համար…

Աղբյուր Life.panorama.am

Հեղինակ Նելլի Մարգարյան



 

Բաժին: Հասարակություն | Դիտումներ: 760 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar