Պատանեկան տարիք - 30 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 30 » Պատանեկան տարիք
10:22
Պատանեկան տարիք

Պատանեկությունն ընդգրկում է 17-22 տարիքային շրջանը: Սա համարվում է անցումային տարիք, որի ընթացքում վերջնականապես հաղթահարվում է մանկությունը և անցում է կատարվում դեպի հասունացում: Այս տարիքում մարդը և կենսաբանական, և հոգեկան, և սոցիալական առումներով սեռահասուն է դառնում, հասունանում են նաև ուղեղը և մյուս օրգանները, հոգեկան տարբեր համակարգերը` ճանաչողական, հուզակամային ոլորտը (չնայած զարգացումը դեռևս շարունակվում է ևս մեկ տասնամյակ):
Դրանից ելնելով, հասարակությունը սովորաբար 18 տարեկանից հետո մարդուն համարում է հասուն, ասենք` թույլատրվում են ամուսնությունները, անձը համարվում է լիովին պատասխանատու իր արարքների համար:

Ամերիկացի մի խումբ գիտնականներ այս տարիքը հասունացման, ծնողներից հեռանալու, ինքնուրույնության ձգտելու շրջան են համարում: Ըստ Շիհիի, այս տարիքի խնդիրներից են կյանքում և հասակակիցների միջավայրում սեփական տեղն ու դերը գտնելը, սեռադերային կողմնորոշումը, աշխարհայացքի և արժեքների ձևավորումը: Բ. Լիվեհուդը պատանեկան շրջանին անցումը վերագրում է 16-24 տարիքային շրջանին, որի ընթացքում, ըստ հեղինակի, տեղի է ունենում անձի «զարթոնք»: Եթե դա տեղի չի ունենում, ապա անձն իր միջավայրից կախյալ վիճակի մեջ է մնում, կամ բողոքողի կեցվածք է ընդունում այն ամենի նկատմամբ, ինչն ընկալվում է որպես հեղինակություն: Ըստ հեղինակի, այս տարիքում հրատապ են այնպիսի հարցերը, ինչպիսիք են`«Ո՞րն է իմ տեղը կյանքում, իրականում ինչպիսի՞ն է այս աշխարհը. ի՞նչ ուժեր են այստեղ գործում»: Այլ կերպ ասած` այս տարիքում աշխարհայացքի փոփոխություններ են տեղի ունենում, վերաբերմունք է ձևավորվում իրականության նկատմամբ: Այս շրջանի մյուս կարևոր հիմնախնդիրը, ըստ հեղինակի, կենսաբանական և հոգևոր սեռականությունների միջև ներդաշնակության ստեղծումն է: Ըստ Վ. Ֆրանկլի, պատանեկան տարիքին բնորոշ է կենսական դատարկության, կյանքի անիմաստության զգացման հոգեվիճակը:

Գիտնականների մեծ մասն այս տարիքը նույնպես ճգնաժամային է համարում և դրան վերագրում հետևյալ ախտանշանները` աշխարհայացքի, արժեքների փոփոխություն, բունտ ծնողների կողմից պարտադրվող արժեքների, աշխարհայացքների նկատմամբ, քմահաճ վարքի դրսևորում, անհամարժեք վարք դրսևորելու տագնապներ, փիլիսոփայական, աշխարհայացքային զանազան հարցերի պատասխանների որոնումներ, կարծիքների հաճախակի փոփոխություն, կյանքի անիմաստության, անօգնականության զգացում, տագնապայնություն, աշխատանքի վայրի, մասնագիտության, զուգընկերների և ընկերների հաճախակի փոփոխություն, թշնամանք ընտանիքի անդամների նկատմամբ, նմանակման համար օբյեկտների փնտրտուք, կուռքերի ստեղծում: Թերևս ճգնաժամի մասին են վկայում նաև այս տարիքում ինքնասպանությունների մեծ թիվը, այսպես կոչված`«հայրեր-որդիներ հակամարտությունը»: Այնպես, ինչպես անցումային ցանկացած շրջանին, այնպես էլ պատանեկության շրջանին բնորոշ սթրեսածին գործոններից է, այսպես կոչված` մարգինալ վիճակը, երբ պատանին ոչ լիարժեք հասուն մարդ է, ոչ էլ դեռահաս, ինչի հետևանքով համապատասխան վերաբերմունքի չի արժանանում հասարակության կողմից, չի կարողանում համակերպվել դեռահասությունից «մնացած» կախյալ վիճակի հետ, բայց ինքնուրույն կյանքին էլ դեռ լրիվ պատրաստ չէ: Այս տարիքը կարելի է դիտել որպես յուրահատուկ միջանկյալ վիճակ, որի ընթացքում մարդ սովորում է ապրել ինքնուրույն, այսինքն` կառավարել, կազմակերպել սեփական գոյությունը, հոգ տանել իր մասին, որպեսզի որոշ ժամանակ անց ի վիճակի լինի ընտանիք կազմել և կարողանա հոգալ ուրիշի մասին: Այս տարիքի մեկ այլ հատկանիշ է այն, որ ամփոփվում է սեռային ես-կոնցեպցիան. պատանին կարծես փորձում է համոզվել, որ այն տեսակետը, որ տարիներ առաջ ձևավորվել էր իր` որպես տղամարդու/կնոջ մասին, իսկապես արդարացավ: Մյուս հատկանիշը դեռևս ենթագիտակցության մեջ արթնացած, սակայն պարզորոշ չգիտակցվող ծնողական բնազդի, պահանջմունքի արթնացումն է, ինչը չուղղորդված էներգիայի աղբյուր է և առաջ է բերում անցումային տարիքին բնորոշ անորոշ տագնապներ, դեպրեսիվ վիճակներ, ագրեսիվ պոռթկումներ:

Այնուամենայնիվ, ժողովրդի մեջ ընդունված է այն տեսակետը, որ պատանեկությունը կյանքի ամենաերջանիկ շրջանն է, և դա թերևս իսկապես այդպես է հենց պատանեկան մարգինալության շնորհիվ, այսինքն` չկա մեկը, որի համար պետք է հոգ տանել, դեռևս բացակայում է պատասխանատվությունն իր և ուրիշների համար, մյուս կողմից` նկատելիորեն ընդլայնված է ազատությունների շրջանակը: Այս հանգամանքների շնորհիվ կյանքը «վայելելու» լավ պայմաններ են ստեղծվում:

Պատանեկության շրջանում մարդու հիմնական նպատակը ինքնուրույնության հասնելն է (հատկապես հոգեբանորեն և ֆինանսապես), որին պետք է ուղղված լինեն թե մեծերի, թե պատանիների ջանքերը:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1173 | Ավելացրեց: avrililavigne | Գնահատական: 4.3/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar