Նրան համարում են փոփ երաժշտության արքա, արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարամյակի արտիստ» կոչումներին։ Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ), նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը , ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood on the Dance Floor: HIStory in the Mix 11 միլիոն օրինակ), ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը (HIStory 20 միլիոն ալբոմ, 40 միլիոն սկավառակ) և ամենաթանկարժեք տեսահոլովակը ( Ջանեթ Ջեքսոնի հետ, 7 միլիոն դոլար)։ Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։ Երաժշտության, պարի և նորաձևության մեջ ունեցած իր ներդրումը Մայքլին մոտ չորս տասնամյակ դարձրեց փոփ երաժշտության կենտրոնական դեմքը։ Ջեքսոնը այն եզակի երգիչներից է, ում անունը 2 անգամ գրանցվել է ռոք-ն-ռոլլի փառքի սրահում։ Ջեքսոնը 15 անգամ արժանացել է Գրեմի մրցանակի (այդ թվում Կենդանի Լեգենդ), ունեցել է 13 #1 հիթ և վաճառել է ավելի քան 780 միլիոն սկավառակ, արժանացել է 26 American Music Awards-ի (այդ թվում Դարի Արտիստ)։ Մայքլ Ջեքսոնը նաև մեծ մարդասեր էր և ուներ 39 բարեգործական ընկերություն։ 2009 թ. հունիսի 23-ին «Ի բարօրություն մարդկության» մրցանակի հանձնման բարձրագույն խորհրդի որոշմամբ Մայքլ Ջեքսոնը պարգևատրվեց «Համաշխարհային մշակույթում ունեցած կարկառուն ավանդի համար» մրցանակով։
Մայքլը երգել սկսել է մանուկ հասակից, ժամանակի ընթացքում նրա վոկալային ոճը և ձայնը շատ են փոխվել։ 1971-ից Մայքլի ձայնը երիտասարդ սոպրանոյից վերափոխվում է տենորի։ Լինելով թվով 7-րդ երեխան Ջեքսոնների ընտանիքում, նա սկսում է բեմում հանդես գալ 1964-ից՝ The Jackson 5 խմբի կազմում։ 1971-ին նա համատեղ սկսում է իր սոլո կարիերան ու մի քանի տարվա մեջ հասնում այնպիսի հաջողությունների, որ նրան է վերագրվում «Փոփ-Արքա» կոչումը։ 1982-ին թողարկված նրա Thriller ալբոմը մինչև այս օր մնում է աշխարհում ամենաշատ վաճառված ալբոմը։ Մայքլը մասսայականացրեց այնպիսի պարային ոճեր, ինչպիսիք են «ռոբոտ»-ը և «լուսնային քայլվածք»-ը։ Նրան հաճախ անվանում են «տեսահոլովակը գովազդային արտադրանքից արվեստի վերածող», նկատի ունենալով «Thriller», «Beat It», «Billie Jean», «Black or White», «Scream» տեսահոլովակները։ «Thriller», «Beat It», «Billie Jean» տեսահոլովակների շնորհիվ նա դարձավ առաջին աֆրո-ամերիկյան երգիչը, ում ցուցադրեցին MTV ալիքով։