Այսօր Orange-ը ներկայացրեց Orange Բլոգը` վեբ միջավայր, որտեղ
յուրաքանչյուրը կարող է ստեղծել իր սեփական «տարածքը» և հավաքել իր բոլոր
հիշարժան պահերը նկարների, վիդեո նկարահանումների, աուդիո ֆայլերի կամ
գրառումների տեսքով և կիսվել դրանցով մտերիմների
հետ: Orange Բլոգն Orange-ի այն բացառիկ ծառայություններից է, որից կարող
են օգտվել ոչ միայն Orange-ի բաժանորդները, այլ նաև բոլոր նրանք, ովքեր
ունեն ինտերնետի մուտքի հնարավորություն:
«Սա նորույթ է ինչպես Հայաստանում, այնպես էլ Orange-ի աշխարհագրության
երկրներում. նման պլատֆորմ դեռ մեր գործընկերներից ոչ մեկը չի առաջարկել:
Այն արտահայտում է Orange-ի ցանկությունը` հայաստանյան ինտերնետային
օգտատերերին տրամադրել հայերեն լեզվով պարզ ու հասկանալի բլոգային
պլատֆորմ: Լինելով շարժական ինտերների առաջատարը երկրում և տեսնելով
հայկական բլոգոսֆերայում տիրող աշխուժությունը` մենք ցանկանում ենք աջակցել
ու խթանել հայերեն լեզվով էլեկտրոնային բովանդակության զարգացմանն ու
տարածմանը»,-ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Orange Բլոգը նոր սերնդի բլոգային պլատֆորմ է, որն իր անդամներին տալիս է օգտագործման անհավատալի ազատություն ու հարմարավետություն:
Բլոգում կարելի է գրանցվել ինչպես http://orangeblog.am կայքում, այնպես
էլ պարզապես Orange համարից ուղարկելով կարճ հաղորդագրություն 2564
համարին` բովանդակության մասում նշելով OK, միջակայք, էլ. փոստի հասցե,
ինչպես օրինակ` «OK contact-centre@orangearmenia.am»:
Orange-ի բաժանորդները Orange Բլոգից օգտվելիս կունենան հատուկ
առավելություններ: Նրանք կարող են իրենց պրոֆիլը միացնել բջջային
հեռախոսահամարին և բոլոր ծանուցումներն անվճար կերպով ստանալ անմիջապես
հեռախոսին` կարճ հաղորդագրության տեսքով: Orange-ի բաժանորդները կարող են
նաև 2564 համարին ուղարկված անվճար կարճ հաղորդագրությունների միջոցով
«թարմացնել կարգավիճակը», թողել մեկնաբանություններ կամ գրել պատասխաններ:
Ավելին, կարելի է նաև լուսանկարներ կամ տեսանյութեր վերբեռնել բլոգ անվճար
MMS-ի միջոցով: Պետք է պարզապես 2564 կարճ համարին ուղարկել MMS` կցելով
նկարը կամ տեսանյութը:
Orange Բլոգը հնարավորություն է տալիս իր Orange-ի բաժանորդ օգտատերերին
տեղադրել մինչև 2 գիգաբայթ ընդհանուր ծավալով լուսանկարներ, տեսանյութեր,
տեքստային գրառումներ կամ այլ բովանդակություն, որը ոչ-Orange բաժանորդների
դեպքում կկազմի 100 մեգաբայթ: