Գերմանիայում 90 տարեկանում մահացել է բալետի աշխարհահռչակ պարուհի Մայա Պլիսեցկայան։ Մահվան պատճառը սրտի նոպան է, լրագրողներին ասել է նրա ամուսինը՝ Ռոդիոն Շչեդրինը։ Նրա խոսքով, բժիշկները պայքարել են պարուհու կյանքի համար, բայց ապարդյուն։ Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր ւորինը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Պլիսեցկայային հուղարկավորելու են Ռուսաստանում։ Նա նշել է, թե Շչեդրինը ծանր էմոցիոնալ վիճակում է եւ առայժմ չեն քննարկել հուղարկավորության հարցերը։ «Բայց Պլիսեցկայային, միանշանակ, կհուղարկավորեն Ռուսաստանում»,-նշել է նա։ Նշենք, որ հայտնի կոմպոզիտորն ու հռչակավոր պարուհին բազմիցս այցելել են Հայաստան, ասել, որ Հայաստանը համարում են իրենց կյանքի մասնիկը, որի հետ ջերմ հուշեր են կապված։ Մայա Պլիսեցկայան ծնվել է 1925-ի նոյեմբերի 20-ին, Մոսկվայում, հյուպատոսի ընտանիքում: Ավարտում է Մոսկվայի խորեոգրաֆիայի ուսումնարանը, որից հետո ընդունվում են Մեծ թատրոն: Շուտով տաղանդավոր աղջիկը դառնում է Մեծ թատրոնի առաջատար պարուհին: 1959-ին Պլիսեցկայային շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհու կոչում: 1967-ին կուբացի բալետմեյստեր Ալբերտո Ալոնսոն, հատուկ Մայայի համար բեմադրում է «Կարմենի սյուիտը»: 1970-ականներին Պլիսեցկայան հաջողությամբ հանդես է գալիս նաև որպես խորեոգրաֆ: Բեմադրում է «Չայկան», որից հետո Պլիսեցկայան հրավերք է ստանում դառնալու Հռոմի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար: Նա հայտնի է իր «Կարապի լիճ», «Քնած գեղեցկուհի», «Քարե ծաղիկը» պարային պարտիաներով: Սոցիալիստական աշխատանքի հերոս է, Լենինյան մրցանակի դափնեկիր, «Տրիումֆ» եւ «Ռուս ազգային Օլիմպ» մրցանակների դափնեկիր, «Պետության առջեւ ունեցած ծառայության համար» 3, 2, 1 աստիճանի շքնանշանակիր: Նրա անունով է կոչվել 4626 մոլորակը: 1980-ից բալետի պարուհին հիմնականում աշխատում էր Իսպանիայում: 1995-ին կազմակերպել եւ և ղեկավարում էր «Ռուսական Կայսերական բալետ» խումբը: