Լուսանկարների հայկական խմբագիրը միջազգային ներդրող է գտել
Լուսանկարների խմբագրման Picsart բջջային հավելվածը Sequoia Capital վենչուրային ներդրողից 10 մլն դոլար է ներգրավել: Այս մասին գրում է Venturebeat-ը: 2011 թվականին հիմնադրված եւ արդեն շուրջ 200 մլն օգտատեր ունեցող Picsart-ը համատեղում է լուսանկարների խմբագրումն ու նկարչությունը, ինչպես նաեւ օգտատերերի ցանցը, որտեղ կարելի է լուսանկարներ տեղադրել: «Ինձ ոգեշնչեց իմ դուստրը: Այդ պատճառով մենք ցանկացած հավելված ստեղծել, որը նրա նման ստեղծագործ մարդկանց կօգնի արտահայտվել»,- պատմել է ընկերության հիմնադիր եւ տնօրեն Հովհաննես Ավոյանը: Ամեն դեպքում, Picsart-ը սոցիալական ցանց չէ, ինչպես, օրինակ, Instagram-ը: Ըստ Ավոյանի, այն ավելի շատ YouTube է՝ լուսանկարների համար: Ընկերությունը մտադիր է նախագիծը հարստացնել տեսանյութի հնարավորությամբ, սակայն հիմնականը կմնա լուսանկարը: Նոր ֆինանսավորումն ընկերությանը հնարավորություն կընձեռի ընդլայնել Սան Ֆրանցիսկոյի գրասենյակը: