Լիլիթ Հովհաննիսյանի քիթը վիրահատված է, թե՞ ոչ. ԲԱՑԱՌԻԿ հարցազրույց - 11 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 14.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 11 » Լիլիթ Հովհաննիսյանի քիթը վիրահատված է, թե՞ ոչ. ԲԱՑԱՌԻԿ հարցազրույց
18:32
Լիլիթ Հովհաննիսյանի քիթը վիրահատված է, թե՞ ոչ. ԲԱՑԱՌԻԿ հարցազրույց

– Լիլի՛թ, վերջերս հեռուստադիտողին պարբերաբար ներկայանում ես նոր տեսահոլովակներով, ի՞նչով է դա պայմանավորված։
— Պայմանավորված է նրանով, որ ես անընդհատ աշխատում եմ. սա իմ սկզբունքն է` աշխատել շատ և միշտ։ Ամենակարևորը՝ ես միշտ ներկայանալու եմ ամենատարբեր կերպարներով։ Տարբեր կերպարներով ներկայանալու եմ ոչ թե որևէ մեկին զարմացնելու, այլ հեռուստադիտողին ու իմ երկրպագուներին չձանձրացնելու և հետաքրքիր լինելու համար։ Այսինքն` ինքնանպատակ ոչինչ չի արվում։ Արդեն ևս մեկ տեսահոլովակ ունեմ, որը դեռևս նկարահանվել էր «Թե աղջիկ լինեիր» երգի տեսահոլովակից առաջ։ Այն նկարահանվել է Վահրամ Պետրոսյանի «Ես եմ հորինել» երգի հիման վրա։ Տեսահոլովակի հիմքում իրական պատմություն է։ Ռեժիսորը Արեն Բայադյանն է։ Կրկին իմ նույն թիմի հետ եմ աշխատել, որի անդամներից յուրաքանչյուրը փայլուն է արել իր աշխատանքը։

– «Թու–թու–թու» երգի տեսահոլովակում շատերն անակնկալի եկան քո պարից. եղան թե՛ դրական և թե՛ բացասական արձագանքներ։ Այնուհետև հաջորդեց «Թե աղջիկ լինեիր» երգիդ տեսահոլովակը, որտեղ ևս կան պարային տեսարաններ։ Քեզ նույնիսկ չխանգարեց «պարել չգիտի, թող չպարի» արտահայտությունը, որը բազմիցս շրջանառվեց թե՛ սոցիալական կայքերում և թե՛ եթերներից։
— Քանի որ մեր հասարակությունը դժվարությամբ է ընկալում և ընդունում յուրաքանչյուր նորություն, ուստի ես սպասում էի թե՛ դրական և թե՛ բացասական արձագանքների։ Շատ ուրախ եմ, որ կարծիքները ծայրահեղ են, այսինքն` չկա գոլ վիճակ, որն ուղղակի անտանելի է։ Իսկ ինչ վերաբերում է «պարել չգիտի, թող չպարի» արտահայտությունը, ապա սիրով պետք է նշեմ, որ իմ գերխնդիրը պարելը չէ, այլ երգելը։ Չնայած շատերն իրենց թույլ են տալիս նաև երգելուս վերաբերյալ բացասական կարծիքներ հայտնել, բայց դրանք ինձ համար որևէ արժեք չունեն։ Ավելի ճիշտ՝ ինձ բոլոր կարծիքներն էլ հետաքրքիր են, բայց ես կարևորում եմ միայն պրոֆեսիոնալների կարծիքը։ Եթե պարզապես բեմում կանգնած երգում ես, ասում են` քարացած երգում ա, շարժվել չգիտի, սկսում ես շարժվել, ասում են՝ պարել չգիտի, մի խոսքով՝ դժգոհներ միշտ էլ կգտնվեն։ Ինչպես արդեն նշեցի, ես կարևորում եմ միայն պրոֆեսիոնալ մարդկանց կարծիքը, և եթե իմ պարի դասատուն կամ իր կոլեգաներն ասում են՝ լավ է, ուրեմն պարապ մարդկանց կարծիքն ինձ չի հետաքրքրում։ Նույն ձևով կարող եմ օրինակ բերել նաև Կոմիտասի երգի իմ կատարումը, որը բազմիցս քննադատվեց։ Այդ քննադատությունները ուղղակի զրոյացան, երբ կենդանի լեգենդ Օֆելյա Համբարձումյանն ինձ ասաց, որ ուրախ է, որ կա ինձ նման երգչուհի, ով այդքան երիտասարդ լինելով` կարողացել է խորությամբ զգալ Կոմիտասին և այդպես գեղեցիկ մատուցել։ Այնուհետև հավելեց, որ եթե ինքը շարունակեր երգել, ապա մեծ հաճույքով կցանկանար երգել հենց ինձ հետ։ Իմ փոխարեն եթե դուք լինեիք, ո՞ւմ կարծիքը կկարևորեիք…

– Նաև բացասական կարծիքներ հնչեցին տեսահոլովակիդ հագուստների վերաբերյալ. չափից դուրս կարճ են, բաց և ոչ հայեցի։
— Տեսահոլովակի հագուստներով զբաղվել է ամերիկյան դիզայներական կուլտուրայի կրող հայտնի դիզայներ Իքստինա Միլանին, ով աշխատել է Ջենիֆեր Լոպեսի, Բեոնսեի, Լեդի Գագայի, Ջասթին Բիբերի, Քրիս Բրաունի, Ռիհաննայի և էլի շատ աստղերի հետ։ Բայց արի ու տես, որ ևս մեկ պրոֆեսիոնալի աշխատանք կարող է քննադատվել` ասելով, որ քոփի ա։ Եթե պետք էր քոփի անել, մենք այդքան գումար ծախսելու և այդ դիզայների հետ համագործակցելու փոխարեն կաշխատեինք այստեղի դիզայներների հետ, որոնցից յուրաքանչյուրն էլ կարող էր իմ ուզած զգեստների քոփին անել։ Մենք այդ ամենն արեցինք օրիգինալը ստանալու համար, բայց, միևնույնն է, քննադատողը կքննադատի։ Շատ հայտնի երգչուհիներ հագել են և հագնում են նմանատիպ բոդիներ, որից ես ևս հագա իմ տեսահոլովակում, բայց եթե ուրիշներինը ընդունելի է, ապա մեր հասարակության համար դեռ նորություն է և դժվար մարսելի։ Հուսամ՝ կգա այն օրը, երբ մեզ մոտ էլ նորությունները միանգամից կընդունվեն։

– «Դար 21» հեռուստաընկերության «Ֆայլ Պրո» ծրագրի շրջանակներում տված հարցազրույցի ժամանակ նշել էիր, որ «Թու–թու–թու» երգի տեսահոլովակն արժեցել է մոտ 12 հազար ամերիկյան դոլար,. հետաքրքիր է` ինչքա՞ն գումար ծախսվեց «Թե աղջիկ լինեիր» երգի տեսահոլովակի վրա։
— Այս տեսահոլովակն արժեցավ մոտ 17 հազար ամերիկյան դոլար, որի մեջ մտնում է նաև դիզայներին հրավիրելը, իսկ հագուստերիս վրա օգտագործված սվարովսկու քարերը միայն երեք հազար դոլարից ավել արժեցան։

– Տեսահոլովակներից անցում կատարենք նաև քո անձնականին, որը ոչ պակաս է քննարկվում։ Հատկապես վերջերս շատերին հուզում է քո հղի լինել–չլինելը։ Իսկ այս խոսակցությունների համար առիթ հանդիսացավ համացանցում հայտնված մի լուսանկար, որտեղ դու բավականին կլոր փորիկով ես։ Թեպետ հետո պարզ դարձավ, որ այն պարզապես քո նոր տեսահոլովակից արված կադր է, բայց, միևնույնն է, խոսակցություններն այդպես էլ չմարեցին։ Ի՞նչ կասես այս առիթով։
— Կան շատ նեղ անձնական թեմաներ, որոնք ես չեմ ցանկանում բարձրաձայնել։ Սա հենց այդ նեղ անձնական թեման է, որը թերևս կմնա անպատասխան։
(Հարցազրույցի ժամանակ Լիլիթ Հովյաննիսյանի կազմվածքում որևէ փոփոխություն չնկատեցինք, այնպես որ դեռևս կարող եք հանգիստ շունչ քաշել:)

– Շշուկներ են պտտվում այն մասին, որ Լիլիթ Հովհաննիսյանը վերջերս դիմել է քթի պլաստիկ վիրահատության։ Շշուկները համապատասխանո՞ւմ են իրականությանը։
(Փոքր–ինչ պատասխանը ուշացնելով` Լիլիթ Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, պատասխանեց)։
— Որևէ վիրահատության չեմ դիմել, բայց դեմ չեմ նման վիրահատություններին։ Եթե ինքս կարիք ունենայի, կդիմեի անպայման։

– Գիտեմ նաև, որ պատրաստվում ես համերգների, մի փոքր պատմի՛ր։
— Այո՛, մոտ 20 համերգով ներկայանալու եմ արտերկրում, հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում։ Բավականին ծանր գրաֆիկով ենք աշխատելու. յուրաքանչյուր համերգից հետո ավտոբուսով 12 ժամ պետք է գնանք հաջորդ քաղաք և առանց հանգստանալու նորից ներկայանանք համերգով ու այդպես շարունակ։ Մոսկվայում տեղի է ունենալու Միհրան Ծառուկյանի մենահամերգը, որտեղ երգելու եմ նաև ես։ Երգելու եմ 3 երգ, ինչպես նաև ներկայացնելու ենք մեր զուգերգը։

– Իսկ երևանյան համերգների մասին ի՞նչ կասես։
— Վերջերս Երևանում կարծես թե հավաքական համերգներ չեն կազմակերպվում, իսկ եթե խոսքը մենահամերգի մասին է, ապա նշեմ, որ եթե որոշեմ ներկայանալ մենահամերգով, այն ամբողջությամբ պետք տարբերվի մյուսներից, ինչի համար դեռ աշխատել է պետք։

– Վերջերս քեզ սկսել ենք նաև քիչ տեսնել տարբեր հեռուստաեթերների և հեռուստածրագրերի շրջանակներում, ինչո՞ւ։
— Այո՛, ճիշտ եք նկատել։ Երևի պատճառն այն է, որ մեզ մոտ դեռևս պատրաստ չեն երգչի կամ երգչուհու կողմից պայմաններ լսելու։ Մենք ունենք որոշակի պայմաններ, օրինակ` վերջերս եղավ առաջարկ երգելու մի համերգի ժամանակ, մենք էլ ասացինք մեր պայմանները. որ ինձ հետ պետք է լինի պարային խումբ, որը, բնականաբար, պետք է լինի «Ամարասը», ում հետ հիմա աշխատում եմ, պետք է երգեմ այն երգը, որը ես եմ ցանկանում, բայց նրանք չհամաձայնեցին։ Մի խոսքով՝ պայմաններ լսելու և ընդունելու կուլտուրան էլ մեզ մոտ դեռ շատ թերի է։ Հենց այդ է պատճառը, որ ինձ հաճախ չեք տեսնում այս կամ այն համերգին կամ հեռուստածրագրում։

– Շշուկներ են պտտվում այն մասին, որ Եվրատեսիլ– 2013–ին Հայաստանը ներկայացնելու է Լիլիթ Հովհաննիսյանը. ի՞նչ կասես։
— Կասեմ, որ մինչև Եվրատեսիլ գնալը պետք է գնալ նյարդաբանի մոտ, որովհետև Եվրատեսիլին մասնակցելու համար ամուր նյարդեր են պետք, իսկ ես դեռ նյարդաբանի մոտ չեմ գնացել, այսինքն` մինչև չհետազոտվեմ, չեմ կարող ասելJ)))

– Այս պահին ի՞նչ կասես բոլոր նրանց, ովքեր սիրում են քեզ ու հետաքրքրված են քո գործունեությամբ, կամ ովքեր, անկախ իրենց կամքից, միշտ հետևում են Լիլիթ Հովհաննիսյանի յուրաքանչյուր քայլին, թեկուզ որպեսզի հետո պարապ լինեն և վատաբանեն։
— Կասեմ, որ նրանք ինձ համար շատ թանկ են։ Անկեղծանամ և ասեմ, որ յուրաքանչյուր առավոտ արթնանալով` առաջին հերթին ընթերցում եմ ֆեյսբուքյան իմ օֆիցիալ էջի նամակները, մոտ մեկ ժամ շփվում եմ երկրպագուներիս հետ, այնուհետև անցնում իմ առօրյային։ Երկրպագուներս ինձ համար շատ թանկ են, և դա է պատճառը, որ ազատ ժամանակս չեմ օգտագործում, օրինակ` քնել–հանգստանալու վրա, այլ նրանց հետ շփվելու։

– Կա տարածված կարծիք, որ երբ արտիստն արդեն բարձրաձայնում է իր անձնական կյանքը, հասարակությունն իմանում է, որ նա ամուսնացել է, սկսում են նվազել վերջինիս երկրպագուները։ Դո՞ւ ինչ կասես։
— Որքան էլ զարմանալի է, իմ երկրպագուները ոչ թե նվազել են, այլ ավելացել։ Պարզապես փոխվել են նրանց նվերների տեսակները։ Եթե առաջ նրանց կողմից ավելի շատ ստանում էի ծաղիկներ, կոնֆետներ և այլ «աղջկական» նվերներ, ապա հիմա ստանում եմ Լիլիթ Հովհաննիսյան երգչուհուն նվիրված քանդակներ, դիմանկարներ, ձեռագործ աքսեսուարներ, որոնք շատ թանկ են ինձ համար։ Ես իմ երկրպագուների կողմից ստացած բոլոր նվերնեը խնամքով պահում եմ, և դրանք դրված են մեր տան ամենատեսանելի մասում։

– Քեզ համար կարևո՞ր են տարեվերջյան մրցանակաբաշխությունները։
— Ես աշխատում եմ` մրցանակաբաշխությունների մասին չմտածելով։ Կան շատերը, ովքեր որևէ մրցանակ չեն ստանում, բայց շատ ավելի սիրված են, քան ստացողները։ Այնպես որ, չեմ աշխատում մրցանակաբաշխություններին մրցանակ ստանալու համար, բայց այդ մրցանակներն էլ պակաս կարևոր չեն։

– Շատերը ազատ ժամանակ լսում են Լիլիթ Հովհաննիսյանի երգերը, իսկ քո կողմից սիրված երգերի ցանկում ովքե՞ր են ընդգրկված։
— Իմ երաժշտական մենյուն կարելի է բաժանել 2 մասի` երաժիշտներ, որոնց լսում եմ մասնագիտությունից ելնելով, և երգիչ–երգչուհիներ, որոնց լսում եմ ազատ ժամանակ, հանգստանալիս։ Շատ եմ սիրում Բևեռլի Քրավենին, շատ–շատ եմ սիրում Շադեին, ու այս ցուցակը կարելի է էլի շարունակել։

– Ո՞ր արտահայտությունն ես հաճախ օգտագործում։
— Շատ եմ օգտագործում լա՜վ էլիիիիիի, ԷԷԷԷԷԷԷ և շատ–շատ–շատ արտահայտությունները (ծիծաղում է)։

– Գո՞հ ես կյանքից։
— Իհարկե, ո՞նց կարող եմ գոհ չլինել։ Եթե ցանկանամ, կդժգոհեմ, նայած թե ինչ տեսանկյունից ես հարցին մոտենում։ Հիմա ամեն դեպքում դժգոհելու առիթ չունեմ։
– Քեզ լավատե՞ս մարդ ես համարում։
— Լավատես չեմ, բայց շատ վատատես էլ չեմ, այս դեպքում ինձ օգնության է հասնում հավատս։

– Ինչի՞ց ես վախենում ամենաշատը։
— Կյանքի կարևորագույն հարցերում սխալվելուց։

– Իսկ ինչպե՞ս կմեկնաբանես «սխալների վրա են սովորում» արտահայտությունը։
— Հաջողությունը գալիս է հերթական անգամ սխալվելուց հետո, բայց ավելի խելացի են այն մարդիկ, ովքեր դիմացինի սխալների վրա են սովորում։ Ամեն դեպքում, ես այդ մարդկանցից չեմ (ծիծաղում է)։

– Քո վերջին 2 տեսահոլովակներն այնքան ռեկորդային թվով դիտելիություն գրանցեցին, որ, կարելի է ասել, դարձար Youtube–ի հայ թագուհին. դո՞ւ ինչ կասես։
— Հայկական տեսահոլովակներից ամենաշատն ունեցել է 30 000 դիտում մեկ օրում, որը եղել է հենց իմ «Թու–թու–թու»–ն, իսկ «Թե աղջիկ լինեիր» երգի տեսահոլովակը ռեկորդ սահմանեց` մեկ օրում գրանցելով 64 000 դիտում։ Ի դեպ, արդեն ունեմ պայմանագիր «Ֆուլ Սքրինե ընկերության հետ, որը աշխատում է այնպիսի լուրջ ընկերությունների հետ, ինչպիսիք են Google–ը, BBC–ին, CNN–ը և այլն։ Youtube–ի իմ պաշտոնական էջի դիտելիության թիվը տեսնելով՝ այս ընկերությունն ինձ համագործակցելու առաջարկ արեց։ Նրանք իրենց նամակում նշել էին, որ եթե մեզ թվում է` ԱՄՆ–ում կարելի է շատ թվով երգիչ–երգչուհիների հանդիպել, ովքեր ունեն 1,5 միլիոն դիտում, ապա սխալվում ենք։ Իհարկե, եթե չենք փորձում համեմատվել, օրինակ, Բեոնսեի հետ։ Բայց կան էլի շատ հայտնի արտիստներ, օրինակ` American idol–ի հաղթողներ, ովքեր թեպետ շատ ճանաչված են, բայց նման դիտելիություն չեն ապահովել։

– Արդեն նաև գումա՞ր ես ստանում՝ քո տեսահոլովակների դիտելիության քանակից ելնելով։
— Իհարկե, սակայն այդ գումարը բոլորի համար նույնը չէ։ Եթե ես ստանում եմ 1 000 դիտման համար 8 ամերիկյան դոլար, որը ամենաբարձր նախատեսված գումարն է համարվում, ապա շատերը, ովքեր ևս ունեն պայմանագիր ընկերության հետ, ստանում են 2–3 դոլար և նույնիսկ ցենտեր։

– Կա տպավորություն, որ Վահրամի հեղինակային երգերից բացի, որևէ այլ երգահանի հետ չես պատրաստվում համագործակցել. արդյո՞ք ճիշտ է ստեղծված կարծիքը։
— Իհարկե ո՛չ, եթե լինեն լավ առաջարկներ, ես անպայման կհամաձայնեմ։ Պարզապես Վահրամի հետ աշխատելիս առաջին հերթին մտածում ենք իմ նախնական կերպարը, այնուհետև՝ ինչ տեսահոլովակ է նկարահանվելու, նոր վերջում այդ ամենին համապատասխան երգ է գրվում։ Ի դեպ, շատերի մոտ ձևավորվել է կարծիք, որ իմ թիմն ամեն ինչ անում է իմ փոխարեն։ Պետք է նշեմ, որ կերպարի ընտրության, հագուստի, տեսահոլովակի և մնացած հիմնական ծանրությունն իմ ուսերին է, քանի որ թիմիս մյուս անդամները, անգամ Վահրամը, ինձնից բացի, այլ գործեր էլ ունեն։ Իմ գործի համար ավելի շատ ես եմ սրտացավ, քան որևէ մեկը։ Ուզում եմ անպայման նշել նաև ինձ հետ աշխատող թիմի անդամներին` Արայիկ Գաբաջյան, Վահրամ Պետրոսյան, Արեն Բայադյան, Սեդրակ Ղամբարյան, Մանե Սահակյան և վերջին երկու տեսահոլովակի հետ կապված՝ աշխատեցի նաև «Ամարասի» հետ։

Նյութը՝ boommag.am-ի

 

Բաժին: Աստղային Սկանդալ | Դիտումներ: 1102 | Ավելացրեց: inna123 | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar