Կազմակերպիր խենթ երեկոներ - 23 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 23 » Կազմակերպիր խենթ երեկոներ
09:39
Կազմակերպիր խենթ երեկոներ

Արձակուրդն արդեն ավարտվել է, բայց դեռ շոգ է քաղաքում: Բողոքելուց առաջ հիշիր՝ ինչպես էիր ձմռանը երազում ծանր հագուստներից ազատվելու և տաք եղանակն ու ջերմ արևը վայելելու մասին: Այնպես որ, ժամանակ չկորցնենք, և փորձեմ հուշել, թե ինչպես կարելի է կազմակերպել խենթ երեկոներ:

Առեղծվածային ճանապարհորդություն

Վերցրու Հայաստանի քարտեզն ու պատահականորեն ընտրիր քեզ անծանոթ մի վայր, որտեղ դեռ չես եղել: Ընկերուհիներիդ հետ միասին մեքենայով մեկնեք խորհրդավոր ճամփորդության: Google Earth-ը կօգնի քեզ նախօրոք տեսնել՝ ինչպիսին է տվյալ վայրի տեղանքը: Ի՞նչ կասես պիկնիկի մասին: Այնպես պլանավորիր ճամփորդությունը, որ ընտրած վայրում լինեք երեկոյան ժամին, իսկ վերադառնաք ավելի ուշ, երբ արդեն բավական զով է:

«Մրգային» պիկնիկ

Տպավորիչ երեկո ունենալու համար պարտադիր չէ հասնել աշխարհի (Հայաստանի) ծայրը. քաղաքում էլ կարող ես գտնել այգիներ, որոնք հարմար են պիկնիկի համար: Հա՛, բայց սովորական պիկնիկ չէ, այլ «մրգային»: Վերցրու հետդ ելակ (կամ այլ միրգ), իսկ ճանապարհին գնիր պաղպաղակ: Վստահ եմ՝ ընկերներիդ շատ դուր կգա խոտերի վրա նստած` թարմ ելակով պաղպաղակ վայելելը (մի բան, որը ես կարող եմ ուտել օրը հինգ անգամ և չհոգնել):

«Մանկական» ժամանց

Վերջին անգամ ե՞րբ ես խաղացել «Գործագործ», «7 քար» կամ «Պահմտոցի»: Այո՛, ես էլ. այնպես որ, վատ չի լինի մեկ օրով վերադառնալ մանկություն ու մի լավ «վազվզել»: Կամ էլ ընկերներիդ հետ միասին վերցրեք հեծանիվներ ու սլացե՜ք…

Բացօթյա կինոդիտում

Երեկոները իդեալական են բաց երկնքի տակ կինոդիտումներ կազմակերպելու համար: Ծածկոց, բարձեր ու ... պրոյեկտորը հրաշալի տարբերակ կլինի, սակայն կարելի է բավարարվել նաև նոութբուքով: Կարելի է ընտրել դասական որևէ ֆիլմ, օրինակ՝ «Նախաճաշ  Տիֆանիի մոտ», կամ վերջերս թողարկված համր ֆիլմը՝ «Արտիստը»:

Կարելի է նաև ընտրել քո և ընկերներիդ սիրելի TV շոուն, օրինակ՝ «Ընկերները» և դիտել ամենածիծաղելի ու տպավորիչ մասերը, որոնք կարելի է հեշտությամբ գտնել YouTube-ում:

 Չմոռանաս pop-corn-ն ու զովացուցիչ ըմպելիքները: Բայց աստղազարդ երկնքի տակ ես միանշանակ կնախընտրեի գինին ;-)

 

Երեկույթ՝ տանիքում

Հաճախ են կազմակերպվում երեկույթներ շենքերի տանիքին: Ընտրիր դրանցից մեկը, որտեղ քեզ հոգեհարազատ երաժշտություն են նվագելու, և մի՛ հապաղիր: Շոգ ու լարված օրվանից հետո զով քամին ու քո սիրելի կոկտեյլը կօգնեն մի լավ լիցքաթափվել ու հանգստանալ:

Խոհանոցային արկածներ

Ընկերուհիներով հավաքվեք ու սկսեք ստեղծագործել խոհանոցում: Միացրու ձեր սիրած երաժշտությունը և սկսեք պարելով աղցաններ հորինել կամ խմորեղեն պատրաստեք և միասին զարդարեք գունավոր կրեմով: Միասին ամեն ինչ լավ կստացվի, բացի այդ, կստեղծեք ձեր «ֆիրմային» բաղադրատոմսը, իսկ այն միասին պատրաստելը ավանդույթ կդառնա:

Քո ձեռքով պատրաստած շապիկներ

Գոյություն ունի թղթի հատուկ տեսակ՝ արդուկվող, որի վրա տպված ցանկացած պատկեր կարելի է արդուկի միջոցով արտատպել կտորի վրա: Ընկերներիդ հետ ընտրեք նույն կամ տարբեր նկարներ ու տպեք դրանք թղթի վրա, այնուհետև թուղթը դրեք շապիկի վրա ու արդուկեք. պատկերն անմիջապես կարտատպվի: Արդյունքում՝ կունենաք յուրահատուկ շապիկներ, որոնք կլինեն միակն իրենց տեսակի մեջ:

Նոր պար սովորիր

Երեկոները լավագույն ժամանակն է նոր պարեր ուսումնասիրելու համար: Ի՞նչ կասես լատինաամերիկյան կրակոտ պարերի մասին: Պարապմունքները շատ ուրախ կանցնեն, եթե հրավիրես նաև ընկերուհիներիդ: Դրանք նաև կօգնեն կարգի բերել կազմվածքդ ու հրաշալի տեսք ունենալ լողազգեստով:

Անձրևային խաղ

Երկար շոգ օրերից հետո հանկարծակի տեղացող ամառային անձրևն իսկական հրաշք է: Ծածկ փնտրելու փոխարեն ուղղակի վայելիր անձրևը, պարիր, թռչկոտիր, կուզես՝ վազվզիր: Վառ զգացողություններն ապահովված են:

PS Տաք օրերը շատ արագ են անցնում... Մաղթում եմ, որ հասցնես վայելել այս եղանակն ու երազանքներդ ի կատար ածել :-)

Լուսանկարն ըստ Shutterstock-ի



 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 899 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar