Իսկ դու ինչի՞ վրա ես ծախսում քո ժամանակը - 30 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 30 » Իսկ դու ինչի՞ վրա ես ծախսում քո ժամանակը
20:29
Իսկ դու ինչի՞ վրա ես ծախսում քո ժամանակը

Զարմանալի է, բայց փաստ այն, որ մենք շատ հաճախ մեր ժամանակը ծախսում ենք բացարձակ անօգուտ բաների վրա՝ երիտասարդների մեծամասնությունն օրվա մեջ միջինում 2-3 ժամ անցկացնում է Ֆեյսբուքում կամ այլ սոցիալական ցանցերում, մոտավորապես 1-2 ժամ այս կամ այն սրճարանում, 1 ժամ տրանսպորտում և մոտավորապես 1 ժամ էլ հեռախոսային զրույցների, խաղերի և այլ զբաղմունքի վրա: Ստացվում է, որ հայ երիտասարդը օրեկան մոտ 5 ժամ անիմաստ ժամանակ է կորցնում: Գուցե հակափաստարկներ լինեն, որ սոցիալական ցանցերում ծախսվող ժամանակն ամենևին էլ անիմաստ չէ, այլ հակառակը՝ ինֆորմացիա ենք ստանում, շփվում ենք և այլն, բայց իրականում, եթե հետևենք երիտասարդների պահվածքին սոց.ցանցերում, ապա ակնհայտ կդառնա, որ ժամանակի մեծ մասը ծախսվում է նկարներ, վիդեոներ բեռնելու, մեկնաբանություններ և ստատուսներ գրելու վրա, իսկ այսպես ասած «լայք» արած նյութերն էլ ոչ թե ինֆորմացիոն, այլ ժամանցային բնույթ են կրում: Արդյունքում ստացվում է այնպիսի իրավիճակ, որ բավականին լուրջ զբաղմունքներ դուրս են մղված երիտասարդների առօրյայից՝ սպորտ, հոգևոր և մտավոր զարգացում, ինչպես նաև փորձնական գիտելիքների ձեռքբերում: Ուսանողների ճնշող մեծամասնությունը բուն ուսումնական գործընթացը սկսում է միայն քննություններին ընդառաջ և հիմնականում քննությունը բարեհաջող հանձնելու, այլ ոչ թե գիտելիք ստանալու համար: Արդյունքում ստացվում է, որ մենք ունենք հազարավոր ուսանողներ, բայց չունենք մասնագետներ, քանզի ուսանողի համար ավելի հետաքրքիր է youtube-ում որևէ զվարճալի բնույթի տեսանյութ դիտելը, քան մասնագիտական բնույթի նյութերի ուսումնասիրությունը: Երիտասարդների պասիվությանը մեծապես նպաստում են նաև ԶԼՄ-ները, քանզի վերջիններս այսօր մտահոգված են առաջին հերթին դիտումների ապահովմամբ, ինչի համար էլ «ստիպված» են շատ դեպքերում սենսացիոն «աղբ» ներկայացնել՝ հաշվի չառնելով, որ այդ «աղբի» պրոպագանդումը հանգեցնելու է «անդամալույծ սերնդի» ձևավորմանը: ԶԼՄ-ների ոլորտում էթիկա բառը գոյություն չունի, քանզի խախտված են անգամ տարրական կանոները՝ սուտ ինֆորմացիա, նյութի հետ բացարձակ կապ չունեցող վերնագրեր, պոռնոգրաֆիկ նկարներ, մարդկանց մահվան մասին սուտ լուրեր, իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ, անձնական վիրավորանքներ և այսպես շարունակ, և այս ամենն արվում է բացառապես հանուն դիտումների և PR-ի: Այս ընթացքում հաշվի չի առնվում, որ արդյունքում ամբողջ լրատվական դաշտը ժամանակի ընթացքում հեղինակազրկվելու է, և այդ գործընթացն արդեն սկսվել է, քանզի շատերն այսօր ինչ-որ մեկի ֆեյսբուքյան ստատուսին ավելի շատ են հավատում և վստահում, քան լրատվամիջոցներին՝ առավել ևս էլեկտրոնային:  Այս ամենին էլ ավելանում են այն նորահայտ PR-ի համար ամեն ինչի ընդունակ «գործիչները», ովքեր պատրաստ են անգամ սեփական անկողնային փորձի մասին սենսացիոն հայտարարություններ տարածել, միայն թե ճանաչում ձեռք բերեն: Արդեն անգամ քաղաքական գործիչներն են վարակվել հանուն PR-ի մղվող պայքարով և գործ անելու փոխարեն, գրում են ու գրում...  Շատ ավելի գրագետ և արդյունավետ կլիներ, ոչ միայն անձի, այլ նաև ամբողջ երկրի համար, երբ բոլորս սկսեինք հասկանալ, թե ինչի վրա ենք ծախսում մեր ժամանակը, և ի՞նչ է դա մեզ կամ մեր շրջապատին տալու: Գուցե ավելի ձանձրալի և դժվար է մասնագիտական հմտությունների զարգացման կամ գիտելիքի ձեռքբերման վրա ժամանակ ծախսելը, բայց եթե այսօր հայ երիտասարդը չկարողանա ինքնակրթվել, հասնել աշխարհի պահանջներին համապատասխան մասնագիտական աստիճանին, ապա մեր երկիրը չի կարող լավ ապագա ունենալ: Եթե նույն ԶԼՄ-ները վերջապես չհասկանան, որ բացի դիտումներից և գովազդներ ունենալուց, իրենք այլ, շատ ավելի կարևոր գործառույթ էլ են իրականացնում. չէ՞ որ մարդկանց՝ առավել ևս երիտասարդների մտածելակերպի, ինչպես նաև գործելաոճի ձևավորման վրա ԶԼՄ-ները մեծ ազդեցություն ունեն, ապա մենք միշտ կմնանք այս նույն տեղում՝ մեր ամբողջ խնդիրները բարդելով բացառապես իշխանության, նախագահի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի, այլմոլորակայինների և այլոց վրա: Փոփոխությունները և բարեփոխումները պետք է մեզանից յուրաքանչյուրը հենց իրենից սկսի՝ արդյունավետ դարձնելով իր գործունեությունը թե՛ իր, թե՛ շրջապատի համար... Հարգանքներով՝ Անի Հովհաննիսյան

 Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aninaworld/posts/590375077699333?stream_ref=10

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 631 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.3/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar