Ի՞նչ նվիրել կանանց - 3 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 3 » Ի՞նչ նվիրել կանանց
01:47
Ի՞նչ նվիրել կանանց

Մեկնարկում է կանանց միամսյակը։ Եթե մարտի 8—ը Կանանց միջազգային օրն է, ապա ապրիլի 7–ը՝ Մայրության ու գեղեցկության տոնը, նշում ենք միայն Հայաստանում։ Սա այն ժամանակահատվածն է, երբ կանայք ամենաշատը սիրո, ուշադրության ու ջերմության կարիք ունեն՝ անկախ նրանց կատարած աշխատանքից եւ հասարակության մեջ զբաղեցրած դիրքից։ Այս օրերին կանանց համար նվեր ընտրելը կարող է շատ բարդ լինել, քանի որ նրանք տարբեր են, ճաշակները եւս։ Նվեր տվողի բախտը բերում է, եթե կինը նվերների հանդեպ շատ պահանջկոտ չի լինում։ Եթե նույնիսկ այն իրեն դուր չգա, միեւնույն է, դա պատմություն չի դարձնի։ Բայց կան նաեւ այնպիսի կանայք, ում համար նվեր ընտրելը իսկական գլխացավանք է։ Նրանք, տրամադրությունից կախված, կարող են չհավանել ջանասիրաբար ընտրած նվերը։ Լինում է՝ ցանկանում են թանկարժեք մեքենա, իսկ երբեմն էլ նրանց ցանկության սահմանը ընդամենը օծանելիքն է։ Այստեղ կարեւորը նրանց ցանկությունը ժամանակին ճշտելն է։ Այս կանայք պաշտում են իրենք իրենց համար նվերներ պատվիրելը։ Բայց այս երկու տեսակի կողքին կա նաեւ երրորդը՝ ամենաբարդը։ Նա միայն թանկարժեք նվերներ է ընդունում։ Այս պատճառով է, որ այս երրորդ տեսակի ներկայացուցիչները շատ հաճախ տարբեր տոներին մնում են առանց նվերների, քանի որ գտնել այնպիսի մարդու, ով ամեն տոնի կապակցությամբ կկարողանա իրեն թույլ տալ շատ թանկ, երբեմն բացառիկ նվերներ, շատ դժվար է։ Ռոմանտիկայի սիրահարները կարող են պատվիրել հազար հատ վարդ եւ գեղեցիկ հագնված սուրհանդակի հետ միասին մեքենայով ուղարկել սիրած կնոջը։ Թեպետ կարող են լինել դեպքեր, երբ կնոջը, ով տնտեսող է, ռոմանտիկ նվերները հաճելի չլինեն, եւ այդ վարդերը մի լավ վիճաբանության առիթ հանդիսանան։ Պրակտիկ նվերների կողմնակից տղամարդիկ կարող են կանանց նվիրել փոշեկուլ։ Սակայն այս դեպքում անհրաժեշտ է չմոռանալ, որ այդպես կինը կարող է մտածել, թե ամուսինը ցանկանում է հասկացնել, որ ինքը պետք է ավելի լավ մաքրի բնակարանը։ Այս նույնը վերաբերում է նաեւ սառնարանին, լվացքի մեքենային եւ կենցաղային այլ պարագաների։

Ծաղիկներս ում նվիրեմ


Այս օրերին նվերների շարքում մեծ տեղ են զբաղեցնում ծաղիկները։ Տոների ժամանակ միմյանց ծաղիկներ նվիրելու կամ ծաղիկների միջոցով ուղղակի ուշադրություն ցուցաբերելու ավանդույթը շատ վաղուց մուտք է գործել մեր կյանք։ Դա մի գեղեցիկ ավանդույթ է, որը հիացնում եւ արթնացնում է մարդկանց զգացողությունները։
Սակայն գրեթե բոլորի մոտ հարց է առաջանում, թե ի՞նչ ոճի, գույնի, քանակի ծաղիկներ կարելի է նվիրել ընկերուհուն, ընկերոջը, մայրիկին, աշխատակցուհուն, տատիկին, կնոջը, ինչպես նաեւ շատ հարազատ մարդուն, ում հանդեպ ցանկանում ես ցուցաբերել մեծ ուշադրություն։
Բավականին դժվար է ծաղիկ ընտրել մարդու տեսքի, բնույթի եւ, առավել եւս՝ տրամադրության համապատասխան։ Օրինակ, վարդագույնը երիտասարդության եւ համեստության նշան է, կարմիրը կիրք եւ մեծ սեր է խորհրդանշում։ Դեղին գույնը մի դեպքում նշանակում է դավաճանություն եւ բաժանում, սակայն մարդկանց մեծ մասը մոռացել է, որ դեղինն իրականում նշանակում է արեւ եւ հարստություն, հետեւաբար, մտերիմներին կարելի է հանգիստ նվիրել դեղին ծաղիկներ։ 
Բացի ծաղիկներից, կարելի է նվիրել նաեւ շոկոլադե սալիկներ, կոնֆետներ։ Այս նվերը ոչ միայն ուշադրության, այլեւ հոգատարության նշան է, քանի որ շոկոլադը նպաստում է օրգանիզմում սեռոտոնինի եւ էնդորֆինի արտադրմանը, որոնք հանգստացնում եւ էներգիայով են լցնում մարդկանց։ Բացի դրանից, կակաոն պարունակում է հատուկ նյութեր, որոնք բարձրացնում են տրամադրությունը։
Կանանց մեծ մասը սիրում է կրել տարատեսակ աքսեսուարներ եւ զարդեր։ Շատ կիրառելի նվերներ են այն աքսեսուարները, որոնք կանայք կարող են կրել ամեն օր։ Օրինակ՝ հետաքրքիր շարֆ, կաշվե ձեռնոցներ, դրամապանակ, ակնոց, անձրեւանոց եւ այլն։ Շատ կանայք բիժուտերիայի մեծ սիրահար են։ Իսկ եթե հաշվի առնենք նաեւ այն, որ նրանք շատ են սիրում ամառային ծովափնյա հանգիստ, ապա կարելի է նրանց համար գնել այնպիսի զարդեր, որոնք հարմար կլինեն ամռանը ծովափում կրելու համար։
Փափուկ խաղալիքներն էլ պակաս սիրելի չեն կանանց համար։ Դրանք կարող են լինել շատ մեծ կամ փոքր… ծիծաղելի կամ լուրջ… բրդոտ կամ ոչ այնքան…. Կարեւորը՝ հիշել, որ այստեղ անհրաժեշտ է, որ նվերը ծիծաղ առաջացնի, լինի զվարճալի։ Կանանց հաստատ դուր կգա օրիգինալ բույրով թանկարժեք օծանելիք նվեր ստանալ։ Նրանք միշտ էլ ինչ—որ անկրկնելի եւ երկար հիշվող անակնկալ—նվեր են ցանկանում։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է նրանց ՍՊԱ կամ գեղեցկության սրահից օգտվելու քարտ նվիրել։ Ցանկալի նվերների շարքում իրենց առանձնահատուկ տեղն ունեն մուշտակն ու թանկարժեք զարդերը։ 
Տաքանալ արեւի ներքո… Լողանալ ծովի տաք ջրում… Ըմպել էկզոտիկ մրգերից պատրաստված կոկտեյլներ… Մասնակցել տարբեր արշավների… Այս բոլոր հաճույքները կնոջ համար կապահովեն տուրիստական ուղեգրերը։ Դա երեւի այն նվերն է, որի մասին երազում է կանանց մեծ մասը։ Արշավներով լի հանգիստ ծովի ափին կամ բնության գրկում եւ վառ տպավորություններ։ Պակաս ցանկալի նվերներ չեն նաեւ ավտոմեքենան կամ բնակարանը, իհարկե, այսպիսի նվերների համար պետք է բավականին ֆինանսական կարողություններ ունենալ։

Մի զլացեք  հաճոյախոսել կանանց

Ընդհանուր առմամբ նվեր գնելուց առաջ անհրաժեշտ է լավ մտածել՝ ինչպես կընդունվի նվերը, դրա պատճառով չե՞ն նեղանա, եւ արդյո՞ք նրանց չի թվա, թե դրա համար դուք շատ կամ քիչ եք վճարել։
Եվ անպայման տղամարդիկ պետք է հիշեն, որ կանայք սիրում են ականջներով, եւ այդ նվերները հանձնելիս անհրաժեշտ է ժլատություն չանել եւ կանանց հասցեին հաճոյախոսություններ շռայլել։ Կարելի է նաեւ բանաստեղծություն հորինել եւ նվիրել սիրած կնոջը։ Դրանք երբեմն ավելին են, քան նյութական նվերները։
Հատկապես մարտի 8—ին չպետք է մոռանալ տոնական սեղանի մասին։ Տոնական սեղանը այդ օրը յուրահատուկ է նրանով, որ հաճախ այն ձեւավորում եւ նախապատրաստում են տղամարդիկ։ Անշուշտ, պետք չէ նրանցից խոհարարական հրաշքներ սպասել։ Հնարավորության դեպքում նրանք կարող են պատվիրված ուտելիք մատուցել կամ պարզունակ որեւէ ուտեստ պատրաստել։ Ի վերջո, ավելի կարեւոր է ոչ թե ուտեստների բազմազանությունը, այլ հոգատարությունը, որով դրանք պատրաստվել են։ Կարելի է սպասքից բացի սեղանին դնել ծաղիկներ։ Ծաղիկները միշտ տոնական տրամադրություն են ստեղծում։
Այս տոնը կանանց համար կարեւոր է նաեւ հոգեբանական տեսանկյունից։ Հոգեբան Լիլյա Անթառանյանը ասում է, որ մեկամսյակը կանանց համար սպասված է, որովհետեւ այդ ժամանակահատվածում նրանք ստանում են այն, ինչի կարիքը զգում են իրենց ամբողջ կյանքի ընթացքում։
«Տոնը հնարավորություն է տալիս մեկ ամսվա ընթացքում գտնվել ուշադրության կենտրոնում։ Իսկ կնոջը ի՞նչ է պետք. առաջին հերթին լինի բոլորի ուշադրության կենտրոնում։ Դրանով շոյվում է կնոջ ինքնասիրությունը, հոգեպես բավարարվում են նրա պահանջմունքները, եւ դա հնարավորություն է տալիս նրան մի որոշ ժամանակ գտնվելու հոգեկան բավարարվածության մեջ, ինչն էլ տալիս է «երջանկության» զգացողություն։
Բարեբախտաբար վերջին ժամանակներում տղամարդը որոշ չափով արդեն կարող է կնոջ նկատմամբ գոնե մեկ ամսվա ընթացքում ցուցաբերել նրա ցանկություններին հարիր վերաբերմունք, ուշադրության կենտրոնում պահել։ Իսկ թե ինչպես է այդ ուշադրությունը դրսեւորվում, պայմանավորված է տվյալ տղամարդու էությամբ, մարդկային տեսակով»։
Հոգեբանի կարծիքով հայ տղամարդը սկսել է ավելի լիարժեք ըմբռնել կնոջ իրական դերն ու նշանակությունն իր կյանքում եւ, առհասարակ, կնոջ ներկայության կարեւորությունն իր կյանքում։ Կան տղամարդիկ, ովքեր իրականում ուզում են ուշադրություն դարձնել կնոջը, բայց չգիտեն դրա դրսեւորման ձեւերը։
Տղամարդու համար, որ չի ցանկանում ուշադրություն դարձնել կնոջը, միամսյակն էլ էական դեր չի կարող խաղալ։ Բայց պետք է գիտակցել, որ ինչ—որ բան «հնձելու» համար, նախ պետք է «ցանել», ասել է թե՝ ամեն ինչ փոխադարձ է։

 

Նյութ: Նկարներ 1
Դիտումներ: 971 | Ավելացրեց: tiktonik | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar