Հուշերով լի քաղաքը - 20 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 20 » Հուշերով լի քաղաքը
17:49
Հուշերով լի քաղաքը

Օր առաջին. խորհրդավոր կինը
Ծերուկն արթնացավ լուսադեմին: Կտուրն անհանգիստ, աղմկոտ ծեծում էր անձրևը: Հեռվում խուլ դղրդում էր ամպրոպը: Երբ երիտասարդ էր, լուսադեմի ամպրոպի հեռավոր դղրդյունը նրան հրետանային համազարկ էր թվում, հրավառություն, որով կարկուտներով ու տեղատարափ անձրևներով լի խելահեղ մայիսը դիմավորում էր յուրաքանչյուր նոր օրը: Հիմա երկնային հրետանին լռել էր, հրավառության գույները՝ խունացել, անգամ անձրևներից հետո հայտնվող ծիածանը երկինքն օղակած սգո ժապավեն էր թվում: Ամպրոպի ձայնը ծերունուն իր վրա գլորվող քարերի շառաչ էր հիշեցնում: Այդ ամենակուլ հորձանքի առաջ ինքը անօգնական ու թույլ էր, գիտեր, որ շուտով հավիտենապես անհետանալու է՝ ճզմված անտեսանելի քարերի սոսկալի ծանրության տակ: Հետո անձրևից մնացած ջրափոսերի պես աննկատ ցնդելու, ծվեն-ծվեն գոլորշիանալու էր նաև իր հուշը: Շատ տարիներ անց իր մամռոտած շիրմաքարի մոտ երիտասարդ ու գեղեցիկ մի զույգ խոսելու էր կյանքի վաղանցիկության մասին՝ փորձելով կռահել, թե ինչպես է ապրել այդ քարի տակ ամփոփված կմախքը, երբ դեռ մարդ էր: Զույգը մտախոհ լռելու էր, թափահարելով գունագեղ թևերը՝ մի կարճ ակնթարթ շիրմաքարի անկյունին թիթեռ էր նստելու, հետո հեռանալու էր՝ ուրախ ու անհոգ, դեպի օրվա ավարտին իրեն սպասող վախճանը:
Ծերուկը հեռու վանեց տխուր մտքերը: Անիծելով մեջքի ցավը՝ վեր կացավ, նիհար, անմազ ոտքերը մտցրեց փափուկ հողաթափերի մեջ ու քստքստացնելով՝ քայլեց դեպի խոհանոց: Սուրճ խմելիս անտեսանելի քարերի սպառնագին շառաչյունը մի պահ լռեց, դեմքին թույլ ժպիտ հայտնվեց, սուրճի բարկ բույրն արևադարձային լողափ ու ոսկեգույն ավազի վրա փռված ոսկեմաշկ աղջիկներ հիշեցրեց: Սուրճը բուրում էր իր երիտասարդությամբ, սակայն վերջին ումպի հետ բույրն անհետանում էր, բաժակի հատակի մրուրը թվում էր մռայլ ու չարագուշակ, ծերունին նայում էր ժամացույցին, հոգոց հանելով՝ մոտենում պահարանին ու դարակներից մեկից վերցնում ու խմում իր դեղի առավոտյան ճափաբաժինը:
Դեղը խմելուց հետո պիտի գնար թերթ գնելու: Իր նախընտրած կրպակին հասնելու համար ոտքով կտրում էր քաղաքի կեսը: Չէր դժգոհում, չնայած մշտական ուղեկիցը դարձած մեջքի ցավին՝ քայլել սիրում էր: Սիրում էր կրպակի ճանապարհին նայել դպրոց գնացող կարմրաթուշ երեխաների խմբերին, հետո թերթը ձեռքին նստել ու երկար-երկար հետևել մեքենաների ու ավտոբուսների մեջ մշտապես ինչ-որ տեղ սուրացող կյանքին: Քայլելիս անընդհատ սպասում էր բարևի, անընդհատ ցանկանում էր հանդիպել ինչ-որ մեկին, չէ որ ժամանակին, երբ սիրելի կրպակը հասնելու համար կտրում էր քաղաքի կեսը, քաղաքի կեսը բարևում էր իրեն: Սակայն ժամանակը նախքան ծերուկին սպանելը որոշել էր մի լավ խաղալ նրա հոգու հետ: Մեկ առ մեկ ծերուկից խլել էր բոլորին, նրան թողել միայնակ: Քաղաքում հիմա ծերուկն էր ու նրանից մի քիչ առաջ ընկած կամ նրա հետևից դանդաղ քարշ եկող ստվերը: Ծերուկին ոչ մեկը չէր սպասում: Անգամ սիրելի կրպակի թերթավաճառի համար նա մի սովորական հաճախորդ էր, մեկը՝ շատերից: Քաղաքը հիմա օտար էր իրեն, մարդաշատ փողոցի կենտրոնում, իրեն աղմկելով շրջանցող մարդկային հոսքի մեջ՝ ծերուկը լեռնային գետի մեջ ընկած փոքրիկ քար էր պատկերացնում: Ամբոխի ձայնով աղմկում էր տխրությունը, ալիք-ալիք պարուրում ծերուկին: Նրան խփում ափեափ: Ասես մամլիչով՝ սեղմում ներս ընկած կուրծքը:
Ծերուկը տնքտնքալով բացեց շքամուտքի օրեցօր ծանրացող դուռը: Անձրևը դադարել էր: Մայիսյան երկնքի վրա ամպերը ծերունական կնճիռներ էին նկարել: Մայիսյան երկինքը խազերով ու պուտերով պատված հին, խունացած թուղթ էր: Ոտքերը քաշ տալով, կորաքամակ՝ քայլեց շենքի երկարությամբ: Փողոց դուրս գալիս՝ զգուշավոր հայացքով նայեց չորս կողմը: Իր վրա ժխորով հոսող ամբոխից փոքր-ինչ վախենում էր, զգուշությամբ, ասես լեռնային գետի մեջ էր մտնում, ոտքը դրեց մայթին ու քայլեց դեպի կրպակը: Իր առջևում, իրենց վրա հոսող ամբոխին հակառակ քայլող երիտասարդ կնոջ սլացիկ մեջքը, յասմանագույն շրջազգեստի մեջ, հեռացած մանկության չափ հարազատ թվացած մեջքը տեսնելով՝ ծերուկի սիրտը անհանգիստ թփրտաց, հետ նվաղեց: Ծերուկը գիտեր, որ այդ կնոջ ձեռքերի վրա ինքը հոնգուր-հոնգուր լաց է լինելու, այնպես, ինչպես շաաատ տարիներ առաջ արտասվել էր, երբ կորցրել էր հոր նվիրած կաշվե գնդակը: Մոր տաք, ապահով ափի մեջ թաքցրել էր դեմքն ու երկար-երկար արտասվել, իսկ մայրը լուռ շոյել էր նրա գլուխը: Այդ ժամանակ նրա գլխին խարտյաշ ու փափուկ մազեր էին աճում, հիմա ամբոխը ճեղքող խորհրդավոր կնոջ ձեռքը նրա ճաղատը պիտի շոյեր: Բայց նրա ձեռքերի վրա արտասվելիս ծերուկը ժամանակից դուրս էր լինելու՝ պաշտպանված ու խաղաղ: Կնոջն ամեն գնով պետք էր հասնել: Իր երիտասարդ ու շատ գեղեցիկ մայրիկի յասամանագույն շրջազգեստը, սլացիկ մեջքն ու քայլվածքը, քամու անտեսանելի ալիքների վրա ծփացող նրա մազերը գողացած խորհրդավոր կնոջը: Սակայն կնոջը մոտենալ ոչ մի կերպ չէր հաջողվում, ծերունու մեջքով ներքև էին հոսում քրտինքի կաթիլները, հևասպառ թոքերում խզխզոց էր հնչում, քայլերն անընդհատ ծանրանում էին, իսկ կինը քայլում էր թեթև ու արագաքայլ՝ ասես երկրի վրայով անձայն սահող ամպի ստվեր: Իրեն դիվային հետապնդման մասնակիցը համարեց, հիշեց, որ դիվային, անհաջողության մատնված հետապնդման մասին կարդացել է իր երիտասարդության սիրելի գրքերից մեկում: Սակայն եթե իր մայրիկի տեսքն ունեցող կինը անգամ ամենից չար վհուկը լիներ, հոժարությամբ նրան էր նվիրելու հոգին: Անգամ ամենից չար վհուկը խղճալու էր իրեն, տարիների խոր ճաքերով ու ակոսներով պատված հոգին մեծահոգաբար թողնելու էր ծերուկին: Իսկ իր մանկության ձեռքերի վրա արտասվելուց հետո, փույթ չէր, թող մի սև զահաքարի վրա սառնասրտորեն մորթեին իրեն: Անհոգ ժպտալու էր արևի շողերի տակ առկայծած շեղբին ու ուրախությամբ նետվեր հավիտենական լռության ու խավարի մեջ: Դեպի անվերջ հանգիստը: Դեպի այնտեղ, որտեղից քաղաքում էր հայտնվել մոր յասամանագույն շրջազգեստը: Սակայն կնոջը հասնել չէր հաջողվում: Ուրախացավ, երբ կինը թեքվեց, գիտեր, որ կամարի տակ մտած ճանապարհը փակուղի է տանում: Արագացրեց քայլերը, համոզված, որ հիմա կհասնի կնոջը, սակայն փակուղին դատարկ էր: Խորհրդավոր կինը չկար, խորհրդավոր կինն անէացել էր: Օդում միայն վաղուց մոռացված, անչափ հարազատ, գրեթե անորսալի բույր էր մնացել: Ծերունին, մոռացած տարիքն ու մեջքի ցավը, վազելով մոտեցավ առաջին շենքի շքամուտքին, փորձեց բացել դուռը: Փակ էր: Սկսեց ուժգին բախել այն: Վերևից բացվող պատուհանի ձայն լսվեց: Երկու խորաթափանց աչքեր նայեցին ծերուկին: Պատուհանը շրխկալով փակվեց: Ծերուկը մոտեցավ հաջորդ դռանը: Հետո մյուսին: Բոլոր դռները փակ էին: Փակուղին՝ ամայի: Շենքերը՝ կարծես թե անմարդաբնակ: Դռները բախելիս իր բռունցքի ամեն հարվածի հետ սրտի խուլ, անհանգիստ տրոփյունն էր լսվում: Ու փակուղում մոլորված քամու մրսած ֆսֆսոցը: 
Օր երկրորդ. զրուցող ընկերները
Ծերուկն արթնացավ լուսադեմին: Կտուրն անհանգիստ, աղմկոտ ծեծում էր անձրևը: Հեռվում խուլ դղրդում էր ամպրոպը: Ամպրոպի դղրդոցը հեռվում ընթացքող կատաղի մարտի ձայն էր հիշեցնում: Ամպամած, սև երկնքից իրենց վրա մահաբեր արճիճ թափող հրետանու համազարկ: Չարագուշակ շաչյուն: Վառոդի ու վառվող երկաթի հոտը: Շատ տարիներ առաջ նորաբույս ապրիլյան կանաչի վրա թավալվող վիրավորի գոռոց:
Ծերուկը սուրճ չէր ուզում: Մինչ ուշ գիշեր փնտրել էր խորհրդավոր կնոջը: Ամեն անգամ, երբ կարծել էր, թե գտել է նրան ու քաշել էր յասամանագույն շրջազգեստով հերթական կնոջ թևից, ծերուկի վրա ծիծաղել ու բարկացել էին: Ներողության խոսքեր էր քրթմնջացել ու, գլուխը քաշ գցած, հեռացել: Սուրճ չէր ուզում, սիրտ չուներ իր երիտասարդության բարկ բույրը զգալու: Սուրճի մրուրում հուշեր էր տեսնելու, տխուր ու մռայլ հուշեր, իսկ հուշերից պետք էր փախչել: Ինքը միշտ փախչում էր հուշերից, սակայն նախորդ օրն ամենատխուր հուշը ծերուկին ցույց էր տվել յասամանագույն շրջազգեստի մեջ փակված իր սլացիկ մեջքը: 
Ծերուկը տնքտնքալով բացեց շքամուտքի օրեցօր ծանրացող դուռը: Անձրևը դադարել էր: Մայիսյան երկնքից ամպերի սպիտակավուն կույտերը կախվել էին ասես բրդի՝ ցած ընկնելու պատրաստ կտորներ: Մայիսյան երկնքում ամպերը տխրության սպիտակ բեկորներ էին: Ծերունին ծանր հոգոց հանեց ու շենքի երկարությամբ արագ քայլեց դեպի փողոցը: Շտապում էր, ամբոխի մեջ պիտի գտներ յասամանագույն շրջազգեստով կնոջը: Փողոց դուրս գալուց առաջ փակեց աչքերը: Այնպես, ինչպես փակում էր թարթող կրակներով ու ապակե խաղալիքներով զարդարված տոնածառի մոտ, երբ յասամանագույն շրջազգեստով մայրիկը իրեն գունագեղ ժապավեններով փաթաթած նվերներ էր տալիս: Ծերունին նվերներ այլևս չէր ստանում: Սակայն աչքերը փակելը չէր մոռացել: Չէր մոռացել հրաշքներին հավատալը: Գիտեր, որ ծերուկների կյանքում հրաշքներ չեն լինում: Գիտեր, որ հրաշքներն ամենասիրելի մարդկանց հետ միասին անէանում են տարիների մշուշում, սակայն հրաշքներին հավատալը չէր մոռացել: 
Մթությունը քերում էր ծերուկի կոպերը: Մթությունը ուզում էր դուրս գալ ծերուկի կոպերի տակից ու ծխի պես թանձր, քուլա-քուլա լցվել փողոցը: Ծերուկը ավելի պինդ էր փակում աչքերը: Մայթերով հոսող մարդկանց շառաչյունը մթության մեջ ահագնանում էր: Ծերուկը լսում էր ամեն ինչ: Ժամադրությունից ուշացող երիտասարդի ժամացույցի հապշտապ տկտկոցը՝ տիկ-տակ, տիկ-տակ, տիկ-տակ: Համալսարան շտապող ուսանողուհու կրունկների արագ կտկտոցը՝ տուկ-տուկ, տուկ-տուկ, տուկ-տուկ: Հևիհև շնչառության ծանր ձայնն, ու հեռու, ասես լեռներում արձագանքող մանկական ծիծաղը: Ծերուկը լսում էր տասնյակ, հարյուրավոր սրտերի տրոփյունը: Քամու հպվելը տերևներին ու տերևների՝ ամեն հպումին հաջորդող ամոթահար սոսափյունը: Լսում էր, թե արևի շողերն ինչպես են ծակում երկինքը ու լսում էր երկնքի խուլ հոգոցը, երբ ճառագայթը մխրճվում էր նրա կապույտ մաշկի մեջ: Քաղաքի մայթերով հոսող տարիների ձայնն էր լսում՝ անծայրածիր անտառի միալար խշշոցը:
Փակ աչքերով՝ ոտքը դրեց մայթին: Անցորդներն ուսերով ու արմունկներով խփում, հրմշտում էին ծերուկին՝ անվերջանալի հոսքի մեջ միայնակ կանգնած մարդուն: Նա երերում էր, առավել ուժեղ հարվածներից պտտվում իր առանցքի շուրջը, բայց համառորեն չէր բացում աչքերը:
Ծերունու ռունգերը որսացին վաղուց մոռացված, անչափ հարազատ բույրը: Բացեց աչքերն ու կուրացավ. կոպերի տակ խլվլացող մթության լքած տեղը խուժել էր լույսը: Իրեն կուրացրած լույսի ցոլքերի մեջ աղոտ, ասես մշուշում տեսավ ամբոխը ճեղքող յասամանագույն շրջազգեստը: Ինքնամոռաց վազեց նրա հետևից: Ինչպես շատ տարիներ առաջ ինքնամոռաց վազել էր յասամանագույն շրջազգեստով մայրիկի բաց թողած օդապարուկի հետևից: Նորից զգաց կանաչ բլուրները, բոբիկ ոտքերը ծակծկող խոտը, իր մազերը խառնշտորող քամին ու մոր ուրախ ծիծաղը: 
Ողջ թափով մխրճվեց փողոցային ծաղկավաճառի զամբյուղների ու փնջերի մեջ: Զամբյուղների հետ միասին փողոցով գլորվեցին ծաղկավաճառի հայհոյանքները:
-Քոռ բիձա, ես քո տիրոջ մերը… էնպես ես վազում, ասես հետևդ բիզ լինեն կոխած…
-Կներեք,-կմկմաց՝ մեքենայաբար վերցնելով ուսին մնաց ջարդած վարդը,-կներեք, ես…
-Ի՞նչ կներեք, տես՝ որքան վնաս ես հասցրել, երեխաներիս այսօր դու՞ ես պահելու,- ավելի բորբոքվեց ծաղկավաճառը:
Ծերունին գլուխը քաշեց ուսերի մեջ, ձեռքերով փակեց դեմքը՝ ասես վերևից թափվող կարկտահատիկներից էր պաշտպանվում: Շատ տարիներ առաջ իրեն գյուղում շրջապատած երեխաների վայրի ծիծաղն ու ցավոտ հարվածները զգաց:Գետնին փռվելուց հետո՝ բերանը լցված ցեխի համն ու քիչ հեռու ընկած թարմ թրիքից բարձրացող գարշահոտությունը: 
Ծաղկավաճառը լռեց:
-Լավ, բիձա, Տերը քո հետ, կորիր աչքիցս:
Ծերուկը տխուր ժպտաց ու դանդաղ քայլեց՝ ծոծրակին զգալով ծաղկավաճառի շուրջը հավաքված հետաքրքրասեր ամբոխի սուր հայացքները: Բաճկոնի վրայից թափ տվեց հողն ու վարդի անդամահատ թերթիկները: 
Յասամանագույն շրջազգեստը չկար: Ինքը նորից մենակ էր ու անպաշտպան: Քաղաքի մարդաշատ ամայության մեջ՝ մի կորաքամակ ծերունի, ստվերի հետ քայլող ստվեր: 
Չնայած ճանապարհը երկարացնում էր՝ դեպի թերթի կրպակը որոշեց գնալ զբոսայգու միջով: Քայլերն ինքնաբերաբար ուղղվեցին դեպի << Սատանայի անիվը >>, որի հսակայական շրջանի մոտ շատ տարիներ առաջ ամեն երեկո հանդիպում էր իր ընկերներին: << Սատանայի անիվը >>, վաղուց չէր աշխատում: Ժանգոտ ու անշարժ՝ նա երբեմն ողբագին ճռռում էր, ճիշտ և ճիշտ ծերունու թոքերի պես: Բողոքելում էր քամուց. այդ թոկից փախածը ցանկանում էր ամեն գնով շարժել ժանգոտած հսկային: Ծերունին կանգնում էր ժանգոտած կողպեքով փակված դռնակի մոտ ու երկար-երկար նայում քամու հետ պայքարող հոգնած հսկային: Թարթիչներից արցունքի կաթիլ էր կախվում, հավանաբար քամու օյիններից մեկն էր: Քամին սիրում էր կատակել ծերերի հետ: Սիրում էր պտտել կանգնած կարուսելները ու արցունքներ կախել ծերուկի ամեն թարթիչից: Հետո ծերունին ճմռթված թաշկինակով մաքրում էր արցունքի կաթիլն ու ամայի ծառուղով նորից դուրս գալիս մարդաշատ փողոց:
<<Սատանայի անիվի>> ցանկապատի մոտ կանգնած երիտասարդների կերպարանքները ծերուկին ծանոթ թվացին: Սիրտը ծանր բաբախեց, արյունը խուժեց քունքերը: Երերաց, թվաց, թե հիմա ընկնելու է, սակայն հասցրեց բռնել մոտակա նստարանի եզրից: Խոր շունչ քաշեց ու բարձրացրեց աչքերը: Իր ընկերներն էին: Վաղուց հեռացած, փոշի դարձած ընկերները: Առույգ ու ուժեղ, անասելիորեն երիտասարդ, ծիծաղը դեմքներին, անհոգ ու գեղեցիկ: Ընկերները բարձրաձայն զրուցում էին, կատակում՝ այգու ամայությունը լցնելով մետաղալարի պես զրնգուն ձայներով: Ծերուկը հմայված նայեց երիտասարդներին:
-Տղերք,- գոռաց ու տարածելով թևերը վազեց նրանց կողմը: Երբ ուշքի եկավ՝ հեկեկում էր գրկած ծառերից մեկի անկենդան, ճաքճքած բունը:
-Տեր Աստված, այս ի՞նչ է կատարվում, որտե՞ղ եմ ես: Տեր Աստված, փրկիր ինձ,- արցունքների միջից մրմնջաց ծերունին, հետո թողեց բունը ու արագ քայլելով հետ գնաց:
Դիմացից եկող աղջկա ժպիտը ասես սրտին հասցված դանակահարված լիներ. այդպես ժպտալ գիտեր միայն իր առաջին սերը: Այգու լքված կինոթատրոնի պատի տակ լուրջ ու կենտրոնացած վեգ էին խաղում դասղեկի դասից փախած իր համադասարանցիները: Դուրս գալով փողոց՝ բախվեց մթերքներով լի ցանցկեն պայուսակը ծանր-ծանր տանող հարևան տատիկին, որի պարտեզից խնձոր գողանալու համար յասամանագույն շրջազգեստով մայրիկը մի քանի անգամ ոլորել էր իր ականջը: 
Վազեց՝ ձեռքերով պինդ փակած ականջները: Չէր կարողանում լսել վաղուց մոռացված ու մեկեն կենդանացած ձայները: Վազեց: Հեռվում երևաց երկրի վրայով սահող ամպի ստվերի պես անձայն շարժվող յասամանագույն շրջազգեստը: Ծերունին շարունակեց վազել: Տեսավ դպրոցական շրջազգեստով իր քույրերին ու մանկական սայլակի մեջ անխռով քնած կրտսեր եղբորը: Արագացրեց վազքը: Հրելով աստիճանների վրա հանդիպած հարևաններին՝ դողացող ձեռքերով բացեց բնակարանի գունաթափ դուռը: Ներս գցեց իրեն, մի կերպ փակեց բոլոր փականներն ու սողնակները: Մեջքը հենեց պատին՝ փորձելով զսպել մարմինը բռնած մանր դողը: Հետո, աղմուկով շնչելով, մտավ խոհանոց: Դողացող ձեռքերով պահարանից հանեց դեղատուփը: Դողացող ձեռքերով տաք ջրի մեջ հաբեր լուծեց, էլի ու էլի, հետո մի շնչով խմեց դառը հեղուկն ու ծանր իջավ աթոռին…

Օր երրորդ. ավարտը…
Ծերունին լուսադեմին չարթնացավ: Հեռվում խուլ դղրդում էր ամպրոպը: Կտուրն անհանգիստ, աղմկոտ ծեծում էր անձրևը: Հետո գունաթափ դուռն անհանգիստ ծեծում էին հարևանները: Հետո դուռը բացում էին փրկարարները:
Աթոռի վրա նստած ծերունին ասես քնած լիներ: Հավերժական քնի միջից նա ժպտում էր իրեն շրջապատած օտար մարդկանց: Բարի ու անպաշտպան: Ծերունու հավերժական քունը օտար մարդկանց հարազատի չափ կարեկից էր դարձրել: Ծերունու համար արդեն միևնույն էր: Նա հեռվում էր: Անծայրածիր, կանաչ բլուրներով լի դաշտերում: Երկնքում՝ անհամար օդապարուկներ: Դեմքը՝ քնքշանքով լի ափերի մեջ թաղած: Ու ամենուր թևածում էր յասամանագույն շրջազգեստի հարզատ, գրեթե անորսալի բուրմունքը…


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 530 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar