Հարցեր հոգեբանին. «ինչու՞ են տղաները խուսափում գեղեցիկ աղջիկների հետ շփվելուց» - 8 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 8 » Հարցեր հոգեբանին. «ինչու՞ են տղաները խուսափում գեղեցիկ աղջիկների հետ շփվելուց»
15:42
Հարցեր հոգեբանին. «ինչու՞ են տղաները խուսափում գեղեցիկ աղջիկների հետ շփվելուց»

Հարց – Երկար ժամանակ ինձ մի հարց է տանջում.միգուցե օգնեք հասկանալ, թե ինչու են տղաները խուսափում գեղեցիկ աղջիկների հետ շփվելուց: (Ա.Մ.)

Պատասխան- Ողջույն: Շնորհակալություն բավականին հետաքրքիր հարցի համար: Ասեմ, որ այդ փաստը ոչ միայն ձեզ, այլև շատ ու շատ գեղեցիկ աղջիկների ու կանանց է հետաքրքրում, նույնիսկ ավելին` այն դարձել է նրանց անհանգստության և մտահոգության պատճառներից մեկը:

Տղամարդկանց կարծիքով գեղեցիկ կինը պահանջում է հատուկ խնամք և ուշադրություն: Իսկ դա նշանակում է, որ նրանցից մեծ աշխատանք և ջանքեր կպահանջվեն այդ տեսակ կնոջ ցանկություններն իրականացնելու և պահանջմունքները բավարարելու համար: Հոգեբանական տեսանկյունից` տղամարդը ծույլ է իր բնույթով: Նա կարող է չափից դուրս աշխատասեր լինել, եռանդուն, այսպես ասած` «եռալ» իր աշխատանքի մեջ, մնացած ազատ ժամանակն էլ նվիրել ընտանիքի բարեկեցության ապահովմանն ու ընտանեկան խնդիրների լուծմանը: Սակայն տղամարդը ոչ մի կերպ ավելորդ ջանք չի գործադրի, ուժեր չի ծախսի գեղեցիկ կնոջ համար պայքարելու, նրան լիարժեքորեն բավարարելու և իր կողքին պահելու համար: Նա դա պարզապես չի ցանկանա և չի էլ անի: Այդ է պատճառը, որ նա խուսափում է, նույնիսկ ավելին` վախենում է գեղեցիկ կնոջից: Վախենում է սիրել նրան, իսկ հետո կորցնել: Նրան ավելի հարմար է իր կողքին ունենալ սովորական մի կին, ով աչքի չի ընկնի իր ապշեցուցիչ գեղեցկությամբ:

Շատ հաճախ է պատահում, որ գեղեցիկ կանայք իսկապես դժբախտ են լինում: Թեկուզ միայն հենց այն պատճառով, որ տղամարդիկ պարզապես վախենում են նրանցից: Նրանք վախենում են մերժված լինելուց: Սկզբից ևեթ գեղեցիկ կնոջն ընդունում են որպես սառը, օտար, խորթ, անհասանելի մի էակի: Տղամարդիկ նրան նայում են, ինչպես կնայեն թանգարանում դրված մի շատ գեղեցիկ և առանձնահատուկ իրի, որով կարելի է միայն հիանալ, իսկ մոտենալ, դիպչել, վերցնել կհամարձակվեն շատ քչերը: Պատճառները տարբեր են: Օրինակ, տեսնելով գեղեցիկ կին, տղամարդը միանգամից մտածում է. «Հաստատ նրա կյանքում բազմաթիվ տղամարդիկ են եղել, կամ միգուցե նա հիմա՞ էլ ազատ չէ»: Սա առաջին միտքն է, որ ծնվում և սկսում է անդադար պտտվել նրա ուղեղում` դառնալով իր վախի պատճառներից մեկը:

Մեկ ուրիշ պատճառ էլ կա, որը նույնպես աչքաթող անել չի կարելի: Տղամարդը կարծում է, որ ինչպես թանկարժեք և գեղեցիկ նկարն է արժանի համապատասխան շրջանակի, այնպես էլ գեղեցիկ կինը միշտ պետք է շրջապատված լինի շքեղությամբ և թանկարժեք իրերով: Այս հարցի շուրջ վիճել մի փոքր դժվարանում եմ, կարող եմ միայն ասել, որ ցանկացած կին էլ (էական չէ գեղեցիկ, թե տգեղ) չի հրաժարվի թանկարժեք արդուզարդից, ռեստորաններ, էլիտար գեղեցկության սրահներ, հայտնի առողջարաններ հաճախակի այցելելու և գրեթե միշտ ճանապարհորդելու հնարավորություններից:
Այդ դեպքում ինչու՞ վախենալ միայն գեղեցիկ կանանցից: Գաղտնիք է:

Տղամարդը խուսափում է նույնիսկ ծանոթանալ այդ տեսակ աղջկա հետ: Նա մտածում է, որ դրանով միայն ավելորդ ու անիմաստ ժամանակ կծախսի: Ենթագիտակցորեն նա նույնիսկ ուրախանում է, երբ գեղեցկուհին զուգընկեր կամ պարզապես ընկեր է ունենում: Դա, այսպես ասած, թեթևացնում է իր «հոգսը», ազատում նրան ավելորդ գլխացավանքից և մտատանջություններից:

Այսպիսով, ընդհանրացնելով պատասխանս՝ նշեմ այն հիմնական պատճառները, որոնք վախ կամ վանողական զգացողություններ են առաջացնում տղամարդու մոտ` կապված գեղեցիկ կնոջ հետ:

1. Մերժման վախ: Տղամարդը չի մոտենում գեղեցիկ աղջկան, քանի որ վախենում է նրա կողմից մերժում ստանալ: Դա վիրավորում և նսեմացնում է նրա տղամարդկային արժանապատվությունը: Դա նրա համար հարված է գոտկատեղից ներքև:

2. Տղամարդը մտածում է, որ նա դուր չի գա «տիկնիկին», քանի որ վերջինս հավանաբար բազմաթիվ երկրպագուներ ունի, իսկ նա կարող է նրանց մեջ այդքան էլ լավ չերևալ:

3. Տղամարդը գրեթե համոզված է, որ այդպիսի կինը չի կարող ազատ լինել: Նա կամ ընկեր ունի, կամ էլ արդեն ամուսնացել է: Հետևաբար, էլ ինչ իմաստ ունի փորձել մոտենալ նրան ծանոթության առաջարկով:

4. Ուժեղ սեռի ներկայացուցիչները գրեթե համոզված են, որ այդպիսի կանայք մեկ օր առանց երկար-բարակ մտածելու կթողնեն և կհեռանան իրենց կյանքից` չտալով հստակ բացատրություն: Իսկ դա կլինի այն օրը, երբ նրանք իրենցից ավելի լավին գտնեն:

5. Շատ տղամարդկանց կարծիքով գեղեցիկ կանայք միշտ հաշվարկող են լինում: Դրա համար էլ նրանք չեն կարող անկեղծորեն սիրել: Տղամարդը վախենում է, որ չի կարող բավարարել այդ տեսակ կնոջ պահանջմունքները, թեկուզ միայն ֆինանսապես:

6. Տղամարդը մտածում է, որ գեղեցիկ կինը չի կարող միշտ մեկ մարդու պատկանել: Հավանաբար նա ժամանակին բազմաթիվ երկրպագուներ է ունեցել, որոնք հետագայում կարող են նրա սիրեկանները դառնալ:

7. Տղամարդկանցից շատերը ցածր ինքնագնահատական ունեն, որը իսկապես հոգեբանական լուրջ խնդիր է: Գեղեցկուհու ուղեկցությամբ նրանք հասարակության մեջ կարող են իրենց անհարմար և ոչ լիարժեք զգալ:

Վերջում միայն մեկ բան կավելացնեմ` տղամարդիկ այդքան էլ բարդ, անհասկանալի, անկանխատեսելի և առեղծվածային արարածներ չեն, որքան կանայք: Պետք է պարզապես փորձել հասկանալ և օգնել նրանց:
Եթե կարիքը կա, ինչու ոչ, որոշ դեպքերում կարող եք նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնել, եղեք ակտիվ, ոչ միշտ է ճիշտ ամեն ինչ թողնել տղամարդու «ուսերին»:

Հարգանքներով` Անուշ Պետրոսյան:
հոգեբան


 

Բաժին: Հոգեբանություն | Դիտումներ: 1834 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar