
Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզում փրկարարները որոշել էին արտասովոր ձևով փղերին փրկել ցրտահարությունից: -40 աստիճանին մայրուղու վրա հայտնված կենդանիներին օղի էին խմեցրել, փոխանցում է RBC-ն: Ճանապարհին փղերը հայտնվել էին այն բանից հետո, երբ նրանց տեղափոխող ավտոմեքենան բռնկվել էր: Սակայն, վարորդը ժամանակին էր նկատել ծուխը և կանգ առել: Այնուհետեւ մարզիչը փղերին դուրս էր հանել, որպեսզի այս ջերմասեր կենդանիներն` իր հետ միասին վազելով մի կերպ տաքանան: «Փղերին այսօր և երեկ զննել են անասնաբույժերը: Նրանք ականջների ծայրերի մի փոքր ցրտահարություն են ունեցել», - ասել է մարզային իշխանությունների ներկայացուցիչը: Իսկ մարզչի վիճակն ավելի բարդ է` նրան ցրտահարությամբ տեղափոխել են տեղական հիվանդանոց, որտեղ նա այժմ անհրաժեշտ բուժօգնություն է ստանում: Մնացած օրը փղերն անց էին կացրել տեղական քոլեջի ավտոտնակում: Այնտեղ նրանց սթրեսից վերականգնելու և ջերմանալու համար օղի էին տվել: «Երկու արկղ օղի խառնել էին տաք ջրի հետ և տվել փղերին ... Դրանից հետո նրանք այնպիսի ձայներ էին հանում, ինչպես ջունգլիներում»: