Google կորպորացիան, ինչպես սպասվում էր, ներկայացրեց Google Music
երաժշտական ծառայությունը` նախատեսված անհատական համակարգիչների և Android
սարքերի համար (http://music.google.com/about):Հիշեցնենք, որ գարնանը Google-ը թողարկեց Music Beta by Google
ծառայությունը, որն օգտատերերին տարածություն է տրամադրում վեբ-սերվերների
վրա՝ երաժշտության տեղակայման համար (մինչև 20 000 կատարում), և ապա՝
թույլատրում տարբեր սարքերից դրանց ազատ ունկնդրումը հոսքային
ռեժիմով՝ սկսած անհատական համակարգիչներից և վերջացրած Android
սմարթֆոններով: Google Music-ը համատեղում է Music Beta by Google և երաժշտական
վեբ-խանութի ֆունկցիոնալը, որն աշխատում է Android Market-ի բազայի վրա:
Google-ը պայմանագրեր է կնքել ավելի քան 1000 ձայնագրման ընկերությունների
հետ, որոնց թվում են EMI-ն, Universal Music-ը և Sony Music-ը: Ընդհանուր
առմամբ հասանելի է մոտ 13 մլն երաժշտական կատարում, որոնցից որոշներն
անվճար են, իսկ մնացածն արժեն 69 սենթ, 99 սենթ կամ 1,29 դոլար:
Գնված երգերն ավելացվում են օգտագործողի երաժշտական հավաքածուին և
սինխրոնիզացվում նրա բոլոր համապատասխան սարքերի հետ: Երաժշտությունը
կարելի է հասանելի դարձնել նաև Google+ սոցիալական ցանցի օգտատերերի համար:
Առայժմ Google Music ծառայությունը կգործի միայն ԱՄՆ-ում: Ծառայությունը հանդիսանում է Apple-ի երաժշտական վեբ-խանութի մրցակիցը: