Ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի 14-րդ առաջնությունը: Կիեւի "Օլիմպիական" մարզադաշտում Հին Աշխարհամասի ուժեղագույն հավաքականի կոչումը վիճարկեցին գործող չեմպիոն Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականները:
Խաղը շատ ակտիվ սկսեցին իսպանացիները եւ աստիճանաբար մեծացնելով ճնշումը, հանդիպման 14-րդ րոպեին բացեցին հաշիվը: Աջ եզրից մրցակցի տուգանային հրապարակ ներխուժած Սեսկ Ֆաբրեգասը հաշվենկատ փոխանցում կատարեց դեպի տուգանային հրապարակի կենտրոն, որտեղ վրա հասած Դավիդ Սիլվան գխի հարվածով գրավեց Իտալիայի հավաքականի դարպասը:
Բաց թողած գոլից հետո իտալացիները տիրեցին նախաձեռնությանը եւ շոշափելի առավելություն ստացան: Սակայն մի քանի դրվագներում անթերի գործեց Իկեր Կասիլյասը: Առաջին խաղակեսն արդեն մոտենում էր ավարտին, երբ իսպանացիների հերթական գրոհը եւս ավարտվեց դարպասի գրավմամբ: Այս անգամ աչքի ընկավ Խորդի Ալբան:
Երկրորդ խաղակեսում աչքի ընկավ նաեւ փոխարինման դուրս եկած Ֆեռնանդո Տորրեսը: Այնուհետեւ արդեն գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած եւս մեկ ֆուտբոլիստ` Խուան Մանուել Մատան: Իսպանիան հաղթեց 4:0 հաշվով եւ երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: