Եղինջ երկտուն - Urtica dioica L. - 2 Մայիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 2 » Եղինջ երկտուն - Urtica dioica L.
19:45
Եղինջ երկտուն - Urtica dioica L.
Հայկական տարանունները` աղինճ, աղկեպ, անճիրե, բանջար, եղիճ, կճան, կճանխոտ, մռմուռ խոտ, մրմնջուկ 
Մեր հանրապետությունում հանդիպում են երկու տեսակները։ Բույսը աճում է ստվերոտ տեղերում, խոնավ անտառներում, թփուտներում, բացատներում, տնամերձ հողամասերում, ցանկապատերի մոտ և այլուր, հաճախ տալով հոծ, անանցանելի բուսուտներ։ Ծաղկում է հունիսից մինչև աշուն, պտղակալում հուլիսից։ 

Բուժման նպատակով օգտագործում Են բույսի տերևները, ծաղիկներն ու արմատը։ Չոր հումքի պահպանման ժամկետը 2 տարի է։ 

Տերևները պարունակում են վիտամիններ`C (մինչև 269 մգ%), B խումբ, կարոտին, կարոտինոիդներ, K,պանտոտենաթթու, ինչպես նաև մրջնաթթու, քլորոֆիլ, դաբաղանյութեր, խեժ, պրոտոպորֆիրին, կոպրոպորֆիրին,սիտոստերին, գլիկոզիդ ուրտիցին, ֆիտոնցիդներ, կվերցետին, կոֆեինաթթու, ֆերուլաթթու, սիլիցիումաթթու,ացետիլխոլին, հիստամին, քիմիական տարրերից` կալիում, կալցիում, երկաթ, սիլիցիում, քրոմ, պղինձ, մանգան,ալյումին, վանադիում և այլն։ Պտուղները պարունակում են մինչև 32,5% ճարպայուղ։ Մատղաշ տերևները 2անգամ ավելի շատ վիտամին են պարունակում, քան հաղարջի պտուղները, իսկ կարոտինի պարունակությամբեղինջը գերազանցում է գազարին, թրթնջուկին և ձիափշի` չիչխանի պտուղներին։ 

Եղինջը որպես դեղաբույս հնուց ի վեր հայտնի է մարդկությանը։ Բույսի տերևներն ու սերմերը օգտագործել են գլխուղեղի ախտահարումների, քթային արյունահոսության, ատամների հիվանդության, բրոնխային ասթմայի, պլևրիտների (թոքամիզ) և շնչուղիների բորբոքումների ժամանակ, հաճախ զուգակցելով մեղրի և որոշ դեղաբույսերի հետ։ Օգտագործվել է նաև բորբոքային ուռուցքները, թոքային հիվանդությունները, արգանդի արտանկվածությունը բուժելու, որովայնի վքնածությունը վերացնելու համար։ Նշվել է նաև եղինջի օգտակարությունը ջրգողության և մաշկային խոցերի դեպքում։ 

Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսի հյութը գարեջրի հետ խառնած օգտագործում են հազն ու ատամնացավը հանգստացնելու, խորխը արտազատելու նպատակով, իսկ ծեծած արմատը ջրով խմում են սրտային ցավերի ժամանակ, տրորած տերևները կոմպրեսի ձևով դնում են ճակատին` քթային արյունահոսությունը դադարեցնելու նպատակով։ 

ԽՍՀՄ-ում դեղաբույսը 1961 թվականից մտել է պետական ֆարմակոպեայի մեջ։ Գիտականորեն հիմնավորված է, որ դեղաբույսի մեջ պարունակվող քլորոֆիլն օժտված է օրգանիզմը տոնուսավորող և խթանող հատկություններով։ Այն ակտիվացնում է հիմնական նյութափոխանակությունը, արգանդի, աղիքների, սիրտանոթային համակարգի և շնչառական կենտրոնի տոնուսը։ Բույսի պատրաստուկները օգտակար են դաշտանադադարի, թութքի և այլ բնույթի արյունահոսությունների ժամանակ, կարգավորում են դաշտանային ցիկլը, կրճատում արյունահոսության տևողությունը, նպաստում ներքին օրգանների անոթների սեղմմանը։ Բորբոքային պրոցեսը շատ արագ վերանում է, արյունահոսությունը` դադարում։ Բույսի այս հատկությունը շատերը կապում են նրա մեջ պարունակվող K վիտամինի հետ։ 

Տերևներից եփուկ պատրաստելու համար 15 գ հումքը 200 մլ ջրի մեջ եփում են 10 րոպե, ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ։ Արմատից ու սերմերից եփուկ պատրաստելու համար հավասար չափերով խառնած հումքից վերցնում են 15 գ, 20 րոպե եռացնում 200 մլ ջրում, քամում, հովացնում ու ըմպում միանվագ` 2-3 ճաշի գդալ։ 

Թարախակալած վերքին դնում են տերևահյութով թրջած լաթ, կամ տերևափոշին անմիջապես ցանում են վերքի վրա։ Երբ եղնջահյութով թրջած վիրակապը դնում են արյունահոսող վերքի վրա, արյունահոսությունը դադարում է։ 

Գլխի մազաթափության, թեփոտման և ճարպարտադրության ժամանակ շաբաթը 3 անգամ գլուխը լվանում են հավամրգու, գայլուկի կոների, կռատուկի և եղինջի արմատների թունդ եփուկով։ Մազաթափության դեպքում 100 գ տերևը լցնում են 0,5 լ ջրի և 0,5 լ քացախի խառնուրդի մեջ, եփում 30 րոպե, ապա քնելուց առաջ դրանով լվանում գլուխը։ 

Հոդացավերի ժամանակ եղինջով խայթում են մարմնի ցավոտ մասերը։ 

Եղինջի եփուկի պարբերաբար օգտագործումը զգալիորեն բարելավում է շաքարախտով հիվանդների վիճակը։ 

Եղինջը մարդկությանը վաղուց ի վեր հայտնի է որպես բանջար։ Նրա մատղաշ ընձյուղներից ու տերևներից վաղ գարնանը պատրաստում են ապուր, տերևները` թթու դնում։ Կովկասում եղինջը օգտագործում են որպես համեմունք։ Բույսը սննդարարությամբ չի զիջում լոբազգիներին։ Թարմ ընձյուղներն ուտում են նաև դրանց վրա աղ լցնելուց ու թեթևակի տրորելուց հետո։ Ցողուններից պատրաստում են բարձրորակ թել, թուղթ և պարան, տերևներից կանաչ, իսկ կոճղարմատից` դեղին ներկ։

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1580 | Ավելացրեց: avrililavigne | Գնահատական: 4.3/7
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar