Այս ցնցող հայտնագործությունը հեղաշրջեց գիտական աշխարհը: Պարզվում է` կա ձուկ, որն ապրում է նաև առանց ջրի: Դա Rivulus marmoratus Poey-ն է, որ բնակվում է Ֆլորիդայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ծոցի ջրերում: Այս 4-5 սանտիմետրանոց արտասովոր ձուկը նախընտրում է պղտոր ու ճահճանման ջրերը, որոնց ափերին կան փտած ծառերի բներ ու արմատներ: Երբ այդ ճահիճները ցամաքում են, նրանք տեղափոխվում են փչակների ու ճյուղերի, խեցգետինների հին բների մեջ: Նրանք ունակ են ապրել առանց ջրի մի քանի ամիս: Երբ դարձյալ բարենպաստ ջրային պայմաններ են ստեղծվում, վերադառնում են նախկին միջավայր: ''New Scientist'' ամսագրին տված հարցազրույցում գիտնական Սքոթ Թեյլորը լույս է սփռել այս հանելուկի վրա: Պարզվում է, որ այս ձկների մոտ փոփոխվում են օրգանիզմն ու նյութափոխանակությունը: Ձևափոխվում են խռիկները, որպեսզի մթնոլորտային ճնշման պայմաններում պահպանեն հեղուկն ու սննդարար նյութերը, իսկ ազոտական թափուկները արտազատվում են մաշկի միջոցով: Սակայն ցամաքային կյանքը մարմարյա ռիվուլուսների միակ առանձնահատկությունը չի: Նրանք նաև միակ ողնաշարավոր հերմոֆրոդիտներն են. մի օրգանիզմի մեջ ունենալով արական և իգական սեռական օրգաններ` նրանք ունակ են միանձնյա բազմանալ: Թեև ցամաքում կարող է ապրել նաև մեկ այլ ձկնատեսակ` կլարիևյան սոմերը, այնուամենայնիվ ջրից դուրս ապրելու երկարատևության ռեկորդը պատկանում է մարմարյա ռիվուլուսներին: