Ծնունդդ շնորհավոր, Facebook - 4 Փետրվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 4 » Ծնունդդ շնորհավոր, Facebook
22:34
Ծնունդդ շնորհավոր, Facebook

Այսօր նրա ծննդյան տարեդարձն է: Հարկավ, մարդկությունն ավելի անհեթեթ տարեդարձներ ու հոբելյաններ էլ է նշել և նշում, այնպես որ, գրեթե անշոշափելի, բայց շատ մարդկանց կյանքում շոշափելի փոփոխությունների հանգեցրած «Ֆեյսբուք» սոցիալական վիրտուալ ցանցի 10-ամյակը այդ տեսանկյունից ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը:  Մարկ Ցուկերբերգի ու նրա մի քանի համախոհների այս «փոքրիկը», որ հարյուր միլիոնավոր մարդկանց է համախմբում «ալամ-աշխարհում», համակարգչայնացված ու ինտերնետավորված «մեկ անջատիչի» մեր քաղաքակրթության պայմաններում, անկասկած, նշանակալի երևույթ է: Ու շատ մարդիկ, ի դեպ միանգամայն լուրջ այրեր իմաստուն ու հասուն տիկնայք, տակավին քննարկում են՝ լա՞վ, թե՞ վատ բան է այդ  վիրտուալ սոցցանցը, տվյալ պարագայում՝ «Ֆեյսբուքը»: Կամ, այսպես ասենք՝ դրա օգո՞ւտն է շատ, թե՞ վնասը:  Ինչպես բազում այլ հարցերի, այստեղ էլ, ինչ խոսք, դժվար է միարժեք պատասխան տալ: Ճշմարտությունը ինչ-որ տեղ միջնամասում է:  Դե, ասենք, Մարկ Ցուկերբերգի կամ ինչպես նրան «հայացրած» երբեմն անվանում են՝ Շաքարալեռան ու նրա հետ այս «գործը» դրած ընկերների համար «Ֆեյսբուքը» ֆինանսական, մեղմ ասած՝ բարեկեցության, մի մեծ շաքարաքլոր է: Մյուս կողմից, «Ֆեյսբուքը» թույլ է տալիս հետևել շատ ու շատ, գրեթե անսահմանափակ թվով մարդկանց, առանց վերջիններիս ինչ-ինչ կասկածները հարուցելու: Մարդիկ ինչ-որ տեղ են գնում, այդ ինչ-որ տեղից «ֆայսբուքվում» են ու, խնդրեմ՝ իմանում եք նրա գտնվելու վայրը, ձեռքի հետ՝ արած-չարածը: Ասենք, Սնոուդենի «ականջը կանչած», համակարգիչների, շարժական (շատերը դրան «բջջային» են ասում) հեռախոսների, զանազան չիպերի, «Սկայպի» ու յեսիմ էլ ինչ «զրթուպրթ» ժամանակակից սարքուսուրքի միջոցով էլ են հետևում, միայն «Ֆեյսբուքը» չէ:   Որոշ մարդկանց դեպքում առանձնապես լարվելու կարիք էլ չկա. իրենք են ժամ առ ժամ հայտնում, թե ինչ են անում, ում հետ, որտեղ, ինչպես: Օրինակ, կարելի է հանդիպել նման գրառումների՝ «Լվացք արեցի»: Մի կես ժամ անց՝ «Փռեցի»: Էլի մի կես ժամ անց. «Տոլմա եմ փաթաթում», մեկ ժամից. «Երեխեքը դպրոցից եկան, մի քանի ընկերոջ «պատ» էլ նայեմ ու գնամ, հաց տամ»: Մի կես ժամից. «Լվացքը չորացավ, մտածում եմ՝ հավաքե՞մ…»: Մի երկու-երեք ժամից. «Բայց էս սկեսուրս դեմք ա, ասում ա՝ մարդդ եկել ա, փոխանակ հաց դնես, կամպյուտեր ես դնում…»: Հետո սկսվում են մարդու, այսինքն՝ ամուսնու գրառումները, հասկանալի է, արդեն իր «Ֆեյսբուքյան» պատին, եթե միայն բազմազբաղ օգտատիրուհու ընտրյալը ռուսական «Ադնակլասնիկի» ցանցի հաճախորդներից չէ: Դա արդեն ներընտանեկան լուրջ անհարմարության առիթ է, բայց մի խոսքով:  Այդ նույն «Ֆեյսբուքը» նաև ուրախության ու լավ բաների աղբյուր է: Հատկապես, «աշխարհով մեկ եղած» հայության համար: Առհասարակ, պետք է «Սկայպին» ու «Ֆեյսբուքին» հատուկ մրցանակ շնորհել՝ համայն հայության ամենօրյա շփումն ու կապը ապահովելու համար: Դա այն է, որ ընկերներ-ծանոթ-հարազատ-բարեկամներիդ համարյա 70 տոկոսը երկրից  արտագաղթել է, բայց իրենք համարյա ամեն օր «տանն են»: Այսինքն՝ գրեթե անընդհատ շփվում-հաղորդակցվում եք: «Ֆեյսբուքը» որ չլիներ, ահագին մարդիկ իրենց հին ընկերներին այդպես էլ չէին գտնի ու անկապ կկարոտեին կամ կմոռանային: Իսկ այսպես՝ կապակցված են կարոտում, իսկ մոռանալ հնարավոր չէ: Առավելագույնը, կարելի է «բլոք» անել՝ արգելափակել կամ ուղղակի «անֆրենդվել»,  այսինքն՝ դադարեցնել ընկերությունը:  Կան մարդիկ, որ օրնիբուն են այստեղ, չնայած, իրենք Ամերիկայում են կամ, ավելի թունդ՝ Նորվեգիայում: Անգամ արդեն նման սահմանում կա՝ ֆեյսբուքցի, առայժմ ավելի հազվադեպ՝ ֆեյսբուքցի հայ կամ պարզապես՝ ֆեյսբուքահայ: Ասենք, երկու հոգի զրուցում են.            

-Որտեղացի՞ ես, ընկեր:            
-Քյավառցի: Բա դո՞ւ:            
-Դե ես էլ ֆեյսբուքցի եմ… 

Հետաքրքիր է, իսկ տարիներ անց, երբ «Ֆեյսբուքը» զորակոչային տարիքի հասնի, ի՞նչ զարգացում կլինի այս առումով: Այսինքն կասեն՝ «ֆեյսբուքցի եմ, իսկ արմատներով՝ նոթբուքցի՞…»: Ինչևէ:  Ոնց ասես, որ չփորձեցին թարգմանել, տեղայնացնել այսօրվա հոբելյարի անվանումը: Էլ՝ դիմագիրք, էլ՝ սֆաթարան, էլ՝ մռթաբուք: Կատակով, իհարկե: Բայց, մեկ է, հիմնականը «Ֆեյսբուքն» է, «կնունքի» անունը: Իսկ հայերեն թարգմանությունները, հաջող թե անհաջող, կախված են նրանից, թե ով ինչով է «մտնում» այնտեղ, ըստ այդմ էլ՝ նրանց շրջակայքում դեմքեր են «շրջում» կամ ինչ-որ «սֆաթներ», պատահում են՝ մռութներ: Մարդիկ կան, որոնց գրառումներից անգամ երևում է, որ մի քանի օր չեն լվացվել:   Առհասարակ, վերջերս «Ֆեյսբուքում» ակնհայտորեն «ադնակլասնիկանալու» միտումներ են նկատվում: Այնպես որ, երևի չէր խանգարի «Ֆեյսբուքում» էլ «ֆեյս-կոնտրոլ» մտցնել, որ ամեն մեկն իր շինծու, այսինքն՝ «ֆեյք» կամ դրանից էլ ահավոր իրական մռութը չխոթեր: Բայց դե՝ համացանցը, համակարգիչն ու ստեղնաշարը հասանելի են բոլորին: Նույնիսկ նրանց, որ դպրոցում անգամ Այբուբենը չեն բացել: Ինչևէ:  «Ֆեյսբուքը» նաև աներևակայելի կերպարանափոխությունների վայր է: Այստեղ հանդիպում են ահեղամռունչ առյուծների, որ իրական կյանքում մոծակի տեղ էլ չեն անցնի: Այստեղ կարելի է հանդիպել աջուձախ «խելք բաժանող-սովորեցնող» գիդունների, որ իրականության մեջ երևի մեխ էլ չեն կարող «խփել»:  Հատուկ չեմ խոսում զանազան քաղաքական կողմնորոշումներ քարոզելու և տարածելու  գործին «Ֆեյսբուքը»   ծառայեցնելուն: Դա մի ուրիշ «կինո» է: Բայց, օրինակ, «Ֆեյսբուքի» միջոցով համախմբվելը նաև դրական կողմեր ունի: Դու կարող ես այստեղ հարյուրավոր, անգամ հազարավոր «լայքեր» ստանալ, բայց իրական քո միջոցառմանը եթե «լայքավիկների» 5 տոկոսն էլ գա, կարող ես մի առանձին «ստատուսով» այդ պահը անմահացնել::  Մի խոսքով, լավ բան է «Ֆեյսբուքը», որի տարեդարձը այսօր աջուձախ շնորհավորում են (հասկանալի է՝ «ֆեյսբուքյան» գրառումներով), անիրական տորթեր ու նույնքան անիրական կոնֆետներ են հյուրասիրում: Լավ բան է: Ինչպես մյուս «լավ բաները»՝ չափի մեջ:  Եվ հետո, ամեն մարդ ինքն է ստեղծում իր «Ֆեյսբուքը»: Նկատի ունեմ, որ ամեն դեպքում, մարդն ինքն է ձևավորում իր շրջապատը, նաև «Ֆեյսբուքում»:  Լավ եղեք ու թող դա լինի ձեր հիմնական «ստատուսը»՝ անկախ այն բանից՝ կգրառե՞ք այն ձեր «պատին», թե՞ ոչ:       

Հեղինակ Արմեն Հակոբյան

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1038 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar