Բանտային կյանքի գորշ «փայլը» - 25 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 22.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 25 » Բանտային կյանքի գորշ «փայլը»
00:07
Բանտային կյանքի գորշ «փայլը»

անցագործությունը չարիք է, իսկ հանցագործի հետագա կյանքը պարզապես դժոխք է բանտում: Այս պարզ ճշմատությունը դժվար թե վառ գույներով ընկալվեր բանտում երբևիցե չհայտնված մարդու համար, եթե չլիներ կինոն: Իր պատմության ընթացքում համաշխարհային կինոն ստեղծել է բանտային կյանքի մասին պատմող կամ բանտային տեսարաններով 2000-ից ավելի ժապավեն, որից մոտ երկու տասնյակն իր ուրույն տեղն է գտել կինոյի պատմության մեջ:

Ի՞նչ են ուզում հանդիսատեսին հասցնել այս ֆիլմերը: Այն, որ չարը պատժվո՞ւմ է բանտում: Կարծում ենք՝ ոչ, այստեղ էականը ոչ թե որևէ անձի անմեղության հարցն է, այլ այն, թե ինչ է իրականում տեղի ունենում բանտի հաստ պատերի ներսում: Ի վերջո, բանտերի մասին պատմող ֆիլմերի մեծամասնությունում գլխավոր հերոսները հանցանք չեն գործել: Իսկ նույնիսկ իրական հանցագործները բանտում դառնում են ճակատագրի զոհեր: Հիշենք «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի հայտնի տեսարանը, երբ բանտում նոր հայտնված հերոսն ասում է, որ ինքն անմեղ է, ստանում է հետևյալ պատասխանը. «Այստեղ հանցագործներ չկան, մենք բոլորս անմեղ են»: Սա նշանակում է, որ բանտերի մասին պատմող ժապավենները հիմնականում չեն ֆիքսվում անմեղին փնտրելու վրա. այս ֆիլմերին ընդհանրացնում է բանտային կյանքի դաժանությունն ու ազատության ձգտումը պատկերելու գաղափարը:
1973 թ. էկրան բարձրացած «Թիթեռնիկ» ժապավենը լիովին կարելի է հոլիվուդյան դասական համարել: Հիանալի և զգացմունքային ֆիլմ` ազատության համար մարդու անկոտրում տենչանքի մասին, ընկերության մասին, որը գոյատևում է նույնիսկ բանտի սարսափելի պայմաններում: Դրան գումարած` Դաստին Հոֆմանի և Ստիվ ՄակՔուինի հիանալի խաղը:
1989 թ. ավստրալիացի Կեն Կամերոնը նկարահանեց մի մինի-սերիալ` «Բանգկոկ Հիլթոն», որը ժամանակին ցնցեց ամբողջ աշխարհը: Ավստրալուհի Քեթը (նրան մարմնավորել է Հոլիվուդի գերաստղ Նիկոլ Քիդմանը) Թաիլանդում հանդիպում է ոմն լուսանկարչի: Ոչ մի բան չկասկածելով` Քեթը համաձայնում է վերցնել տղայի բեռի մի մասը, որի մեջ մաքսավորները թմրանյութեր են հայտնաբերում (փաստորեն, այս ֆիլմում ևս բանտարկյալն անմեղ է): Իսկ այդ երկրում թմրաբիզնեսի համար մահապատժի են ենթարկում: Քեթը հայտնվում է սարսափելի մի բանտում` տարօրինակ անվանումով` «Բանգկոկ Հիլթոն»: Եվ հենց այդ պահից էլ սկսվում է Քիդմանի հերոսուհու դաժան բանտային կյանքը:
Բանտարկյալների ծանր կյանքը նկարագրելուց փոքր-ինչ շեղվել է ռեժիսոր Մարկ Ֆորսթերը: «Հրեշների պարահանդեսը» ժապավենում նա ցույց է տվել, թե ինչ փորձությունների միջով են անցնում բանտային դահիճները` այն մարդիկ, ովքեր մահապարտների հետ են անցկացնում նրանց վերջին օրերն ու րոպեները: Այս ֆիլմի առանցքում Բիլի Բոբ Թորնթոնի հերոսն է, ով հպարտանում է, որ իր որդին նույնպես ընտրել է իրենց ընտանեկան մասնագիտությունը և դարձել է մահապարտների բանտի աշխատող: Սակայն այդ հպարտությունը վերածվում է ողբերգության այն ժամանակ, երբ նրա որդին, մահապատժի ընթացքից ցնցված, ինքնասպան է լինում:
Մեր օրերի բանտերում դեռ հնարավոր է գոյատևել, այն, ինչ չի կարելի ասել միջնադարի մեկուսարանների մասին: Լեգենդար Միլոշ Ֆորմանը 2006թ. նկարահանեց մի ֆիլմ` «Գոյայի ուրվականները», որն այնքան էլ հարուստ չէ բանտային տեսարաններով: Սակայն ռեժիսորին հաջողվել է արտահայտել ինկվիզիցիայի դարաշրջանի այն կեղտն ու չարիքը, որն առկա է եղել բանտախցերում: Ահա, այս պայմաններում գոյատևելն իսկապես շատ բարդ է եղել:

Տառապելուն զուգահեռ` բանտերում նաև երգում են: Ոմանք, դառնալով դաժանագույն ճակատագրի զոհ, իրենց վերջին երգն են երգում մահապատժից առաջ (ինչպես Բյորկը Լարս ֆոն Տրիերի «Խավարում պարողը» երաժշտական դրամայում), իսկ մյուսներն էլ սեփական ամուսիններին սպանելուց հետո «արքայավայել» կյանք են վարում բանտում, երգում ու պարում են և վերջում հայտնվում են ազատության մեջ (արդյունքում, արժանանում են բազմաթիվ Օսկարների): Խոսքը վերաբերում է Ռոբ Մարշալի «Չիկագո» մյուզիքլին, որը պատմում է մարդասպան կանանց բանտային կյանքի ու արկածների մասին:
«Բանտային» ֆիլմերի մասին խոսելիս հարկ է նշել գերմանական մի հետաքրքրաշարժ դրամա` «Փորձարկումը», որտեղ գիտական փորձարկման շրջանակներում 20 կամավոր հայտնվում են բանտում, 12-ը` որպես «բանտարկյալ», իսկ 8-ը` որպես «բանտապան»: Առաջինների խնդիրը բանտային ռեժիմի կանոնները պահպանելն է, իսկ երկրորդները պետք է կարգուկանոնը պահպանեն: Սակայն մարդկային բնությունն իրենն անում է. փորձարկումը դուրս է գալիս վերահսկողությունից այն ժամանակ, երբ «բանտապաններն» իշխանություն են ձեռք բերում և սկսում են նվաստացնել «բանտարկյալներին»:
Բայցևայնպես, գոյություն ունեն ֆիլմեր, որոնք կարելի է իրավամբ անվանել համաշխարհային «բանտային կինոյի» դասականներ: 1978թ. Ալան Փարկերը նկարահանում է մի ժապավեն, որի հիմքում ընկած է ԱՄՆ քաղաքացի Բիլի Հեյսի կյանքի իրական պատմությունը: Աննշան իրավախախտման համար թուրքական իշխանությունները Բիլիին դատապարտում են ցմահ բանտարկության: Հեյսը հայտնվում է մի աշխարհում, որտեղ իշխում են բռնությունն ու ատելությունը, որտեղ ամեն նոր օրը կարող է լինել վերջինը: Երկու ժամանոց այս ժապավենն ամբողջությամբ կենտրոնանում է բանտային կյանքի սարսափի ու դաժանության վրա, իհարկե` թուրքատյացությանը զուգահեռ:
Ֆրենկ Դարաբոնտ: Ֆրանսիական ծագումով ամերիկացի այս ռեժիսորը ստեղծել է բանտային կյանքի մասին պատմող հոգեբանական երկու դրամա, որոնք ժամանակին արժանացել են կինոքննադատների ուշադրությանը: 1994 թ. էկրան բարձրացավ նրա «Փախուստ Շոուշենկից» ժապավենը: Շոուշենկն այն բանտի անվանումն է, որտեղ ուղարկում են իր կնոջ և նրա սիրեկանի սպանության մեջ մեղադրվող, բայց իրականում անմեղ բանկիր Էնդի Դյուֆրեյնին: Թեև ֆիլմի ավարտը փոքր-ինչ հեքիաթային է, այնուամենայնիվ ֆիլմում հիանալիորեն պատկերված են բանտային դաժանությունն ու բռնությունը, ազատության տենչն ու մարդկային կամքի սահմանի մեծությունը:
1999թ. Ստիվեն Կինգի վեպի հիման վրա Դարաբոնտը նկարահանեց ևս մի բանտային դրամա` «Կանաչ մղոնը»: Այստեղ բանտարկյալներին մահապատժի են ենթարկում, ուստի կյանքը գորշ է թե մահապարտների և թե բանտապանների համար:
Վերջին տարիներին նկարահանված ևս մեկ ժապավեն՝ իսպանական «Բանտախուց 211»-ը, համաշխարհային մեծ աղմուկ հանեց: Երիտասարդ ոստիկան Խուանը մի բանտում ընդունվում է աշխատանքի, և առաջին իսկ օրը նրա համար դառնում է ճակատագրական: Այն պահին, երբ Խուանը ծանոթանում է բանտի պայմաններին, բանտարկյալները խռովություն են անում: Իր և ուրիշների կյանքը փրկելու համար Խուանը ստիպված է ներկայանալ որպես նոր բանտարկյալ:
Եվ ընդհանրապես, բանտային կյանքի մասին պատմող ֆիլմերին ընդհանրացնում է այն, որ գործողությունները տեղի են ունենում փակ գոտում` բանտում, և մարդիկ երազում են կա°մ այնտեղից դուրս պրծնել, կամ որևէ մեկին ազատել այդ դժոխքից:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 819 | Ավելացրեց: Micky-Mouse | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar