
Գոյություն ունեցող սոցիալական ցանցերի մեծ մասը հնարավորություն են տալիս 
օգտատերերին ոչ միայն շփվել միմիանց հետ, այլև  նվերներ նվիրել: Իհարկե 
դրանք վիրտուալ նվերներ են, ոչ իրական, բայց որոշ մարդկանց համար այդպիսի 
նվերն էլ հաճելի է, չէ որ դա էլ ուշադրության դրսեվորում է: Նվերներ կարելի
 է տալ օրինակ Օդնոկլասսնիկի և Վկանտակտե կայքերում: Առաջ վիրտուալ նվերներ
 հնարավոր էր 
նվիրել նաև Facebook-ում: Երկու տարի առաջ 
այդ ծառայությունը կասեցվել էր, բայց ստեղծողները չեն մոռացել նվերների 
մասին: Այժմ Facebook–ում կավելանա նոր ծառայություն, որը հնարավորություն 
կտա միմիանց նվիրել իրական նվերներ:

Ծառայությունը ստացել է առավել սպասված անունը "
Facebook Gifts":
 Նվերները կարող են լինել բազմազան: Այս ծառայության ստեղծման համար 
սոցիալական ցանցը պայմանագիր է կնքել ավելի քան հարյուր գործընկերների հետ,
 որի արդյունքում նվերների ցանկում ավելացել են ինտերիերի պարագաներ, 
տեխնիկա, հագուստ և տարբեր տեսակի համեղ ուտեստներ: Կան նաև նվերային 
սերտիֆիկատներ (օրինակ Starbucks-ից): Նվերների ցանկում կան հարյուրավոր 
իրեր, որն էլ կտա ընտրության լայն հնարավորություն:

Հարկ է նշել, որ նվերի առաքման հասցեն ընտրում է ոչ թէ նվերը ուղարկողը, 
այլ ստացողը: Նվերը ուղարկողի կողմից ընտրվելուց հետո, նվերի մասին 
տեղեկանում է ստացողը` ստանալով հաղորդագրություն հեռախոսին, կամ 
սոցիալական կայքից: Բացի այս, ստացողը կարող է ընտրել նվիրվող իրի որոշ 
պարամետրեր, այդ թվում նաև գույնը, համային հատկանիշները և ուրիշ այլ 
տարրեր: Հաստատելուց հետո ստացողը պետք է մուտքագրի հասցեն, որտեղ էլ 
կառաքվի նվերը: Առաքումը կկատարվի մի քանի օրվա ընթացքում:

Նվերը գնելու համար հարկավոր կլինի նշել ձեր կրեդիտ քարտի տվյալները, որն 
էլ հետագայում կպահպանվի սոց-ցանցի սերվերներում: Այստեղ ոչ մի արտասովոր 
բան չկա, սակայն հավանաբար սա շատերին դուր չի գա:
Սկզբնական շրջանում նվերների ծառայությունը կգործի միայն ԱՄՆ-ի տարածքում: 
Սակայն շուտով հասանելի կլինի նաև այլ երկրների օգտատերերին: Այժմ 
ստեղծողները մշակում են հավելումներ 
Facebook-ի բջջային տարբերակի համար: