Արյան կանչը - 20 Ապրիլի 2016 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 20 » Արյան կանչը
10:22
Արյան կանչը

Արյան կանչը Խրամատում կանգնած զինվորին Ն Վ Ի Ր Վ Ու Մ Է …- Էս էլ վերջը, եղբայր, հասանք,- ասաց արյունոտ ու մի քանի տեղից էլ գնդակներից քրքրված համազգեստով բոյով ու հաղթանդամ կրտսեր սերժանտը… …Դասի ավարտին դեռ մի քանի րոպե կար, սակայն Տիգրանը սկսեց անհանգիստ շարժումներով ժամացույցին նայել: Իրեն երբեք էլ առանձնապես չի հետաքրքրել ֆիզիկան, իսկ հիմա՝ առավել ևս: Բանն այն էր, որ հենց դասի ավարտից հետո Տիգրանին մի դժվարին հանդիպում էր սպասում… …Այդ ամենը սկսվեց սրանից մեկ շաբաթ առաջ, երբ իրենց դասարան բերեցին մի նոր աղջիկ Կարինե անունով: Կարինեն եկավ իրենց դասարան ու միանգամից գերեց գրեթե բոլոր տղաների սրտերը: Այդ իհարկե պիտի հետո պարզվեր, որ նա արդեն ընկեր ունի և իրենց բոլոր հույսերը ըստ էության դատապարտված են: Իսկ այն ժամանակ բոլորը հասցրեցին հիանալ նրանով ու հոգու խորքում միաժամանակ քեզ էլ ուժեղ նախանձել, քանզի կարծես մի անհաղթահարելի կանխազգացումով համակված, դասղեկը Կարինեին տեղավորեց հենց քո կողքին: Այդ նաև հետո Տիգրանը կիմանա, թե նախանձը կյանքում ինչ հզոր ու ստոր երևույթ է: Իսկ առայժմ նա, ականջի ծայրով լսելով գրականության տերյանական ռոմանտիկան, սկսեց աչքի տակով հետևել Կարինեին, որը, կարծես ոչինչ չի պատահել, նստեց իր կողքին և սկսեց պայուսակից հանել տետրակներն ու գրքերը: Տիգրանը, արյան կանչին հավատարիմ, արագորեն հասցրեց գնահատել Կարինեի մաշկի գեղեցիկ սպիտակությունը, նուրբ, ալ շրթունքներով եզերված բերանը, ծովի կապուտակի նման զուլալ աչքերը և ոսկու պես դեղին մազերը: Այդ պահին Տիգրանը հավատարիմ մնաց արյան կանչին, սակայն նրա մտքով դեռ չէր էլ անցնում, որ իսկական արյան կանչը, հզոր և անհաղթահարելի այդ ուժը, որին նա կպահպանի իր հավատարմությունը նաև հետագայում, դեռևս քնած է իր մեջ… Հենց հաջորդ դասամիջոցին էր: Տիգրանը անցնում էր բուֆետի մոտով, երբ լսեց Կարինե ձայնը. - Թող ասում եմ, ես չեմ ուզում քեզ հետ խոսել... - Սպասիր, ուր ես գնում, ես հլը լիքը բան չեմ ասել,- նրան պատասխանեց մի կոշտ ձայն: Տիգրանը հենց նոր էր կարդացել վերջացրել "Երեք հրացանակիրները", դրա համար էլ չէր կարող չմոտենալ: Իհարկե, հետո, ավելի մեծ տարիքում, հիշելով այդ ամենը, նա գուցե և կծիծաղի իր պահվածքի վրա, սակայն մյուս կողմից էլ կամացուկ, ինքն իր մեջ կհպարտանա դրանով: Ո՞վ գիտե, գուցե դա արյան կանչն էր, իսկ գուցե և այլ պատճառ կար... …Վրաստանի կայարաններից մեկում մի պահ կանգ առավ բեռնավագոններով ճակատ հայ զինվորներ տանող գնացքը: Օգտվելով դրանից՝ վագոններից մեկից ցած թռավ արդեն համազգեստ ձեռք բերած մի բոյով ու հաղթանդամ զինվոր՝ կրտսեր սերժանտի ուսադիրներով, և, հոգու խորքում զարմանալով Ստալինի չափազանց մեծ նկարի վրա, շտապեց մոտակա աղբյուրից ջուր վերցնելու: Զինվորը տեղ հասավ մի քանի այլ անծանոթների հետ միաժամանակ: Սակայն աղբյուրից արդեն ջուր էր վերցնում մի հայ կին: Անծանոթները ոչինչ չասելով ցանկացան վերցնել ու մի կողմ նետել կնոջ դույլը: - Էյ, Էյ, բատոնո, չի կարելի կնոջ հետ այդպես վարվել,- ռուսերենով սկսեց համազգեստով զինվորը: - Քո ինչ գործն է,- ռուսերենով պատասխանեց անծանոթներից մեկը,- արմենների կանանց հետ դեռ սա էլ է քիչ… …- Թող աղջկա թևը,- մոտենալով իրենից մի քանի դասարան բարձր ու իր կողմից հատկապես չսիրված տղաներից մեկին, միանգամից սկսեց Տիգրանը: - Տո դո՞ւ ով ես, քե՞զ ով կանչեց, գնա ստեղից,- կոպիտ տոնով պատասխանեց վերջինս: - Ասում եմ, թող աղջկա թևը,- շարունակեց Տիգրանը: Բարձր դասարանցին պատասխանի փոխարեն իր լիքը մարմնով առաջ եկավ և հրեց Տիգրանին: Հարվածի ուժից և անակնկալից Տիգրանը հետ եկավ ու կպավ պատին: Օգտվելով այդ դադարից՝ Կարինեն փախավ: - Դու էս ամեն ինչի համար պատասխան կտաս,- շարունակեց Տիգրանի հակառակորդը և մոտենալով նրան ու սեղմելով պատին՝ փորձեց ճկել ու տապալել գետին: Սակայն Տիգրանը, լարելով բոլոր ուժերը, սկսեց դիմադրել հակառակորդին: Չգիտես ինչու այդ պահին հիշեց, թե ինչպես էին այսքան տարիներ անց էլ իրենց գյուղում հիացած համագյուղացիները պատմում Հայրենականի տարիներին բեռնավագոնով ճակատ մեկնող իր հորական պապի մասին…: Սակայն այդ պահին Տիգրանին այլ բան չէր մնում անել, քան լարել բոլոր ուժերը, բայց դրա արդյունքում առավելագույնը, որին նա հասավ, դա հակառակորդին իր հետ տապալելն էր: Ընդ որում ընկնելիս Տիգրանը բավականի ցավոտ լոխկեց ձեռքի դաստակը: - Շուտ վերջացրեք,- լսվեց ֆիզկուլտուրայի ուսուցչի խիստ ձայնը, որից հետո երկու ուժեղ ձեռքեր բաժանեցին իրենց… …Տիգրանը շփեց դաստակի հազիվ լավացած վերքը և մի հայացք էլ գցելով ժամացույցին, սկսեց կամացուկ գրքերն ու տետրակները տեղավորել պայուսակում: Ախր ինքը դասերից հետո լուրջ խոսակցություն պիտի ունենա հենց այսօր առավոտյան իրեն մոտեցած ու երևի իրենցի մի քանի տարի մեծ, միջին բոյի, թեև բավականին ամուր մի տղայի հետ, որը ներկայացավ որպես Վահան և հավակնոտ տոնով պահանջեց դասերից հետո հանդիպել ու զրուցել: Այդ պահին Կարինեն առաջին անգամ թեքվեց Տիգրանի կողմն ու կամաց շշնջաց. - Դասերից հետո Վահանը քեզ է մոտենալու և ասելու, որ այլևս իմ կողքը չնստես: Բայց ես իրեն ասել եմ, որ քեզ հանգիստ թողնի: Ես ուզում եմ, որ մենք իրար հետ նստենք,- ասաց Կարինեն և հմայիչ ժպտաց: Տիգրանը ոչինչ չասաց: Զարմանալին այն է, որ չնայած համեմատականորեն փոքր իր տարիքին, Տիգրանի մեջ արդեն խոսում էր բավականին սթափ մտածողությունը և նա պարզորեն զգաց, որ այս օտար խաղում ինքը դառնում է մի պարզ գործիք: Միաժամանակ, սակայն, նա նաև նույնքան պարզորեն էլ զգաց, որ ողջ դասարանը տեղյակ է այս ամենի մասին և լարված իր վարքագծին է հետևում: Ի վերջո զանգը հնչեց և աշակերտները խառնիխուռն միջանցք դուրս եկան: Տիգրանը հետևեց նրանց և արդեն դպրոցի դռան մոտ նկատեց բակի խորքում ընկերների հետ կանգնած Վահանին: Վահանը մոտեցավ Տիգրանին, ողջունեց և նրանք իրար հետ մոտեցան Վահանի ընկերներին: - Ծանոթացեք,- նրան ներկայացրեց Վահանը,- սա մեր Տիգրանն է,- որից հետո, դառնալով Տիգրանին, ասաց,- այն, որ Կարինեին պաշտպանել ես, ապրես: Աչքիս բարձրացար: Բայց քեզ մի բան պիտի ասեմ: Սրանից հետո դասերին էլ Կարինեի կողքը չնստես: Տես, քեզ հանգիստ զգուշացնում եմ, որ հետո այնպես չլինի, որ իրար չհասկացած լինենք… Տիգրանը հայացքը հառեց զրուցակցի դեմքին և պատասխանեց. - Ես իմ տեղը չեմ փոխի, դու ինքդ Կարինեին ասա, որ ուրիշ տեղ նստի… - Դու ի՞նչ է, գժվե՞լ ես,- ընկերների զայրույթը զսպելով՝ ասաց Վահանը,- քեզ ասում եմ այդ տեղում այլևս չպիտի նստես: - Ես իմ տեղը չեմ փոխի, ես գործ չունեմ ձեր հետ, բայց դու էլ ինձ չպիտի ասես, թե ես որտեղ նստեմ: Զրուցողների շուրջը սկսեցին երեխաներ հավաքվել: Դրանից խուսափելու համար Վահանը առաջարկեց զրույցը շարունակել դպրոցի մոտ գտնվող գերեզմանոցում՝ ավելի առանձնացած: "Երևի ստիպված կլինեմ մի քիչ հող ուտել, բայց դե ոչինչ",- զարմանալիորեն խաղաղ մտածեց Տիգրանը և հետևեց Վահանի խմբին… … Համազգեստով ու կրտսեր սերժանտի ուսադիրներով զինվորի առջև միանգամից կանգնեց մի ցավոտ տեսարան, որ ինքը չէր տեսել, բայց որն իրեն պատմել էր իրենց գյուղի մեծերից մեկը և որը հավետ մի արնածոր վերք էր թողել իր հոգում: …Թուրք զինվորների ագահ հայացքի տակ Ախուրյանն անցնող ոչխարի մի հոտ ու գետի ափին ընկած արյունոտ մի դիակ, որը զինվորներից մեկը հրեց և գցեց ջուրը: Այդ օրվանից սկսվեց իր որբությունը… - Ասում ես արմենների կանանց, հա՞,- հանգիստ ասաց նա և ձեռքի դույլիկով մի հարված իջեցրեց անծանոթ զրուցակցի ուղիղ դեմքին: Դրանից հետո նա աջով հարվածեց անծանոթներից ևս մեկին, ճարպկորեն խույս տվեց երրորդի հարվածից և ոտքի հարվածով տապալեց նրան: Օգտվելով հակառակորդների շփոթմունքից՝ համազգեստով զինվորը արագորեն դեպքի վայրից հեռացրեց աղբյուրից ջուր տանել փորձող հայ կնոջը: Սակայն բեռնավագոններ վերադառնալիս նա մի պատի մոտ անակնկալ կերպով շրջապատվեց թաթարների արտաքինով մեկ տասնյակից ավել անձանց կողմից: "Երևի ստիպված կլինեմ մի քիչ հող ուտել, բայց դե ոչինչ",- զարմանալիորեն խաղաղ մտածեց համազգեստով զինվորը և կռանալով, արագորեն վերցրեց գետնին ընկած ռելսի շպալերից մեկը… … - Ես չեմ ուզում, որ մենք կռվենք,- անակնկալ ասաց Վահանը,- դու արդեն կռվել ես Կարինեի համար: Արի խաղաղ վերջացնենք այս ամենը: Ուղղակի մի նստիր նրա կողքին և վերջ: - Ես արդեն հինգ տարի է` սովորում եմ այդ դասարանում,- հանգիստ հայացքը հառելով Վահանի վրա՝ ասաց Տիգրանը,- և թույլ չեմ տա, որ որևէ մեկն իմ մասին ասի, թե Տիգրանը վախեցավ…: Բայց կրկնում եմ, ես ձեր հետ գործ չունեմ: Դու Կարինեին ասա, թող նա իր տեղը փոխի: - Ես կխոսեմ ձեր դասարանի տղաների հետ, նրանց կբացատրեմ իրավիճակը և կասեմ, որ ես եմ խնդրել քեզ փոխել տեղդ,- կարծես ելքը գտավ Վահանը… …- Ո՞վ կմտածեր, որ տարիներ հետո մենք նորից կհանդիպենք…,- մոտենալով զորանոցի հենց կենտրոնում նորեկների խմբի մեջ կանգնած Տիգրանին՝ զարմացած հայացքով վերից վար նրան չափեց Վահանը… Հենց նույն երեկոյան Վահանը, որը հասցրել էր իր համար բավականին յուրօրինակ դիրք ստեղծել աշխարհից կտրված, լեռների ծայրին թառած, ամպերից վերև գտնվող և աստված էլ գիտի թե երբ նրա տարածքում հայտնված եղնիկներից իր անունը ստացած այդ զորամասում, Տիգրանին հրավիրեց իր մոտ: - Հը՞, ասպետ, էլի նույնն ես մնացել, չէ՞: Քե՞զ ինչը բանակ բերեց: Տիգրանը մի պահ նայեց Վահանի դեմքին, իսկ հետո հայացքը փախցնելով պատասխանեց. - Այդպես էր պետք Վահան, պետք էր… Վահանը չկարողացավ ժպիտը թաքցնել, սակայն արագորեն իրեն հավաքեց և ասաց. - Տո ի՞նչն էր պետք, այ տղա, քո ի՞նչ տեղն է բանակը…: Քեզ համար հանգիստ նստեիր էլի քո համալսարանում: Պիտի անպայման տեսնեիր, հա՞, այս ամենը: - Ես նստեմ, դու նստես, նա նստի: Բա էս երկրի համար ո՞վ խրամատում կանգնի,- իր խոսքերի ակամա պաթոսից վատ զգալով՝ պատասխանեց Տիգրանը: - Երկրի հա՞, ասում ես երկրի՞: Տո էս երկիրը քեզ ի՞նչ է տվել, որ դու իրեն ինչ տաս: Տո էս երկիրը չի, որ… Վահանը ուզում էր շատ բան ասել և կասեր էլ, բայց նայելով Տիգրանի հասկացած ու ամեն ինչ արդեն ընկալած դեմքին, փախցրեց հայացքն ու կրկին հետ ընկավ իր անկողնու վրա. - Դու ճիշտ ես, Վահան, դու ամեն ինչում ճիշտ ես,- պատասխանեց Տիգրանը,- Դու պարզ ու տրամաբանական ես մտածում: Հասկացիր, Վահան, ես հիմար մարդ չեմ և ոչ էլ կույր եմ: Բայց ես վախենում եմ այդ տրամաբանությունից, հա, հենց այդ տրամաբանությունից եմ վախենում: Դրա երեսից է երևի եղել, որ մեր ծովից-ծով երկրից այս մի բուռն է մնացել: Դրա երեսից էր երևի, որ Կարսի պես ամրոցը առանց կռվի հանձնվեց…: Չգիտեմ, Վահան, չգիտեմ, բարդ բան ես ասում, շա՜տ բարդ: Դու մի հարց ես բարձրացնում, որի պատասխանը ես չգիտեմ: Չգիտեմ Վահան, իրոք չգիտեմ: Ու գիտես, Վահան, ես վախենում եմ: Հա, մի զարմացիր, դու ինձ լավ գիտես ու ես նույն Տիգրանն եմ մնացել, բայց ես վախենում եմ: Ես վախենում եմ այդ պատասխանն իմանալուց, հասկանո՞ւմ ես: Վախենում եմ, որ հանկարծ կպարտվեմ այդ պատասխանի անհաղթահարելի տրամաբանության առաջ... Վահանը հայացքը հառեց Տիգրանի ակամա հուզված դեմքին ու չիմացավ ինչ ասել: Նա ոտքի կանգնեց, անկողնուն մոտեցրեց զինվորական աթոռակն ու սկսեց իր պահարանի պարունակությունը շարել նրա վրա: - Գիտե՞ս, Տիգրան,- խոսակցությունը վերսկսեց Վահանը,- ես Ռուսաստանում լավ գործ էի անում ու հեչ ցանկություն էլ չունեի այս ծակում նստելու: Ուղղակի ուրիշ ելք չկար, դրա համար էլ որոշեցի գալ ու ծառայել: Ծառայել հայրենիքին,- վերջին բառերը Վահանը նետեց թեթևակի հեգնանքով: - Դու քո ընտրությունն ես արել, Վահան: Ամեն տղամարդ իր ընտրությունն ինքը պետք է կատարի: Դու էլ քոնն ես կատարել: Բայց հաշվի առ, որ պետությունն ու հայրենիքը չեն նույնանում: Դու կարող ես պետությանը չսիրել, հայհոյել նրա ղեկավարությանը, հայհոյել հաճախ տեղին, իսկ երբեմն էլ ուղղակի սրտնեղությունից, բայց հայրենիքի հետ գործ չունես: Հայրենիքը ամեն ինչից վեր, բացարձակ, վերին մի բան է... Վահանը հայացքը մի պահ հառեց ընկերոջ դեմքին, որից հետո սկսեց հյութի բանկան բացել: - Գիտե՞ս, Տիգրան, ես երբեմն նախանձում եմ քեզ պես մտածող մարդկանց: Հա, հա, իրոք…: Ապրում եք ձեր աշխարհում, հավատո՜ւմ եք…: Դե լավ, լա՜վ…, լցրու, մոտ քաշիր բաժակդ ու լցրու: Արի մի կողմ թողնենք այդ բարձր թեմաները: Դեռ կտեսնես այս ամենը, կմտածես…: Մոտ քաշիր, ասում եմ, վերցրու այս հավի բուդը: Գիտե՞ս, երբեմն մոտիկ գյուղի հետ կապ ենք պահպանում ու այնտեղից մի բարի կին մեզ բնական հյութ ու նման լավ բաներ է ուղարկում: Ընկերները լցրեցին բաժակները և Վահանն առաջինը ոտքի կանգնեց. - Այս զորամասում սեղանը սկսելու ձև կա: Ամեն սեղան նստելիս առաջին բաժակը խմվում է տղերքի կենացը…,- հետո հառաչելով ավելացրեց,- ամպերից վերև ծառայող տղերքի կենացը, Տիգրան, հասկանո՞ւմ ես... …Արդեն մի քանի ժամ էր, ինչ Տիգրանի ջոկի կեսը շարժվում էր անտառով: Իրենք սնունդ և ջուր բերելու համար հենակետից դուրս էին եկել վաղ առավոտյան ու դրա համար էլ շտապում էին շուտ զորամաս հասնել: Քայլողների մեջ տարիքով ամենամեծը Վահանն էր, իր հրաձիգը, իսկ հետո արդեն ինքն էր՝ ջոկի հրամանատար Տիգրանը: Մյուս երկուսը՝ գնդացրորդն ու օգնականը, հազիվ տասնութ-տասնինը տարեկան տղաներ էին: Ի՞նչ պատահեց, երբ հանկարծ առջևից գնացող տղաներից մեկն օրորվեց ու հառաչելով ընկավ: Տղաները հազիվ հասցրեցին նկատել դա, երբ անտառը կարծես սկսեց հնձվել: Հնձվել մի աներևույթ փայտահատի ձեռքով: Տղաներից ևս մեկն ընկավ: Առաջիններից մեկը պառկած Տիգրանն անմիջապես մարտական վիճակի բերեց ավտոմատն ու կրակ բացեց, դեռևս ինքն էլ հստակ չպատկերացնելով, թե ում վրա: Սակայն հեղեղի պես կարծես հենց ծառերից թափվող գնդակների տարափը մի պահ թուլացավ միայն այն բանից հետո, երբ Վահանը սկսեց "խոսեցնել" հաստիքային "ՊէԿա"-ն: Տղաները պառկեցին քարերի հետևում: Վահանն արագորեն գլորվեց Տիգրանի մոտ: - Թակարդն ենք ընկել, Տիգրան, երևի թուրքերի սպեցնազն է: Զգո՞ւմ ես, դրանց կողմից կրակոցների ձայն չկա: Բոլոր զենքերը գլուշիտելներով են… Տիգրանը և Վահանը քաշելով մոտիկ բերեցին երկու վիրավորներին ու մի կերպ փորձեցին վիրակապել նրանց վերքերը: Սակայն վիրավորների վիճակը անհույս էր և մի քանի վայրկյանից Տիգրանի ու Վահանի մթամած հայացքների տակ տղերքի հոգիները սավառնեցին վեր, բարձրացան վերև, ավելի վերև ու միացան ամպերից վերև ծառայող տղերքին: Եվս երկու հոգով ավելացավ էն տղերքի թիվը, որոնց կենացը կխմվի աշխարհից կտրված, լեռների ծայրին թառած, ամպերից վերև գտնվող և աստված էլ գիտի, թե երբ նրա տարածքում հայտնված եղնիկներից իր անունը ստացած զորամասում: Նման բաները դաժանացնում են մարդկանց, դաժանացնում են ու մեծացնում… - Խաչիկներ, հանձնվեք, դուք շրջապատված եք ու մեր իշխանության տակ եք: Հանձնվեք ու ձեզ ոչինչ չի լինի,- հանկարծ ռուսերենով լսվեց մի ձայն. երևի թշնամու հրամանատարի ձայնն էր: - Իրո՞ք բան չի լինի,- փորձելով ժամանակ շահել՝ ռուսերենով գոռաց Տիգրանը,- իսկ դո՞ւք ինչ պիտի անեք: Մենք այստեղ մի ամբողջ ջոկատ ենք ու հաստատ կդիմանանք՝ մինչև մերոնց հասնելը: Հանկարծ սպիտակ թաշկինակը գլխից վեր բռնած ու այն թափահարելով ադերբեջանական բանակի համազգեստով մի սպա դուրս եկավ ծառերի հետևից ու սկսեց մոտենալ փոքրիկ բացատին: Կանգնելով նրա կենտրոնում՝ նա առաջարկեց բանակցություններ սկսել. - Վահան, սպասիր ես գնամ սրա հետ խոսեմ: Մեկ էլ տեսար կարողացանք ժամանակ շահել, մինչև մերոնք կհասնեն, իսկ դու մնա դիրքերում ու նշանից բաց չթողնես այս թուրքին,- ասաց Տիգրանը: Վահանը "ՊեԿա"-ով հարմար դիրքավորվեց, իսկ Տիգրանը դուրս եկավ ու մոտեցավ թշնամու սպային: - Կապիտան Յուսուպով,- ռուսերենով ներկայացավ ադերբեջանցին: - Կրտսեր սերժանտ Պետրոսյան,- ռուսերենով պատասխանեց Տիգրանն ու սկսեց դիտել զրուցակցին: - Լսիր, կրտսեր սերժանտ, երևի դու էլ արդեն զգացիր, թե քո ջոկատին ովքեր են սեղմել,- սկսեց ադերբեջանցի սպան՝ բազմանշանակ տեսքով գլխից վերցնելով և ձեռքերի մեջ խաղացնելով բոսոր կարմիր բերետը,- այնպես որ տեսնում ես, որ դուք այլ ելք չունեք: Առաջարկում եմ չփակել մեր ճանապարհը և հանձնվել: Ես Աֆղանստան եմ անցել, դրա համար էլ խոստանում եմ ձեզ բոլորիդ կյանք… մնացածը հետո կերևա: Դու ինքնդ էլ ես հասկանում, որ դուք ուրիշ ելք չունեք: - Ելք միշտ էլ կա,- պատասխանեց Տիգրանը և աջ ձեռքը բարձրացնելով՝ բարձր ու վստահ ձայնով հրամայեց,- չկրակեք, տղերք, սպասեք, մենք դեռ խոսում ենք,- որից հետո դառնալով զրուցակցին, ասաց,- դու ինքդ հասկանում ես, կապիտան, որ մենք չենք կարող քեզ ճանապարհ տալ ու մինիմում կդիմանանք, մինչև մերոնց հասնելը: Իսկ քեզ, ինչքան հասկացա, ժամանակը սեղմում է: Դրա համար էլ առաջարկում եմ՝ թողեք ու հեռացեք: Ձեզ ոչինչ չի լինի: Կհասցնեք հասնել ձեր դիրքերին… - Լսիր, սերժանտ, ջահել տղա ես, ափսոս ես, դատարկ բաներ մի ասա: Եթե ես ուզենամ, մի վայրկյանում կլուծեմ ձեր հաշիվներն և ուղի կբացեմ մինչև ջրամբար…,- հանկարծ ադերբեջանցին զգաց, որ մի քիչ շատ է խոսել և կտրուկ ընդհատեց խոսքը: - Իմ առաջարկն ուժի մեջ է մնում, կապիտան, լա՜վ մտածիր, ձեզ հինգ րոպե ժամանակ եմ տալիս,- ինքն էլ զարմանալով իր հանգստության վրա՝ շարունակեց Տիգրանը: - Լա՜ա՜վ,- ձգեց ադերբեջանցին ու բերետը քաշեց գլխին,- կտեսնե՜նք… Զրուցակիցները բաժանվեցին ու արագորեն վերադարձան իրենց դիրքերը: - Հ՞ը, Տիգրան, ի՞նչ խոսեցիք,- միանգամից հարցրեց Վահանը իր կողքին կրկին դիրքավորված Տիգրանին: - Ես թուրքերին հինգ րոպե ժամանակ տվեցի, որ հեռանան,- կողանց նայելով Վահանին, ասաց Տիգրանը,- բայց մեր ժամանակը քիչ է, քա՞նի մագազին ունենք: - Թուրքերին ժամանակ տվեցի՞ր,- ականջներին չհավատաց Վահանը,- դու թուրքերին ժամանակ տվեցիր, որ իրենք հեռանա՞ն: - Հա, բա ինչ անեի, էդ կոտոշը առաջարկում էր, որ մենք հանձնվենք,- պատասխանեց Տիգրանը, նայեց Վահանին ու վստահ շարունակեց,- ինչքան քեզ ճանաչում եմ, դու հանձնվող պտուղը չես…: Իսկ դրանց ջոկատը խնդիր ունի Մարտակերտի ջրամբար դուրս գալ: Հասկանո՞ւմ ես…: Մի խոսքով, դրա համար էլ առաջարկում եմ հավաքել ու երկուսիս միջև կիսել մագազինները, իսկ "ՊեԿա"-ն դիրքավորել այստեղ: Մենք լրացուցիչ դիրքերում արագ-արագ դիրքերս փոխելով ու կրակելով ցույց կտանք, թե իբր այստեղ մի մեծ ջոկատ է դիմադրում: Իսկ այդ ընթացքում մեկ էլ տեսար մեր կրակոցներից ու հանած աղմուկից մերոնք օգնության եկան: Սա է մեր պլանը… - Սուվորովիս տեսեք,- փնթփնթաց Վահանը,- ախր ասում էի, որ գրքերդ քիչ կարդաս: Քեզ համար հանգիստ նստեիր էլի համալսարանումդ… - Ես նստելը կնստեի, բայց որ իմ ծանոթ լավ տղերքից մեկը Ռուսաստանի գեղեցկուհիներին ու իր ծաղկող բիզնեսը թողած եկել է այս ծակում ծառայելու, ուրեմն կյանքը ավելի բարդ մի բան է, քան ես ու դու ենք պատկերացնում… …Համազգեստով ու կրտսեր սերժանտի ուսադիրներով զինվորը ռելսի շպալը ձեռքին բռնած մեջքը դեմ տվեց պատին, որ գոնե երեք կողմից հարձակման ենթարկվելիս թիկունքը պաշտպանված լինի: Թաթարների արտաքինով անձիք սկսեցին մոտենալ: Համազգեստով զինվորը իր կյանքում առանձնապես շատ գրքեր չէր էլ կարդացել: Ուղղակի իր կյանքն էր այնպես դասավորվել, որ նա գրքեր կարդալու ժամանակ չէր ունեցել: Բայց չգիտես ինչու այդ պահին նա հիշեց մեկ միայնակ մի տեսարան. չգիտես էլ երբ էր կարդացել, երբ բորենիների կողմից շրջապատված միայնակ գայլը սեղմվել էր հաստաբուն ծառին ու ատամներն էր ցույց տալիս: Այո, այո, հենց ատամներն էր ցույց տալիս, որովհետև նա գայլ էր: Ոչ թե այլ կենդանի էր, այլ հենց գայլ և նրա բնույթն էր այդպիսին: Նա ատամներն էր ցույց տալիս երևի նաև այն պատճառով, որ նրա մեջ խոսում էր արյան կանչը ու նրա մեջ հառնել էր իր նախնիների ոգին, տղամարդկային այն ոգին, որը իսկական տղամարդուն բռնում է, ամբողջովին պարուրում և մի անհաղթահարելի ուժով բարձրացնում է տեղից ու ստիպում պայքարել: Պայքարել կատաղորեն, պայքարել անզիջում թեկուզ և անհույս իրավիճակում, պայքարել մինչև վերջ, պայքարել հանուն իր անվան, հանուն իր տեսակի անվան…: Եվ ահա համազգեստով զինվորը արյան կանչին հավատարիմ, հավատարիմ իր նախնիների կանչին, ռելսի շպալը ձեռքին մեջքը դեմ էր տվել պատին և պատրաստվում էր տալ իր մարտը, թեկուզ և դա լիներ նրա վերջին մարտը… … Հանկարծ օդը լսվեց սուլոցներով: Տիգրանի ու Վահանի շուրջը քարերը սկսեցին փշրվել, իսկ հողը՝ եռ գալ: Այդ թշնամին էր իր անաղմուկ զենքերով սկսել մարտը: - Ըհը, Վահան ջան, սկսվեց,- մռայլ ծիծաղեց Տիգրանը,- արի մենք էլ մեր նվագը սկսենք: Բայց մենակ մի բան: Արի խնայենք փամփուշտներն ու իզուր չկրակենք: Վահանը, իբրև համաձայնության նշան, գլխով արեց և գլորվեց դեպի առաջին պահեստային դիրքը: Թշնամին որոշ ժամանակ կրակով տղաների դիրքերը շոշափելուց և այդպես էլ ոչ մի բան չհասկանալուց հետո անցավ գրոհի: Տիգրանն ու Վահանը դիպուկ, միահամուռ կրակով և արագորեն դիրքերը փոխելով ստիպեցին նրան դեռ առաջին քայլերը չարած պառկել: Հակառակորդի զինվորներից մի քանիսը գնդակներից խոցված ընկան, իսկ մյուսները պառկած վիճակից կատաղորեն կրակ բացեցին: … Մեջքը պատին դեմ տված համազգեստով ու կրտսեր սերժանտի ուսադիրներով զինվորը անակնկալ քայլ արեց առաջ և հարվածեց առավել մոտ գտնվող հակառակորդներից մեկին: Դրանից հետո նա հետ քաշող հարվածով խփեց ևս մեկին և նույնքան արագ էլ ետ եկավ ու կրկին մեջքը դեմ տվեց պատին: Օդը լսվեց հայհոյանքներով ու հարայ-հրոցով… … Հ՞ը, Տիգրան դիմանո՞ւմ ես,- մոտ գլորվելով ու "ՊէԿա"-ի կոթը ուսին դեմ տալով հարցրեց Վահանը: Սակայն թշնամին սկսեց ճնշել իր քանակով: Տաս րոպեի ընթացքում թշնամու զինվորները քայլ առ քայլ, սողալով, գլորվելով, կորուստներ տալով, բայց և միաժամանակ գնդակների հեղեղ թափելով սկսեցին առաջ գալ: Վահանի կրակը հանկարծ դադարեց: Տիգրանը, ընթացքում կրակելով, սկսեց սողալով մոտենալ հերթական պահեստային դիրքից կրակը վերսկսած Վահանին, որը հատու կրակահերթերով տապալելով հակառակորդի զինվորներից ևս մի քանիսին ու ետ շպրտելով չափից ավելի մոտեցած թշնամուն՝ ստիպեց նրան կրկին պառկել: Այդ ժամանակ մոտ գլորված Տիգրանը նայեց Վահանին, որի ողջ ձախն ընկել էր գնդակների հարվածի տակ: Սակայն աջով ավտոմատը գետնին հենած Վահանը մի ձեռքով շարունակում էր մարտը: - "ՊէԿա"-ն՝ վերջ, ավտոմատիս վրա էլ վերջին մագազինն է: Հը՞, Վահան եղբայր, քո՞ մոտ ինչպես է,- հարցրեց Տիգրանը: - Փամփուշտներս հենց նոր վերջացան,- ցավով ասաց Վահանը,- դե ես էլ… տեսնում ես էլի,- Վահանը տխուր ժպտաց,- ափսո՜ս…, մերոնք ոնց որ թե չհասան… Տիգրանը կանգնեց Վահանի կողքին՝ քարի հետևում, հետո անխոս փորձեց Վահանին ոտքի կանգնեցնել ու առնել ուսի վրա: - Թող եղբայր, տենց հեռու չես գնա, ինձ թող ստեղ ու ավտոմատն էլ հետս…: Ես կպահեմ սրանց, իսկ դու գնա,- դժվարությամբ հևաց Վահանը: - Է՜է՜է, դատարկ բաներ մի ասա…: Ընկիր ուսս ասում եմ… Արդեն իմաստ չուներ դիրքերում մնալը: Ուր որ է, թշնամին կմոտենար, իսկ իրենք համարյա անզեն են: Տիգրանը Վահանին վերցեց ուսի վրա ու սկսեց այդ վիճակում ինչքան հնարավոր է արագ հեռանալ՝ երբեմն շուռ գալով և ուսից կախած ավտոմատի միահատ կրակոցներով փորձելով հեռու պահել թշնամուն: Թշնամին միանգամից զգաց կրակի թուլանալը և անցավ գրոհի: Տեսնելով հեռացող ֆիգուրը՝ թշնամու զինվորները կրակ բացեցին: Մի գնդակը խոցեց Տիգրանի ուսը, մյուսը՝ միջանցիկ անցավ ոտքի միջով, իսկ երրոդը հարվածեց թևին: Մի կերպ հաղթահարելով թուլությունը և գնդակի մի հարված էլ ստանալով՝ հազիվ մի քանի քայլ արած Տիգրանն իրեն գցեց քարերով ու ծառերով շրջապատված փոքրիկ իջվացքը: Միայն Վահանին գետնին՝ ծառի մոտ, նստեցնելով Տիգրանը անդրադարձավ, որ իրենց մտած իջվացքից միայն մի ելք կա: Մի ելք, որը մոտեցած և դիրքավորված թշնամին արդեն սկսել էր գնդակոծել… …Թաթարների արտաքինով անձիք, կրկին սիրտ առնելով իրենց մեծաթվությունից, հախուռն կերպով անցան հարձակման: Համազգեստով ու կրտսեր սերժանտի ուսադիրներով զինվորը մի քանի անգամ էլ հարվածեց ռելսի շպալով, սակայն զգաց, որ վերջ, հոգնում է: Իր զենքը ավելի շատ կսազեր երեքմետրանոց մի հսկայի, այլ ոչ թե սովորական մի մարդու… … - Խաչիկներ, դուք մեր տիրապետության տակ եք: Մենք հիմա կմոտանանք ու նռնակներով կծածկենք ձեզ: Հանձնվեք, վերջին անգամ եմ ասում: Ես ձեզ կյանք եմ խոստանում,- լսվեց ադերբեջանցիների կապիտանի ծանոթ ձայնը: … Թաթարների արտաքինով մարդկանցից մեկը կարողացավ հարվածել համազգեստով ու կրտսեր սերժանտի ուսադիրներով զինվորի դեմքին, որից նրա շրթունքը բացվեց և բերանից սկսեց արյուն գալ: Մի ուրիշ հարված էլ կպավ նրա փորին: Վերջին ճիգ գործադրելով, սակայն, համազգեստով զինվորը թափահարեց ռելսի շպալը և, ցրելով իրեն շրջապատողներին, ստիպեց նրանց որոշ հեռավորության վրա մնալ իրենից: Բայց այդ վերջին ճիգի ժամանակ շպալը դուրս սահեց նրա ձեռքից ու թռավ մի կողմ: Չկարողանալով հավասարակշռությունը պահել՝ համազգեստով զինվորը ընկավ ծնկների վրա և դժվարությամբ ձեռքերով հենվեց գետնին: - Հ՞ը, արմեն, շան պես սողում ես հա՞ մեր առաջ,- քրքջաց թաթարների արտաքինով մարդկանցից մեկը՝ երևի նրանց գլխավորը,- բա որ վերջում սողալու էիր, էլ ինչո՞ւ էիր վեր-վեր թռնում… … Բորենիների կողմից շրջապատված գայլը հետ-հետ գնաց, բացեց ատամներն ու ուռեցրեց մեջքը: Բազում մարտերում փորձված գայլը հասկացավ, որ այստեղից ինքը պրծում չի ունենա: Սակայն նա շարունակեց սպառնալից բացել ատամներն ու ուռեցնել մեջքը: Այդ պահին գայլը հավատարիմ մնաց արյան կանչին: Գայլը չէր կարող, չէ իրոք, նա չէր կարող այլ կերպ, այդ արյունը, նախնիներից եկած ու որպես մի հավատարիմ ժառանգություն նրան անցած արյունն էր, որ հզոր կանչով հառնել էր նրա մեջ, փրփրել էր, եռք էր տվել ու ստիպել էր բացել ատամներն ու ուռեցնել մեջքը… …- Էս էլ վերջը, եղբայր, հասանք,- ասաց արյունոտ ու մի քանի տեղից էլ գնդակներից քրքրված համազգեստով բոյով ու հաղթանդամ կրտսեր սերժանտը, չգիտես ինչու ուշադիր տնտղեց արյունոտված, բայց այդ վիճակում էլ իր թռիչքի հպարտությունը պահպանած արծվին՝ իր համազգեստի ձախ թևքին կարած "ՀՀ Զինված ուժեր" մակագրությամբ թևանշանի վրա, գետնին դրեց փամփուշտները սպառած և արդեն անօգուտ ավտոմատը, ձեռքը տարավ գոտուն, մերկացրեց սվին-դանակը, որից հետո վստահ հայացքը հառեց իրենից ոչ հեռու մեջքը ծառին դեմ տված ու գետնին նստած իր ջոկի հրաձիգին,- Բայց ինչ-որ ցանկություն չկա թակարդն ընկած մկան պես այստեղ մեռնելու: Հ՞ը, Վահան: Գնա՞նք մեր վերջին կռիվը տալու: Թող էս թուրքերը տեսնեն, որ հայերը համ տղամարդավարի ապրել գիտեն, համ էլ տղամարդավարի մեռնել… Վահանը վերջին ուժերը հավաքելով սկսեց դժվարությամբ ոտքի կանգնել: Գնդակների հարվածի տակ ընկած նրա ձախ ձեռքը գրեթե ընդհարմացել էր և չէր ենթարկվում տիրոջը, իսկ ձախ կողից հոսող արյունը համազգեստի ողջ ներքևի մասը ներկել էր կարմիր գույնով: Վահանը աջով մերկացրեց իր սվին-դանակը և ցավով նետեց. - Ափսոս նռնակներ չկան, Տիգրան…: Հիշո՞ւմ ես մեր թաղի դպրոցի մոտի գերեզմանը…: Հիշո՞ւմ ես, Տիգրան, որ մենք մի օր իրար հետ նստած պատասխաններ էինք փնտրում ու չէինք գտնում: Չէ՜, մի ասա…: Այդ օրը դու ինձ ցույց տվիր պատասխանը… իմ պատասխանը գտնելու ուղին: Հիշո՞ւմ ես, դու վախենում էիր այդ պատասխանը իմանալուց, վախենում էիր պարտվել նրա անհաղթահարելի տրամաբանության առաջ: Բայց հենց այդ պատասխանի, Տիգրան, հենց այդ պատասխանի մեջ է իր իսկ սեփական թուլությունը… Վահանը դժվարությամբ ուղղվեց ոտքերի վրա և, հենվելով ծնկներին, տակից նայեց Տիգրանին. - Այդ պատասխանի միակ թուլությունը, Տիգրան, որը սակայն ամբողջովին իմաստազրկում է նրան, մեկն է,- Վահանը ձեռքը դրեց Տիգրանին ուսին ու նայելով ընկերոջ դեմքին՝ ժպտաց,- նրա մեջ չկա զգացմունք, եղբայր, պարզ, հասարակ ու սովորական մի զգացմունք,- Վահանը վերջնականապես ուղղեց մեջքն ու ավելացրեց,- Մենք գտանք մեր պատասխանը, Տիգրան, ու մենք չպարտվեցինք նրա առաջ, ես ու դու՝ Տիգրան, չպարտվեցինք…: Գնանք, ինձ համար պատիվ կլինի այս վերջին մարտում քեզ հետ լինել… …Գայլը անակնկալ, սակայն վստահ, իր արյան կանչին վստահ, առաջ նետվեց, առաջ նետվեց տալու իր վերջին մարտը, առաջ նետվեց ապացուցելու, որ իր տեսակը կանգնած է մեռնում և ի վիճակի չէ սողալու, առաջ նետվեց ասելու, որ թշնամին կարող է խլել իր կյանքը, բայց ոգին, իր տեսակի ոգին նա կոտրել չի կարող, առաջ նետվեց… ուղղակի առաջ նետվելու համար, որովհետև նրա բնույթն էր այդպիսին, որովհետև իր նախնիների կանչն էր խոսում նրա մեջ և նրանց արյունն էր հոսում իր երակներում…: Գայլը մի բարձր թռիչքով իջավ բորենիների ոհմակի հենց կենտրոնում: Բորենիները, որոնք չէին սպասում այդ ամենին, խուճապի մատնվեցին և սկսեցին խանգարել իրար: Գայլը ատամները խրեց թշնամիներից մեկի կոկորդը, թաթի հզոր հարվածով տապալեց մյուսին և զգալով, որ իր մեջ կրկին հառնել է ապրելու հզոր մղումը, կարծես հրաշքով ճեղքեց թշնամիների շարքերը և հեռացավ… … - Այ տղա, էս ինչ օրին ես, հլը ֆրոնտ չհասած, արդեն կռիվ ես անում, մի քիչ համբերեիր էլի,- քրքջացին հայ զինվորները՝ բեռնավագոն քարշ տալով արդեն շարժվող գնացքին մի կերպ հասած, արյունոտված բերանով, լոխկված ձեռքերով, քրքրված համազգեստով ու կրտսեր սերժանտի ուսադիրներով բոյով ու հաղթանդամ զինվորին: - Ամեն մարդ իր կռիվն է անում, իր կռիվն է անում այնպես, ինչպես կարողանում է,- պատասխանեց վերջինս և, սրբելով շրթունքից հոսող արյունը, ոտքերը դուրս գցած տեղավորվեց բեռնավագոնի դռան մոտ… … Հեռվում, արդեն լեռների մեջ բավականին խորացած գայլը կանգ առավ, հայացքը հառեց հեռացող գնացքին և արյան կանչին հավատարիմ մի երկար ու կարոտով լիքը ոռնոցով ճանապարհեց այն… … Տիգրանն ու Վահանը սվին-դանակները դաստակների հետևում պահած դուրս եկան իջվածքից և տեսան կուռ շարքով կանգնած ու իրենց շրջապատած թշնամու զինվորներին: Վերջիններս սկսեցին առաջ գալ: Չսպասելով նրանց մոտենալուն՝ տղերքն իրենք սկսեցին վազել ընդառաջ, վազել ընդառաջ իրենց ընտրությանը, վազել ընդառաջ մի աննկարագրելի վստահությամբ, վազել ընդառաջ իրենց պատասխանները գտած մարդկանց հավատով ու համոզմունքով… P.S. Գաղտնի ԶԵԿՈՒՑԱԳԻՐ -- , -- , 201- թ. ՀՀ ՊՆ N զորամաս Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք "… ՀՀ ՊՆ N գնդի N գումարտակը, շարժվելով մեկ վաշտի կազմով ՊԲ N պաշտպանական շրջանում պաշտպանական բնագիծն անցած հակառակորդի հատուկ նշանակության դիվերսիոն խմբի դեմ, որն ըստ գերիների ցուցմունքների նպատակ ուներ պայթեցնել Սարսանգի ջրամբարը և իրականացնել մի շարք այլ դիվերսիոն գործողություններ, նրան հասավ ՊՇ N տեղամասում ու անակնկալ հարձակումով գրեթե ոչնչացրեց թշնամուն այն պահին, երբ վերջինս շրջապատել էր սվին-դանակներով զինված և կատաղորեն պաշտպանվող ՀՀ ՊՆ Զինված ուժերի համազգեստով երկու զինծառայողների… … ՀՀ ՊՆ Զինված ուժերի համազգեստով զինծառայողները ծանր վիրավորված և ուշակորույս վիճակում ուղղաթիռով հասցվել են ՀՀ ԶՈւ N հոսպիտալը, որտեղ իրականացված բժշկական միջամտությունից հետո նրանց վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն՝ առանց կյանքի համար հետագա սպառնալիքի: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ զինծառայողներից մեկը ՀՀ ՊՆ N զորամասի N գումարտակի N վաշտի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Տիգրան Վարդանի Պետրոսյանն է, իսկ մյուսը՝ նույն ջոկի հրաձիգ Վահան Գրիգորի Հովսեփյանը… … Հիմք ընդունելով ՊՇ N տեղամասում և շրջակայքում տեղի ունեցած մարտի պատկերը, գերիների ցուցմունքները, վերոհիշյալ զինծառայողների ցուցաբերած զինվորական հմտությունն ու անձնական մեծ խիզախությունը, միջնորդում եմ նրանց՝ ՀՀ պաշտպանության ժամանակ ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների համար ներկայացնել կառավարական պարգևի…" ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 535 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar