
Anonymous հաքերային խմբավորումը սկսում է «Հայոց ցեղասպանություն
նախաձեռնություն» (Operation Armenian Genocide) գործողությունների շարքն
ընդդեմ թուրքական իշխանությունների:
Youtube-ում Anonymous-ի
կողմից տարածած պաշտոնական տեսանյութում հայտնի խմբավորման անդամները
հայտարարում են, որ հունվարի 25-ը հայտարարվում է նախաձեռնության սկիզբը:
Anonymous-ը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին ճանաչել Հայոց
ցեղասպանությունն ու պատասխանատվություն կրել իրենց գործած
դաժանությունների համար: Հաղորդում է «Արմենպրեսը»:
«1915 թվականին Թուրքիան սպանել է ավելի քան 1,5 միլիոն հայերի, ինչպես
նաև հայ ժողովրդին զրկել սեփական պատմական հայրենիքից: Թուրքիան պարտավոր
է հատուցել սեփական քայլերի համար: Մենք պատժելու ենք թուրքական
իշխանություններին, մինչև նրանք չընդունեն Հայոց ցեղասպանության փաստը:
Շատերը հնարավոր է` չգիտեն Հայոց ցեղասպանության մասին, սակայն լսել են
հրեաների Հոլոքոստի մասին: Ինչպես Հոլոքոստի դեպքում Գերմանիան ընդունեց
սեփական մեղքն ու առ այսօր հատուցում է, այդպես էլ պետք է անի Թուրքիան:
Այս կոչն ուղղված է նաև այլ պետություններին, ովքեր դեռևս չեն ճանաչել
Հայոց ցեղասպանությունը»,- ասվում է հայտարարության մեջ, որն ավարտվում է
սպառնալիքով` ուղղված ընդդեմ Թուրքիայի. «Սպասեք մեզ»»: