Անկեղծության գիշեր - 17 Հուլիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 27.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 17 » Անկեղծության գիշեր
01:11
Անկեղծության գիշեր

Երեկո է: Նստած եմ պատուհանի մոտ` մի տեսակ կտրված մեր տանը տիրող խառնաշփոթից, կարծես այս մարդիկ ինձ համար չեն հավաքվել: Մտքերս ինձ առել են իրենց թևերին և տարել են հեռու, շա˜տ հեռու: Հայացքս անէություն է մատնանշում:  Տանը հյուր են բարեկամներս, ընկերներս, իսկ իմ սենյակում գլխավոր հյուրս է` անցյալս: Նա սպասված հյուր չէ մեր տանը, միայն ես եմ նրան երբեմն հրավիրում: Այսօր չեմ հրավիրել, եկել է անկոչ հյուրի պես, ինքը քիչ է, դեռ արցունքներիս էլ իր հետ է քարշ տվել: Մտավ ներս հպարտ կեցվածքով և առաջս դրեց մի փոքրիկ պահոց:

Էլի եկել ես ու կրկին բերել ես քեզ հետ այս պահոցը:

-Գիտեմ` ինձ չես սիրում, բայց նաև չես կարող առանց ինձ, ես ամբողջ կյանքում քեզ ուղեկից եմ լինելու, ուղղակի սովորիր երբեմն ինձ անտեսել:

-  Քեզ` գուցե, բայց այս պահոցը միշտ քեզ հետ է:

-   Արի բացենք մի վերջին անգամ:

Բացում եմ և միանգամից լուսավորվում է սենյակս: Բացում եմ հուշերիս պահոցը և հիշողություններս պատկեր առ պատկեր տեղավորվում են պատերին:

- Նայի´ր, օ˜, Աստվա´ծ իմ, երբևէ սենյակս այսքան լի չի եղել:

Դիմացիս պատին կողք կողքի կյանքիս երջանիկ տարիներն են: Ձախ կողմում մանկությունս է` լուսավո˜ր, ջի˜նջ: Պատկերներ են երազային այդ տարիներից: Երազ էր, որ, ավա˜ղ, շատ շուտ ավարտվեց, անէացավ կյանքիս հորձանուտում:

Աջ կողմում դպրոցական տարիներս են` ոչ պակաս երջանիկ 10 տարիներս. դպրոցական նստարաններ, գրքեր, դասեր, առաջին «սեր», առաջին «կռիվներ», հաշտություններ: Վերջին դաս, վերջին զանգ, արցունքներ և թևակոխում կյանքի նոր փուլ:

Ահա և պատանեկությունս: Սա իմ առաջին աշխատանքային տարիներն են: Այստեղ ընկերներս են. ինչ խենթ ենք այստեղ, դեռ անմեղությունը մեր աչքերից չի վերացել:

Իսկ այստեղ…

-    Չէ, չեմ ուզում, այս պատկերներն ինչու ես բերել, դու չգիտես, որ քեզ հենց այս պատկերների պատճառով է, որ մեր տանը չեն սիրում: Թո´ղ, չվերցնե´ս, ուզում եմ մի փոքր նայել:

Պատկերում մենք ենք, ես և նա` իմ նախկին միակը: Այստեղ աչքերիցս երջանկություն է հորդում, միայն նայելիս սիրտս կրկին վեր է ելնում: Ահա այգին, ահա և սրճարանը, որտեղ առաջին անգամ համբուրվեցինք: Բայց քիչ այն կողմ ես եմ և դու ես, այստեղ էլ «ՄԵՆՔ» չկանք: Այս պատկերից հետո մի սև գիծ է, մութ է, անդունդ. տառապանքի ամիսներ:

Քիչ այն կողմ ամեն ինչ այլ է, խինդ ու ծիծաղ կա այդ պատկերում:

- Հիշու՞մ ես, անցյա´լ, այստեղ էր, որ ծնողներս հավերժ դուրս վռնդեցին քեզ մեր տանից:

- Այո, բայց ես ընդունում եմ մեղքս, չափն անցել էի:

- Նայում եմ շուրջս և հասկանում եմ, որ թեկուզ դժվար, բայց երջանիկ անցյալ եմ ունեցել: Երջանիկ եմ, որ տառապել եմ, տառապանքս տվել է ինձ փորձ, երջանկությունս գնահատելու արվեստ: Երջանիկ եմ, որ այն, ինչ հիմա ունեմ, ինձ բաժին է հասել քրտնաջան աշխատանքի, երկար տարիներ դառը օրեր ապրելու շնորհիվ: Երբեմն քեզ շատ եմ կշտամբում, բայց այսօր չեմ ուզում այդպես վարվել, վերջիվերջո ես երջանիկ եմ եղել: Ներիր ինձ երբեմն քեզ հետ կոպիտ լինելուս համար, շնորհակալ եմ, որ դու կաս:

Ձգվեցի փաթաթվելու անցյալիս` այնտեղ վերադառնելու անհագ ցանկությամբ: Սակայն այդ պահին բացվեց սենյակիս դուռը և մի ակնթարթում անհետացավ ամեն ինչ: Արագ սրբեցի արցունքներս և նայեցի դռան կողմը:

- Վաղը քո կյանքի ամենակարևոր օրն է, իսկ դու արտասվում ես:

- Մամ ջան, անկեղծացել էի ինքս ինձ հետ, չէ որ վերջին գիշերս է մեր տանը:

Ներս մտավ մայրս` հազիվ զսպելով արցունքները: Գրկեց ինձ ջերմորեն, իր մայրական օրհնանքը տվեց, խնդրեց, որ երջանիկ լինեմ, շոյեց գլուխս և արցունքները սրբելով դուրս եկավ սենյակից: Երեսնիվայր ընկա անկողնուս, երկար էի լաց եղել, թե ոչ, չգիտեմ, արթնացա ուշ գիշերին` հեռախոսիս զանգից:

- Չեմ համբերում, ուզում եմ քեզ տեսնել:

- Հարսանիքից առաջ հարսնացուին տեսնելը վատ նշան է, սպասել ենք հինգ տարի, մի քանի ժամ էլ կդիմանանք:

- Ինձ սպասելու ուժ է տալիս միայն այն, որ վաղվանից դու հավերժ իմն ես լինելու:

- Հավերժ քոնը:

- Պատուհանից դուրս նայիր:

Վեր կացա, նայում էի դուրս և բառեր չէի գտնում ասելու: Փողոցը լուսավոր էր ցերեկվա նման: Մեր տան առաջ այրվում էր հետևյալ գրությունը` «ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ», իսկ շուրջբոլորը ծաղիկներ էին, շատ ծաղիկներ: Մի երիտասարդ մոտեցավ պատուհանիս, հանձնեց ինձ իմ վարդերի փունջը, գրեթե իմ չափի մի մեծ խաղալիք, մի փաթեթ էլ դրեց պատուհանագոգին և հեռացավ, իսկ դրսում դեռ բարձր հնչում է Լառա Ֆաբիանի «Ես քեզ սիրում եմ» (je t'aime) երգը:

-  Ներիր, որ ինքս չնվիրեցի, ինքդ չուզեցիր, բացիր փաթեթը:

Չկարողացա խոսել, արցունքներս թույլ չտվեցին, բացեցի նրա հետևյալ խոսքերի ներքո.

- Այս վզնոցը իր խաչով երբեք չհանես վզիցդ, այն պահապան է լինելու մեզ և մեր սիրո պտուղներին:

***

Լուսացավ: Ամեն ինչ պատրաստ է, հարսանեկան զգեստը հագիս է, իսկ փեսացուս ճանապարհին: Մեզ սպասում են եկեղեցում, օրհնվելու է այսօր մեր միությունը:

***

Այս օրից անցել է մոտ 10 ամիս: Երկու օր առաջ մեծ փորիկով էի, իսկ այսօր դուրս եմ գրվում հիվանդանոցից աղջկաս և տղայիս հետ: Դրսում ողջ հարազատությունս է, ընտանիքս, սիրելիս: Մեր երջանկությունը լիակատար է:

***

Թո´ղ ոչ մի հարսիկ չտխրի իր «անկեղծության գիշերից» հետո, թո´ղ բոլոր ամուսնությունների հիմքում լինեն սերը, հարգանքը, անսահման նվիրումը: Տե´ր իմ, ծնկաչոք խնդրում եմ քեզ, սա կարդացող բոլոր մարդկանց, պարգևիր այսպիսի երջանկություն:

 


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1190 | Ավելացրեց: Sedul1993 | Գնահատական: 4.4/7
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 3
avatar
1 Narina • 11:12, 03.08.2013
kardaluc artasveci hisheci im ancac janaparh@ 9 9 9 shat lav patmutyun e lac lac
avatar
2 Sedul1993 • 17:23, 06.08.2013
Շնորհակալ եմ
avatar
3 ARMINE • 01:27, 13.08.2013
ՏԱ ԱՍՏՎԱԾ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 4
ComForm">
avatar