երեխեք գրեք Մանկության օրեր բանաստեղծությունը ամբողջությամբԱվելացված է (16.12.2014, 22:06)
---------------------------------------------
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ 
 Մանկությա՜ն օրեր, երազի նման 
 Անցաք գնացիք, այլ չեք դառնալու. 
 Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր, 
 Ընդունակ միայն ուրախացնելու: 
 Ձեզանից հետո եկավ գիտություն 
 Յուր ծանր հայացքով աշխարհի վերա, 
 Ամեն բան ընկավ մտածության տակ, 
 Րոպե չմնաց ազատ կամ ունայն: 
 Գիտակցությունը հաջորդեց սորան. 
 Ազգի վիճակը ծանրացավ սրտիս... 
 Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը, 
 Որպես փարատիչ տրտում ցավերիս: 
 Ավա՜ղ. այդ քնարն իմ ձեռքում հնչեց 
 Նույնպես լալագին, նույնպես վշտահար, 
 Ինչպես իմ սիրտն էր, իմ զգացմունքը. 
 ՈՒրախացուցիչ չգտա մի լար: 
 Ես այն ժամանակ միայն զգացի, 
 Որ այդ ցավերից ազատվելու չեմ, 
 Որչափ իմ ազգս կը մնա ստրուկ 
 Օտարների ձեռք, անխոս, տխրադեմ: 
 Մանկությա՜ն օրեր, ինչո'ւ այդպես շուտ 
 Թռաք գնացիք, անդարձ հավիթյան. 
 Ես այն ժամանկ անհոգ ու ազատ 
 Կարծում էի ինձ աշխարհի իշխան: 
 Գերության շղթան ինձ զգալի չէր, 
 Եվ ոչ բռնության անգութ ճանկերը. 
 Ձեզանից հետո ծանրացան նոքա, 
 Ո՜հ, անիծում եմ ես այս օրերը: 
 Լո'ւռ կաց, դու քնար, այլ մի' հնչեր ինձ, 
 Ապոլլոն, հե'տ առ դարձյալ դու նորան, 
 Տո'ւր մի այլ մարդու, որ ընդունակ է 
 Զոհ բերել կյանքը սիրած աղջկան: 
 Ես պիտի դուրս գամ դեպ հրապարակ 
 Առանց քնարի, անզարդ խոսքերով. 
 Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ, 
 Խավարի ընդդեմ պատերազմելով: 
 Ներկա օրերում այլ ի'նչ սև քնար, 
 Սուր է հարկավոր կտրճի ձեռքին. 
 Արյո'ւն ու կրա'կ թշնամու վերա, 
 Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին: 
 Թո'ղ պատգամախոսը, հնացած Դելֆի, 
 Յուր եռոտանու վերա փրփրի. 
 Թո'ղ միջին դարու գաղափարներով 
 Ամբոխը խաբել ճգնի աշխատի: 
 Թո'ղ նա թարգմանե զրպարտությունը, 
 Թո'ղ մխիթարվի ծովի ափերում, 
 Մենք ազատության ենք միայն թարգման, 
 Միայն այս խոսքս ունինք բերանում: 
 "Ո'վ հայր, ո'վ դու հայր, որ երկնքումն ես, 
 Խնայիր թշվառ մեր անտեր ազգին. 
 Մի' տար զոհ գնալ թշնամիների". 
 Նա այլ չէ լսում դելֆյան հարցուկին: